«Քաղաքացին վճռականություն է պահանջում, երբ նա տեսավ այդ վճռականությունը՝ դուրս է գալու պայքարի». Դավիթ Սանասարյան

07-04-2018
2481 դիտում
«Քաղաքացին վճռականություն է պահանջում, երբ նա տեսավ այդ վճռականությունը՝ դուրս է գալու պայքարի». Դավիթ Սանասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հասարակական գործիչ, «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը։

- Արդեն մի քանի օր է՝ «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնությունը տարբեր ակցիաներ է իրականացնում Երևանում, նախօրեին էլ իրազեկման երթ և «Օգնենք Սերժին գնա թոշակի» ակցիան իրականացրեցիք։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում հանրային տրամադրությունները, և ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը։

- Իրազեկման երթի ժամանակ մենք լավ տեսնում ենք հանրության վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ, երբ մարդիկ պատռում են նրա նկարն ու հայհոյում։ Քաղաքացիների հետ զրույցներում տեսնում ենք, որ քաղաքացին վճռականություն է պահանջում, երբ նա տեսավ այդ վճռականությունը՝ դուրս է գալու պայքարի։ Ստեղծված իրավիճակը հակադարձ համեմատական է քաղաքացու շահերին։ Այսինքն՝ այս իրավիճակում քաղաքացին երկու ելք է տեսնում՝ կա՛մ գնում է երկրից, կա՛մ ծանր պայմաններում շարունակում է ապրել։ Քաղաքացու պահանջը քաղաքական ուժերից ու գործիչներից այն է, որ միասնական փորձեն այս վիճակից դուրս գալ և վճռական լինեն։ Երեկվա միջոցառման ժամանակ էլ պարզ դարձավ, որ հասարակության մասնակցության տրամադրվածությունը կա, որ չունենանք Սերժ Սարգսյանին որպես ռեժիմի շարունակություն։

- Դուք զուգահեռաբար և՛ «Մերժի՛ր Սերժին», և՛ «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքներին եք ներկա լինում։ Սրանք փոխկապակցվա՞ծ գործողություններ են։

- Ոչ թե ներկա եմ լինում, այլ ես լինելու եմ այնտեղ, որտեղ միավորվելու հնարավորություն կա, որտեղ քաղաքացու շահը պաշտպանելու խնդիր կա։ Ինձ համար բոլորովին կապ չունի, թե գործողությունն ո՛ւմ կողմից է արվում։ Եթե կա խնդրի ճիշտ ձևակերպումը, ես կլինեմ այդտեղ։ Իհարկե, եթե հիմա Ռոբերտ Քոչարյանը ճիշտ ձևակերպում անի, բնականաբար, ես որևէ կերպ դրան չեմ արձագանքի։ Հիմա երկու նախաձեռնություններում էլ ես կազմակերպչական ֆունկցիա եմ ինձ վրա վերցրել։ Մենք ոչ թե պետք է համակրենք այս կամ այն ուժին, այլ պետք է համակրենք գաղափարը, որը կբերի Հայաստանում փոփոխության։ Մենք ապրիլի 9-ին տոնելու ենք Սերժ Սարգսյանի հեռացումն իշխանությունից, որովհետև հենց այդ օրը Սերժ Սարգսյանը որևէ պաշտոն չի ունենալու։ Այդ օրվանից սկսած 8-օրյա պատուհան կա։ Կա՛մ մենք պայքարում ենք, և այդ 8 օրը դառնում է հավերժություն, և այլևս հավերժ չենք ունենում Սերժ Սարգսյան պաշտոնյա երկրում, կա՛մ շարունակում ենք հավերժ մինչև Սերժ Սարգսյանի կյանքի վերջ։

- Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է անում ապրիլի 9-ին երեք քաղաքական ուժերի կազմակերպած հանրահավաքներին մասնակցել։ Նա նաև կոչ է անում գնալ և շրջապատել պատգամավորների բնակարանները, պահել նրանց տներում, որ չմասնակցեն ԱԺ նիստին։ Այս տարբերակները ձեզ համար ընդունելի՞ են, թե՞ ոչ։

- Ինձ համար ընդունելի են բոլոր տարբերակները, որոնք կտանեն հաջողության, իհարկե, մեր բոլորի կողմից հայտարարած սկզբունքների շրջանում։ Ես Նիկոլ Փաշինյանի այդ կոչին տեղյակ չեմ, բայց ամեն դեպքում ամեն քայլ պետք է արվի։ Հիմա լսելով այդ կոչի մասին՝ պատգամավորները փախեփախ են լինելու, իրենց բարեկամների կամ իրենց մյուս տներում են մնալու։ Այնպես որ, ամենակարևորն այն է, որ թույլ չտանք պատգամավորներին մասնակցել ԱԺ-ում կայանալիք այդ կեղծ պրոցեսին։ Իսկ թե ինչպե՛ս կանենք, դա մեծ հաշվով էական չէ, կարևորը՝ թույլ չտանք, որ նրանք մասնակցեն ԱԺ-ի կեղծ պրոցեսին։

- Նա նշել է, որ 50.000 մարդ է անհրաժեշտ ԱԺ-ն շրջափակելու համար։ Դուք արե՞լ եք հաշվարկներ։

- Ես մի հաշվարկ տեսել եմ, մոտավորապես 50.000 քաղաքացի է անհրաժեշտ, բայց ես վստահեցնում եմ, որ անգամ 20.000-ի դեպքում ՝ հնարավոր հաջողություն գրանցել։ Իհարկե, թիվը շատ կարևոր է, բայց ավելի կարևոր է այն, թե ի՛նչ տրամադրություններ կան, վճռակա՞ն են արդյոք առաջին շարքից մինչև վերջին շարք կանգնած քաղաքացիները, թե՞ ոչ։ Այնպես որ, հնարավոր է 5000-ով էլ լուրջ հաջողությունների հասնել, ամեն ինչ կախված է բովանդակությունից։

- Ընդդիմությունը չհաջողելու դեպքում միշտ հանրությանն է մեղադրել։ Այս անգամ էլ, եթե չհաջողի, նո՞ւյնն է կրկնվելու։

- Ես համաձայն չեմ ընդդիմադիր ուժերի հետ, որ հանրությունն է մեղավոր։

- Իսկ եթե չհավաքվե՞ց...

- Ես չեմ մտածում եթե չհավաքվելու տարբերակի մասին, որովհետև իմ խնդիրն այսօր այն  է, թե ես ի՛նչ եմ անելու, որ հանրությունը հավաքվի։ Դրա համար այս պահին այս հարցն ինձ համար փակ է։

Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո Էդուարդ Շարմազանովը և իր ընկերները հայտարարում էին, թե՝ տեսաք, ժողովուրդը դուրս չեկավ փողոց, նշանակում է ընդունել են ՀՀԿ-ի լեգիտիմությունը։ Եվ հիմա պետք է թույլ չտալ, որ նույնը կրկնեն Սերժ Սարգսյանի՝ վարչապետ նշանակելու առիթով։

- Կարծում եք՝ այս անգամ ընդդիմությունը ճի՞շտ է քայլերը հաշվարկել։

- Ես գնահատական չեմ տալու հաշվարկների ճիշտ կամ սխալների վերաբերյալ։ Մենք պատրաստվում ենք գործողությունների։

Մանե Հարությունյան

MediaLab.am