«Սերժ Սարգսյանը պետք է մի լավ բան անի մեր երկրի համար, իսկ լավ բանն այն է, որ թողնի հեռանա». Ժաննա Ալեքսանյան

23-04-2018
2407 դիտում
«Սերժ Սարգսյանը պետք է մի լավ բան անի մեր երկրի համար, իսկ լավ բանն այն է, որ թողնի հեռանա». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

- Տիկի՛ն Ալեքսանյան, ինչպե՞ս եք գնահատում վերջին զարգացումները, մասնավորապես, ոստիկանության, իշխանությունների գործողությունները։ Ձերբակալվել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը։

- Այսօր երկիրն անիշխան վիճակում է, իշխանություն չկա։ Ինչ վերաբերում է այս օրերի գործողություններին, կարող եմ բնորոշել որպես բեսպրեդել։ Երեկ առավոտից իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Սերժ Սարգսյանը ձախողեց երկխոսության հնարավորությունը՝ «իմ դեմ խաղ չկա» կեցվածքով, և չօգտվեց երկխոսության այն  հնարավորությունից, որին կոչ էին անում շատերը։ Եվ նրա գնալուց մեկ ժամ չանցած առևանգեցին Նիկոլ Փաշինյանին։ Նրանց անգամ  հետ չպահեց ինտերնետային բազմաթիվ ուղիղ  հեռարձակումները։ Եվ այդպես էլ ամբողջ օրվա ընթացքում պարզ չդարձավ, թե որտե՛ղ է Նիկոլ Փաշինյանը։ Սա ոչ այլ ինչ է, քան առևանգում։ Մենք գիտենք այդ ապօրինությունների մասին, բայց այդպիսի բացահայտ կերպով, որ նա տանի շարժման առաջնորդին, և ամբողջ օրը պարզ չլինի, թե նա որտեղ է, սա չլսված բան է։ Ինչպե՞ս կարող ենք այսքանից հետո մենք այդ մարդուն լուրջ ընդունել կամ ընդհանրապես ընդունել։ Նա իր այս քայլով ապացուցում է, որ իրոք պետք է անհապաղ հեռանա այս երկրից, մենք պետք է չհիշենք նրան։ Նա չի գիտակցում, որ շարժումն այնքան է կայացել, որ իրոք գոնե մի բան պետք է անի այս երկրի համար` պետք է  հեռանա, ի վերջո, հեռանալու է։ Նա ձախողել է ամեն ինչ, երկիրը հասցրել է այս վիճակին, նա պարտվել է։

- Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ասաց, որ վերջինս չի գիտակցում պատասխանատվության աստիճանը, և որ  դասեր չի քաղել Մարտի մեկին։ Սա սպառնալի՞ք է։

- Չնայած Մարտի մեկից տասը տարի է անցել, բայց, կարծես, թարմ իրողություն լինի, և նա համարձակվեց Մարտի մեկով սպառնալ մարդկանց։ Մի երկրի ղեկավար, որ ատում է  իր քաղաքացիներին, այսպիսի սպառնալիքներ հնչեցնում, ինչպե՞ս կարող է մնալ  իշխանության, ի՞նչ բանակցություն, երկխոսություն կարող է լինել։

Իհարկե, ասվածը սարսափելի էր։ Նա հենց այնպես չի ասում դա, այսինքն՝ նա կրում է դա իր մեջ, որ ձեզ սպանեցինք, բայց դուք չխրատվեցիք։ Նա մարտի Մեկի մասին հայտարարեց իր անունից, նա կրում է իր մեջ մասնակցությունը, և հենց այնպես չէր կարող արտասանել այդ բառերը։ Սա ևս մեկ նողկանքի ալիք առաջացրեց, սա սարսափելի խոստովանություն է։

Նա այսօր չի կարող Մարտի մեկ անել, բայց ամեն դեպքում որոշեց ասել։ Եվ իր կեցվածքը, որ իմ դեմ խաղ չկա, կուզեմ` Մարտի մեկ կանեմ, չեմ ուզի` չեմ անի, մերժելի է։ Եվ երբ դուրս ես գալիս փողոց, տեսնում ես, թե հասարակությունն ինչ աստիճանի է մերժում Սերժ Սարգսյանին։ Դատական հոգեբանության մեջ մի այսպիսի ձևակերպում կա` հոգեկան աֆեկտիվ վիճակ։ Մենք տեսանք, թե հյուրանոցից դուրս գալուց հետո նա ինչպես էր ծիծաղում, քանի որ վստահ էր, չէր պատկերացնում, որ իրավիճակն այսքան կարող էր փոխվել։

- Նկատի ունեք այն, որ մտածում էր` շարժման առաջնորդին ձերբակալելուց հետո հանրային ցասումը կնվազի՞։

- Կձերբակալի, կմեկուսացնի, մյուսներին կծեծի, կջարդի, ինչպես անում էին իր անձնական ոստիկանության հետ, որովհետև այսօրվա գործող ոստիկանությունը մեր երկրի հետ կապ չունի։ Չմոռանանք ասել, որ իհարկե նա կաշկանդված է, քանի որ միջազգային հանրությունն ուշադիր հետևում է զարգացումներին, և Սերժ Սարգսյանի ձեռքերն ազատ չեն, որ ինչ ուզենա` անի։ ԵՄ-ն մեկ օրում երկու հայտարարություն է տարածել, այսինքն՝ նա ստիպված է հետ կանգնել իր մղումներից, չնայած հիմա էլ կան տարբեր խոսակցություններ, թե պատրաստվում է զորք մտցնել, չի ուզում գնալ, բայց նա ստիպված պետք է գնա։ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ նրա ընտանիքն անվտանգ կհեռանա Հայաստանից։ Եվ իրոք, կարող են վտանգներ լինել, եթե այսպես շարունակվի։ Պետք չէ մարդկանց հասցնել մի վիճակի, որ դառնան անհանդուրժող իր նկատմամբ։

- Կարծում եք՝ հանրությունն արդեն հաղթանակը գրանցել է, մնում է թավշյա հեղափոխություն տեղի ունենա՞։

- Հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել, մնում է, որ նրանք լքեն երկիրը կամ հեռանան աթոռներից։ Հեղափոխություն է տեղի ունեցել մարդկանց գիտակցության մեջ, և իշխանությունը ոչինչ չի կարող անել։ Կարծում եմ` շատ ժամանակ պետք չէ, որ Սերժ Սարգսյանը հեռանա, և նա պետք է հեռանա։ Նա պետք է մի լավ բան անի մեր երկրի համար, իսկ լավ բանն այն է, որ թողնի հեռանա։ Հայաստանի ապագան պետք է տնօրինի ոտքի ելած հասարակությունը։

Մանե Հարությունյան

MediaLab.am