Բանակի շանտա՞ժ, թե՞ թշնամու փնտրտուք

23-04-2018
3862 դիտում
Բանակի շանտա՞ժ, թե՞ թշնամու փնտրտուք

Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել սահմանին աճող լարվածության մասին՝ ադրբեջանցիները ծանր ռազմատեխնիկա են կուտակում արցախա-ադրբեջանական առաջնագծում: ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները Վիգեն Սարգսյանի ղեկավարությամբ նշում են, թե «իշխանություն զավթելու փորձերը… բերում են ռազմական մարտահրավերների սրմանը»:

Նախ՝ ձեզ ի՞նչ: Ձեր գործը սահմանը պահելն է, որպեսզի քաղաքացին էստեղ իրացնի իր սահմանադրական իրավունքները: Եթե քաղաքացուն վիրավորել են, եթե նրան Էրեբունիում ինչ-որ հանցագործներ ոստիկանության թողտվությամբ և աջակցությամբ ծեծել են, բանակը նույնիսկ էդ հանցագործի հետ գործ չունի, էդ իր հանցագործը չէ: Թող բանակը սահմանից աչք չկտրի:

Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում իշխանությունը զավթելու փորձերը:

Կներե՛ք՝ դուք տեղո՞ւմ եք, և ձեր գլխում ամեն ինչ տեղո՞ւմ է:

Սևով սպիտակի վրա մարդամեկն ասում է՝ երկու անգամից ավելի չպետք է հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին, ինչո՞ւ է երրորդ անգամ հավակնում:

Վիգեն Սարգսյանին սա հետաքրքիր չէ՞:

Էդ ինչո՞ւ պիտի նրա մտքի գիգանտների կեղծ տագնապը հրապարակի 160 հազար հոգուն հետաքրքրի: Ի վերջո Վիգեն Սարգսյանի գրած տեքստում բառ անգամ չկա, որ ընդդիմության առաջնորդները բռնության կոչ են անում: Հասկանո՞ւմ եք՝ հեղափոխություն է Հայաստանում, ու բռնության կոչ չկա: Աշխարհը գլուխն է բռնել այսպիսի բացառիկ անարյուն հեղափոխությունից:

ՊՆ-ն մեզ լրիվ ձեռ է առնում:

Ասում է՝ չարտոնված զանգվածային միջոցառումներ: Իսկ արտոնվածը ո՞րն է, երբ բոլոր իրավունքները հայտարարվել են օրենքից դուրս: Ո՞ր օրենքով էդ մարդուն դարձրեցիք վարչապետ: Դուք հասկանո՞ւմ եք ինչ եք արել՝ հենց սահմանն եք իմաստազրկել, որովհետև հանձին էդ մարդու մեր քթի տակ ադրբեջանցի դիպուկահար եք դրել, մեր ոտքի տակ ադրբեջանական ական եք դրել, էդ մարդը պատերազմի ադրբեջանական կողմն է մեր աչքի առաջ:

Ու դուք, հարգելի՛ ՊՆ-ականներ, խոսում եք թշնամո՞ւց:

Սերժ Սարգսյանն էնքան թշնամաբար է նստած Հայաստանի վրա, որ ոչ միայն Ադրբեջանը չի երևում, այլև մեր շենքի կողքի մուտքում տեղի ունեցած սպանությունը չի երևում: Էդ մարդու մտքում հիմա Հայաստանի բոլոր հնարավոր զենքերը ՀՀ քաղաքացու վրա ուղղելն է, այլապես ինչո՞ւ պիտի Մարտի 1-ից խոսեր: Հարգելի՛ ՊՆ-ականներ, թե՞ ուզում եք ասել, որ կրակելը կա ու կա, բերեք մի հատ վախեցնենք ժողովրդին Ադրբեջանով:

Չկա Ադրբեջան, որից կարելի է վախենալ: Ադրբեջան ընդհանրապես չկա:

Մեր տեսադաշտը փակվել է ոչ միայն Ադրբեջանի, այլև սա ասում եմ պատասխանատվությամբ. քանի դեռ ունենք Սերժ Սարգսյան, Ադրբեջան չկա, և որևէ հանցագործություն էլ չկա, որովհետև դրանց ճառագումի աղբյուրը էդ մարդն է, ինքն էդ բոլոր հանցագործություններն արդեն ճառագում է, կարծես ցանկացած հանցագործության և պատերազմի գործնական պարապմունք լինի էդ մարդը:

Իսկ Վիգեն Սարգսյանն էդ ո՞նց է հասկանում պետության մեջ խոսքի և հավաքների ազատության իրավունքը: Էդ մարդուն սահման ենք վստահել, որ թոշակառուներին, աշխատավորին և ուսանողներին սահմաններից ներս լռեցնի՞:

Բանակը հարկատուներիս իրավունքների իրացման հետ գործ չունի:

Դե, իրականում պարզ է, որ սահմանը Սերժ և Վիգեն Սարգսյաններին հետաքրքիր չէ: Իշխանությունը հաճույք է, ոչ թե ծառայություն: Նրանք ժողովրդին վախեցնում են Ադրբեջանով ու ասում են, որ պատրաստ են ցանկացած հակահարվածի: Նրանցով հոգեբույժները պետք է զբաղվեն, որովհետև նրանք նույնիսկ իրավիճակին դեմագոգիայով չեմ հակադարձում, պարզապես չգիտեն իրենց գործը: Իսկ մենք գիտենք, որ բանակն ամեն գնով պետք է պահի Սերժ Սարգսյանի իշխանությունը, որն ուղիղ եթերում ամբողջ աշխարհի աչքի առաջ ժողովրդին սպառնում է Մարտի 1-ով:

Եվ հիմա հարցերի հարցը բանակի ղեկավարությանը՝ դուք իսկապե՞ս նախնական բնազդներից դեպի մարդը մեկ քայլ չեք կատարել, թե՞ ձեր կարծիքով դուք պաշտպանելու բան ունեք, իսկ ժողովուրդը չունի:

Բանակն ի՞նչ գործ ունի ներքաղաքական խնդիրների հետ:

Էդ գուցե միայն սահմանային հավը չգիտի, թե ինչու է ադրբեջանական զինուժը զինտեխնիկա կուտակում սահմանին: Էստեղ նույնիսկ էդ հավի խելքն էլ պետք չէ հասկանալու, որ դա հարևան ժողովրդի առաջնորդի եղբայրական աջակցությունն է նեղ դրության մեջ հայտնված գործող վարչապետին:

ՊՆ-ի հայտարարությունը մեզ, այո՛, պետք է զգոնության առիթ տա՝ սրանք կկրակեն: Որովհետև կրակելուց առաջ չեն ասել մի միտք, որը պատ կդառնա հակառակորդի փամփուշտի և հայ զինվորի միջև: Էս մարդկանց հայտարարությունում մեր իրավունքների, ՀՀ որդեգրած ժողովրդավարական արժեքների մասին խոսք չկա, չեն ասում, որ բանակին նույնքան խոցելի է դարձնում պետական կառավարումը ժողովրդից գողանալը:

Ոչինչ չեն ասում, ասում են՝ իշխանություն զավթել: Ումի՞ց: Կամ, նորից եմ ասում՝ ձեզ ի՞նչ: Լավ է անում: Ընտրողին կաշառելով վիրավորել կարելի է, ձեզ էդ նույն կաշառվածի սրբագրված արժանապատվությամբ իշխանությունից փը՛խկ անել չի կարելի՞: Դե հիմա՝ փը՛խկ:

Մհեր Արշակյան

MediaLab.am