«Այն խաղի կանոնները, որ այսօր ուրվագծված են, իսկապես թույլ են տալիս հայտարարել, որ օլիգարխիա չկա». ԲՀԿ պատգամավոր

«Այն խաղի կանոնները, որ այսօր ուրվագծված են, իսկապես թույլ են տալիս հայտարարել, որ օլիգարխիա չկա». ԲՀԿ պատգամավոր
«Այն խաղի կանոնները, որ այսօր ուրվագծված են, իսկապես թույլ են տալիս հայտարարել, որ օլիգարխիա չկա». ԲՀԿ պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

– Պարո՛ն Բագրատյան, ՀՀԿ-ի կողմից Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տապալելուց հետո «Ծառուկյան դաշինք» և «Ելք» խմբակցությունները ևս մեկ արտահերթ նիստ են նախաձեռնել նույն օրակարգով։ Ինչո՞վ են կարևոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, բացի ռեյտինգային ընտրակարգի վերացումից, հատկապես ո՛ր կետերի շուրջ է, որը ձեր կարծիքով անխուսափելիորեն պետք է փոխվի օրենսգիրքը։

– Ես անչափ կարևորում եմ զինվորականների քվեարկության կարգը։ Նախկինում զորամասի հրամանատարը տեղամասում կանգնում էր քվեատուփի մոտ և վերահսկում զինվորների քվեարկությունը։ Բնականաբար, այդ պայմաններում զինվորների կամարտահայտությունը չի արտացոլվում իրական ընտրությամբ, այլ հրամանատարի հրամանով է կարգավորվում։ Սա խիստ վտանգավոր է և երկար ժամանակ ծառայել է միայն նախկին իշխանություններին։ Հիմա այս փոփոխություններով մենք առաջարկել ենք, որ զինվորները և հրամանատարները քվեարկեն տարբեր տեղամասերում։ Սա, իհարկե, շատ լավ է, և ես շատ կափսոսամ, եթե չկարողանանք ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։

– Վտանգ կա՞, որ այս օրինագիծը հաջորդ անգա՞մ էլ չի ընդունվի ՀՀԿ-ի բոյկոտի պատճառով։ Նաև ԲՀԿ-ից 4 պատգամավորներ այս անգամ չմասնակցեցին քվեարկությանը, որոնք հաջորդ անգամ խոստանում են մասնակցել։ Արդյոք տեղի ունեցածը դուք համարո՞ւմ եք սաբոտաժ ՀՀԿ-ի կողմից։

– Սա պարզ թվաբանություն է, ըստ որի՝ ՀՀԿ-ից իրապես 18 պատգամավորներ, որոնք ստորագրել էին, որ համաձայն են արտահերթ ընտրություններն անցկացնել դեկտեմբերին, և եթե համարում ենք, որ այդ 18 պատգամավորները կողմ են Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, ստացվում է, որ 65 պատգամավոր պետք է որ քվեարկեն հօգուտ այդ փոփոխությունների։

Բնականաբար, դա տեղի է ունենալու բոլորի համար տեսանելի, և՛ լրատվամիջոցները, և՛ քաղաքական ուժերը հետևելու են, որ տեսնեն՝ իրոք կա՞ սաբոտաժ, թե՞ չկա։ Նախօրեին Ընտրական օրենսգրքի քվեարկությունը ցույց էր տալիս, որ եթե անգամ մեր 4 պատգամավորները ներկա լինեին, մենք կունենայինք 60 կողմ ձայն, ու նորից Ընտրական օրենսգիրքը չէր անցնելու։ Բայց մենք մեր հնարավորությունն օգտագործել ենք, մեր բոլոր գործընկերներին խնդրել ենք, որ անպայման ներկա լինեն։

– Սպասելի՞ էր նման բան, որ օրենսգրքի փոփոխությունները կտապալվեն։

– Իհարկե սպասելի էր, բայց որպեսզի հասկանանք՝ դա սաբոտա՞ժ էր, թե՞ ոչ, այս նոր քվեարկությունը դա լիարժեք ցույց կտա։

