«Մեր զինվորը գտել է հնարքը և «Բայրաքթարների» դեմ ունի տեխնիկական ապահովվածություն ու գիտելիքներ». Ալեքսանդր Մարկարով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը

Պարո՛ն Մարկարով, Ադրբեջանը հրաժարվում է բանակցային ճանապարհով ԼՂ հիմնախնդիրը լուծելուց։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի։

Նա մարդկանց կոչ արեց զինվորագրվել, զենք վերցնել ու պաշտպանել հայրենիքը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը։

Հայկական կողմը միշտ հանդես է եղել կառուցողական դիրքորոշմամբ՝ շեշտելով այն հանգամանքը, որ ղարաբաղյան կոնֆլիկտը չունի այլընտրանք, քան բանակցային գործընթացի միջոցով հասնել խնդրի կարգավորմանը։

Սակայն Ադրբեջանը Թուրքիայի և վարձկանների հետ միասին սեպտեմբերի 27-ին սկսելով ռազմական գործողություններն՝ ըստ էության ի չիք դարձրեց այն մոտեցումները, որ խնդիրը լուծում պետք է ստանա միայն խաղաղ կարգավորման միջոցով։

Ինչի՞ է դա բերում։ Դա բերում է նրան, որ հայկական կողմը երկու ուղղությամբ իրականացվող ռազմավարություն է ընդունել։ Մի կողմից, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, բնականաբար, ներգրավվել ենք ռազմական գործողությունների մեջ։

Այս պատերազմի գաղափարը կայանում է նրանում, որ տարածքը պետք է հայաթափվի։ Այսինքն՝ մեր պայքարը տվյալ պարագայում ոչ թե Արցախի գոյության համար է, այլ նաև հայության իրավունքի համար է՝ ապրելու այն պատմական վայրում, որտեղ մենք ապրում ենք։

Դրան զուգահեռ հայաստանյան կողմը շարունակում է միջազգային հանրությանն իրազեկելու գործողությունները՝ ուղղված նրան, որ Ադրբեջանին ոչ միայն հայկական կողմի, այլ նաև միջազգային կառույցների ուղերձները պետք է հասնեն, որոնց իմաստը այն է, որ վերադարձեք բանակցային սեղանի շուրջ, որովհետև ռազմական գործողություններով դուք չեք հասնի ձեր առաջ դրած խնդիրներին։

Այսինքն՝ առաջինը՝ Հայաստանը կառուցողական դիրքորոշում ցուցաբերելով՝ շեշտադրում է ռազմական ճանապարհով խնդրի լուծման անհեռանկարային լինելը։ Երկրորդ՝ ստեղծված իրավիճակում, բնականաբար, մենք պետք է զենքի ուժով իրականացնենք այն, ինչին հասել ենք 1994 թվականին՝ պարտադրելով Ադրբեջանին փաստաթղթի ստորագրմանը։ Երրորդ՝ պետք է շարունակել աշխատանքը միջազգային հանրության հետ, որը ևս պետք է իրականացնի գործողություններ, որ Ադրբեջանը ցուցաբերի բանականություն, ոչ թե այլ մոտեցում։

Մոտ ապագայում բանակցելու հնարավորություն կա՞։

– Եթե մենք խոսում ենք բանակցային գործընթացին վերադառնալու մասին, պետք է արձանագրենք հետևյալը. եթե Բաքուն ասում է՝ բանակցությունները հնարավոր են, դնում է նախապայմաններ, որոնք բացարձակապես ընդունելի չեն մեզ համար։ Այսինքն՝ այն մոտեցումը, որը թվացյալ ձևով ներկայացվում է Ադրբեջանի կողմից, որ նրանք փորձում են խաղալ խաղաղության խաղը, բացարձակապես չի բխում տրամաբանությունից։

Եթե մենք խոսում ենք բանակցային գործընթացին վերադառնալու մասին, այն հնարավոր է մի կողմից այն դեպքում, եթե մենք պարտադրելու ենք Ադրբեջանին այդ բանակցությունները։ Երկրորդը՝ եթե նրանք ստանան համապատասխան ազդեցություն, այդ թվում՝ Թուրքիայի կողմից, որի վրա ևս պետք է ճնշում գործադրել։

– Մարտի դաշտում վերջին օրերին հայկական կողմը կարծես առավելություն է ստանում, ինչպե՞ս կարող է փոխվել իրավիճակը։

