Սերժ Սարգսյան. զենքով երկխոսողը

21-04-2018
3192 դիտում
Սերժ Սարգսյան. զենքով երկխոսողը

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին դիմել է երկխոսության կոչով։ Սա այն է, ինչը 2008-ին չարեց Ռոբերտ Քոչարյանը։ Նա միանգամից կրակեց։ Սերժ Սարգսյանը ձեռքը զենքին է հրավիրում երկխոսության։ Որովհետև ասում է՝ երկխոսությունը պետք է անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով։

Իսկ ո՞վ է այս երկրում անդառնալի կորուստներ պատճառողը։ Իհարկե իշխանությունը։ Մինչ այդ Սերժ Սարգսյանը պիտի կարողանա մաքրել փողոցը։ Ոչ մի գործողություն չի արվելու առանց ձեռքը զենքից հետ քաշելու։ Փողոցն արյան «հրավեր» է։ Ի՞նչ տարբերակներ ունի Նիկոլ Փաշինյանը։

Սերժ Սարգսյանը երկխոսության է հրավիրում նաև քաղաքական ուժերին։ Նիկոլ Փաշինյանը հրապարակ ունի։ Նա իր թիկունքին ունի ամբողջ ժողովուրդը, քաղաքական ուժերը չեն կարող նրան խելք սովորեցնել, նույնիսկ եթե դրա կարիքը կա։ Հետևաբար, Փաշինյանը երկխոսության սեղանին չի փոխում հրաժարականի իր պահանջը, որը վերջնագիր է։ Քաղաքական ուժերին հրավիրելը չափազանց նման է Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան հեռուստաբանավեճին քոչարյանական լրատվամիջոցների մասնակցությանը։ Նրանք կարող են ճնշում գործադրել հենց Նիկոլի վրա։ Սարգսյանը հաստատ շոշափել է նրանց տրամադրությունը երկխոսության մեջ ներգրավելու համար։ Առնվազն նրանց լոյալությունը նա ունի։

Ուրեմն Փաշինյանը սեղանին է մոտենում հրապարակի ձայնով։ Այսինքն՝ գրեթե առանց քաղաքական տեքստի։ Մնացածը տեխնոլոգիայի հարց է։ Նա պահանջում է, որ երկխոսությունը լինի միայն իր և Սերժ Սարգսյանի միջև, և որ այդ ամբողջը պետք է նկարահանվի, հարկ եղած դեպքում՝ ուղիղ եթերով։

Նա Րաֆֆի Հովհաննիսյանի երկխոսությունից հաստատ դասեր քաղել է։ Ուղիղ եթերն անկասկած Սերժ Սարգսյանին պետք չէ, նա հաստատ Նիկոլին կունենա ասելու բաներ, որոնք չէր ուզենա, որ ուղիղ եթերով հնչեին։ Մյուս քաղաքական ուժերի ներկայությունը Սերժ Սարգսյանին պետք է ոչ միայն որպես քոչարյանական «տրյուկ», այլև հենց երկխոսությունը լեգիտիմ դարձնելու քայլ, ինչպես ԱԺ ընտրություններն էին «լեգիտիմ»։ Այսինքն՝ երկխոսությանը մասնակից բոլոր ուժերը, բացառությամբ ՀԱԿ-ի (եթե, իհարկե, ընդունի հրավերը), սարգսյանական են, և նրանց դերը գլուխը տմբտմբացնելն է։

Սերժ Սարգսյանի խնդիրը հրաժարական չտալն է։ Նշանակում է՝ նա բացառում է կառավարության ծրագրի տապալումը խորհրդարանում և «իրավունքի ուժով» ԱԺ-ի լուծարումը։ Հընթացս ոստիկանությունը փողոցները մաքրում է Փաշինյանի կողմնակիցներից։ Երկխոսության պահին Փաշինյանը պետք է «սնանկացած» լինի ժողովրդով։

Նիկոլն արդեն հայտարարել է, որ Սարգսյանի հետ երկխոսելու այլ թեմա չունի՝ նրա հրաժարականից բացի։ Բայց նա դա հայտարարել է այն պահին, երբ իշխանությունը փողոցում քցած է։ Սերժ Սարգսյանը մինչև ապրիլի 21-ի կեսօրը դեռ արմատական հակազդեցություն ցույց չէր տվել։ Արդեն տալիս է։ Եվ հիմա նրա խնդիրն է երկխոսությունը սկսել և վերջացնել մինչև ապրիլի 24-ը։ Փաշինյանը սա գիտի։ Նշանակում է՝ նա էլ ժամանակ պիտի ձգի։ Այնպես որ, իրական կռիվը մնում է փողոցը։

Իշխանությունն անընդհատ շրջանառելու է արյունահեղության ուրվականը, իսկ Փաշինյանը հայտարարելու է՝ ոստիկանը մերն է։ Պարզ է, որ սա էլ վերջ ունի։ Ես չգիտեմ՝ առանց արյունահեղության իշխանությունն ունի՞ բավարար զենքեր Փաշինյանին երկխոսության սեղանի շուրջ բերելու։ Թեպետ արյունահեղության դեպքում դրա կարիքը չկա։ Սերժ Սարգսյանի գլխավոր խաղաթուղթը մնում է տարբեր հայտարարություններով Փաշինյանին «խելքի բերելը»։ Միակ բանը, որ Փաշինյանը չպետք է մոռանա, փողոցն է։ Իսկ Սերժ Սարգսյանի հրավերն էլ առայժմ փափուկ տոն ունի։ Բայց երկուսն էլ կոշտացնելու են հենց օրվա ընթացքում։ Այնպես որ, վերջին խոսքը նյարդերինն է։

Հ․ Գ․ Նախագահի պաշտոնն ստանձնած Արմեն Սարգսյանը գնաց Հանրապետության հրապարակ անձամբ խոսելու Փաշինյանի հետ։ Ամեն գնով նրան պիտի հասկացնեն, որ՝ տղա՛ ջան, կրակի հետ ես խաղում, արի նստի, բաներ ունենք ասելու։

Մհեր Արշակյան

MediaLab.am