– «Ելք» խմբակցությունը երեկ վարչապետի թեկնածու առաջադրեց Նիկոլ Փաշինյանին և կոչ արեց չընտրել նրան, մյուս կողմից՝ չգիտենք, թե ի՛նչ ճակատագիր կունենան Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Այս փուլն ինչպե՞ս եք գնահատում, հնարավո՞ր է իրավիճակի կտրուկ փոփոխություն լինի, և ՀՀԿ-ն որոշի ընտրել Նիկոլ Փաշինյանին՝ դրանով խուսափելով արտահերթ ընտրություններից։

– Ինտրիգ կա այդտեղ, բայց ես կարծում եմ, որ պետք է ողջամտության սահմաններում լինի ամեն ինչ։ Եթե մենք որոշել ենք որոշակի համախոհության պայմաններում խնդիրները լուծել, պետք է հանձնառու լինենք մեր պարտավորություններին, չպիտի առիթից օգտվել և լրացուցիչ բարդություններ ստեղծել, որովհետև կարծում եմ՝ խաղի կանոններն ընդունվել են բոլորի կողմից։ Կա այլակարծություն, կա որոշակի մերժում ՀՀԿ-ի կողմից։

ՀՀԿ-ն հայտարարում է, որ պատրաստ չէ դեկտեմբերին ընտրություններին և դեմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքին։ Այդ դիրքորոշումը պարզ է, բայց դրանից զատ մենք ունենք 65 պատգամավոր, որոնց հետ պետք է աշխատենք, որ կարողանանք անցկացնել օրենսգիրքը։ Նաև վարչապետի առաջադրվելու հարցը կա, երբ օրենսդրությունը պահանջում է, որ անպայման պետք է վարչապետի թեկնածու առաջադրվի, բայց չանցնի, որ հնարավոր լինի հասնել արտահերթ ընտրությունների։ Հիմա այդ քայլը ևս կատարվել է, Փաշինյանը թեկնածու է առաջադրվել։ Իհարկե, ապահովագրված չենք, որ կարող է փորձեն վարչապետ ընտրել, բայց ողջամտությունը թույլ չի տալիս ինձ մտածել, որ իսկապես կընտրեն Փաշինյանին այդ պաշտոնում՝ դրանով խանգարելով այն սցենարը, որը նախատեսված է։ Քաղաքականության մեջ ասում են՝ երբեք մի՛ ասեք երբեք։

– Արմեն Աշոտյանը նախօրեին կոչ էր անում իշխանություններին իրենց իշխանության սխալները չգործել, բավականին հետաքրքիր գնահատականներ էր հնչեցնում, շատ անկեղծորեն նշում էր՝ մեծ-մեծ մի՛ բրդեք, մեր սխալները թույլ մի՛ տվեք։ Կարծում եք՝ հին իշխանությունը դասեր քաղե՞ց տեղի ունեցածից։

– Ցավոք, երբ մենք բավականին ժամանակ քննադատում էինք նախկին իշխանություններին, մենք միշտ շեշտում էինք, որ որևէ բան հավերժ չէ։ Մենք միշտ փորձել ենք իշխող ուժին հուշել, որ մի օր ավարտվելու է նաև իրենց իշխանությունը։ Եթե ականջալուր լինեին, և կառուցողական քննադատության դեպքում շտկումներ արվեին, շատ ավելի երկար կլիներ իշխանության ղեկին այդ քաղաքական ուժը։ Ցավոք, հեղափոխությունից հետո դասեր քաղելը ուղղակի մի քիչ լուրջ չեմ ընդունում, որովհետև արդեն ոչ թե դաս ես քաղում, այլ պատժի զգացումն է քեզ անընդհատ հետապնդում։