– Մենք խոսում ենք այն մասին, որ իրավիճակը շարունակում է լինել կայուն-լարված։ Եվ այս լարվածությունը, բնականաբար, բերում է նրան, որ կողմերից ոչ մեկն այսօր չի կարող հստակ ասել, որ ռազմական գործողություններում բեկում է տեղի ունեցել։ Եթե մենք տեսնենք այն բեկումը, որը 1993-94 թվականներին Ադրբեջանին բերեց այն իրականությանը, որ նրանք ստորագրեցին փաստաթուղթը, որում եղել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչի ստորագրությունը, իհարկե դա հնարավոր տարբերակներից մեկն է։ Սակայն, դատելով այսօրվա ստացված տեղեկություններից, մենք տեսնում ենք, որ մարտական գործողությունների առումով իրավիճակը շարունակում է մնալ կայուն-լարված, որտեղ ամեն կողմը կրում է համապատասխան կորուստներ։

Իհարկե մեզ համար շատ ցավալի է, որ մեր կողմը ստիպված է ռազմական գործողություններ իրականացնել, որովհետև պաշտոնական տվյալներով՝ արդեն ավելի քան 800 զոհ ունենք։ Մենք տեսնում ենք, որ առայժմ Ադրբեջանը փորձում է օգտագործել ռազմական ռեսուրսը։

Նորից եմ ասում՝բանակցություններին վերադարձը հնարավոր է՝ ունենալով մի քանի ուղղություններով իրականացվող աշխատանք՝ և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական՝ ուղղված համապատասխան ճնշմանը։ Այսինքն՝ բազմագործոն էլեմենտներ պետք է դիտարկվեն՝ ոչ ռազմական իրավիճակ ստանալու համար։

– Այս պատերազմում թուրք-ադրբեջանական կողմը մեծ թվով օդուժ է կիրառում, նաև՝ անօդաչու թռչող սարքեր։ Վերջին օրերին փաստեր կան, որ հայկական կողմը խոցում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներ։ Սա արդյոք կարո՞ղ է փոխել իրավիճակը՝ հօգուտ մեզ։

– Մենք գործ ունենք հինգերորդ սերնդի պատերազմի հետ, որում էական դերակատարություն ունեն ոչ միայն հայ զինվորի մարտական ոգին, այլ նաև համապատասխան սպառազինությունը և ժամանակակից սպառազինության դեմ պայքարելու հնարավորությունը։ 

2016 թվականի փորձը մեզ ցույց տվեց, որ անօդաչու թռչող սարքերն իրոք լուրջ մարտահրավեր են մեր ռազմական գործողությունների ծավալման համար։ Եվ այսօր խնդիրն այն է, որ անհրաժեշտ է ապահովել պայքար նաև ԱԹՍ-ների դեմ։

Թե ինչքանով է դա հաջողվելու՝ դա ևս կարևոր հատված է ռազմական գործողությունների հաջորդ փուլի համար, որովհետև պայքարն այս ԱԹՍ-ների դեմ ենթադրում է և՛ ավելի հաջողակ պաշտպանություն, և՛ ավելի հաջողակ հարձակողական գործողությունների իրականացում, որովհետև այս սարքերն ունեն համապատասխան գործառույթներ՝ կապված և՛ հետախուզական գործունեության, և՛ վնաս հասցնելու տեխնիկայի հետ։

Եվ պայքարն այս միջոցների դեմ պետք է ունենա և՛ տեխնիկական, և՛ գիտելիքների, հմտությունների հնարավորություն, և՛ համապատասխան հետագա գործողությունների պլանավորում՝ հաշվի առնելով այս հինգերորդ սերնդի ռազմական գործողությունների տրամաբանությունը։

– Վերջին օրերին բեկում կա՞ այդ ուղղությամբ։

– Ես չէի ասի բեկում, բայց մենք տեսնում ենք, որ դրանք խոցելի են։ Իսկ եթե դրանք խոցելի են, դա նշանակում է, որ մեր զինվորը գտել է և պայքարի միջոցները, ուրեմն ունի պայքարի այն միջոցները, որոնք կարևոր են այս ԱԹՍ-ների դեմ։

Դա կարևոր է, որ մեր զինվորը գտել է հնարքը և ունի համապատասխան տեխնիկական ապահովվածություն ու գիտելիքներ, որոնք թույլ են տալիս պայքարել թշնամու այս զինատեսակի դեմ։

MediaLab.am

Ռոզա Հովհաննիսյան