Դու հասկանում ես, որ պատժվել ես, և ափսոսանք ես զգում քո զբաղեցրած դիրքը և հանրային ընկալման մեջ որպես իշխանություն այլևս գոյություն չունենալը ֆիքսելու։ Լավ է, որ խորհուրդ են տալիս ներկայիս իշխանություններին իրենց սխալները չկրկնել, բայց պետք է նայենք, որ նաև ռեժիմների տարբերություն կա։ Մի բան է հեղափոխությամբ իշխանության գալը, արտահերթ խորհրդարանական ընտրությունը, այլ բան է նորմալ, էվոլյուցիոն ճանապարհով իշխանություն վերցնելը։

Այսինքն՝ երբ ժողովրդական լայն զանգվածները պատրաստ են աջակցելու իշխանությանը, այստեղ այլ ռեժիմ է, որը նույնպես պատասխանատվության մեծ ռեսուրս պետք է ունենա, որովհետև հաճախ ժողովուրդը կարող է քեզ թելադրել քայլեր, որոնք, օրինակ՝ արտաքին հարաբերություններում չդիտարկվեն այդ պահին ճիշտ քայլ։ Ինքն ունի վտանգներ, այսինքն՝ պետք է պետականությունը և իշխանությունը տարանջատել։ Պետականությանն առնչվող խնդիրները պետք է չդիտարկել քաղաքական հարթությունում։ Այստեղ շատ մեծ վտանգներ կան, որ կարող է իսկապես ոչ բոլոր գործիչները պատրաստ լինեն մեծ իշխանություն ունենալու գայթակղությանը։

– Ձեր կարծիքով, արդյոք հաջորդ խորհրդարանը իր որակով, կադրերով տարբերվելո՞ւ է գործող ԱԺ-ից, իսկապես զե՞րծ է մնալու գործարարներից, օլիգարխներից, ինչպես այդ մասին նշում է Նիկոլ Փաշինյանը։

– Նիկոլ Փաշինյանը մի կարևոր հայտարարություն արեց, որ օլիգարխներ այլևս չկան։ Նա ոչ թե նկատի ուներ, որ կախարդական փայտիկով օլիգարխները վերացան, այլ նկատի ուներ, որ եթե այլևս որևէ պետական պաշտոնյայի թույլ չեն տալու զբաղվել բիզնեսով և որևէ բիզնեսմեն հովանավորչություն չի ունենալու, հետևաբար, օլիգարխիա չի ձևավորվելու։

Նա նկատի ուներ, որ այս պահին այլևս չկան այդպիսիք։ Բնականաբար, նախկինում եղել են, իսկ հիմա դրանց չլինելը հիմնավորվում է այն քաղաքականությամբ, որը ներկա իշխանությունն իրականացնում է։ Համոզված եմ, որ եթե չշեղվեն այս կուրսից, իհարկե, չի կարող օլիգարխիա ձևավորվել։ Օլիգարխիա ձևավորվում է, երբ մենաշնորհների են տիրապետում, երբ օգտագործում են իշխանական լծակները՝ իրենց բիզնեսի համար։

Այն խաղի կանոնները, որ այս պահին ուրվագծված են, իսկապես կարող ես հայտարարել, որ օլիգարխիա չկա։ Նույնիսկ այն օլիգարխները, որոնք նախկինում եղել են, նրանք կա՛մ շատ արագ կորցնելու են իրենց ստեղծած անօրինական կապիտալը, կա՛մ հարմարվելու են նոր խաղի կանոններին։ Բայց նաև անպայման պետք է վերադարձնեն պետությունից գողացածը, դա պարտադիր պայման է, որը չի կարելի անտեսել։ Դա դժվար ու վիրավորական կլինի նոր գործարարների համար, որոնք անհավասար պայմաններում չեն ցանկանա գործել։ Օրինավոր գործարարին դու չես կարող ոչինչ ասել. եթե պարզվի, որ թաքցված հարկեր կան, դրանք պետք է վճարել, դա այլ ռեժիմ է։

– Բայց նոր խորհրդարանում նման գործարարներ կլինե՞ն։

– Վստահ եմ՝ ո՛չ, որովհետև քաղաքական կամք կա, որ գործարար չպետք է լինի հաջորդ խորհրդարանում։ Վստահ եմ, որ չեն լինելու։

Մանե Հարությունյան

MediaLab.am