«Այսպիսի ջրառատ տարում խոսել ջրամբարների կիսադատարկ լինելու մասին, արդեն զավեշտ է». Մտահոգություններ` Սեւանի շուրջ

«Այսպիսի ջրառատ տարում խոսել ջրամբարների կիսադատարկ լինելու մասին, արդեն զավեշտ է». Մտահոգություններ` Սեւանի շուրջ
«Այսպիսի ջրառատ տարում խոսել ջրամբարների կիսադատարկ լինելու մասին, արդեն զավեշտ է». Մտահոգություններ` Սեւանի շուրջ

Բնապահպանները դժգոհ են կառավարության՝ այս տարվա հունիսի 6-ի որոշումից, ըստ որի՝ Սևանա լճից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվելու 170 մլն խմ ջուր: Այն դեպքում, երբ տարին տեղումներով առատ է եղել, բնապահպանների համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է կառավարությունը ջրառի առավելագույն չափաբաժին սահմանում: 

Հիշեցնենք, որ «Սևանի մասին» օրենքով 170 մլն-ն խմ բացթողումը որպես առավելագույն չափաքանակ է ամրագրված: Դրանից ավելի բացթողումներ կատարելու դեպքում կառավարությունը պետք է դիմի Ազգային ժողով, որպեսզի ԱԺ-ն հաստատի կառավարության ներկայացրած թիվը: Նախորդ տարի երաշտի պատճառաբանությամբ կառավարությունը դիմեց ԱԺ՝ Սևանից 320 մլն խմ ջուր բաց թողնելու առաջարկով: Սա հարուցել էր բնապահպանների զայրույթը, ովքեր կարծում են, որ Սևանից բաց թողնվող ջրի չափաքանակի ավելացման պատճառն այն է, որ կառավարությունը չի ցանկանում նեղացնել լճի ափամերձ հատվածի սեփականատերերին, որոնց օբյեկտները լճի մակարդակի կտրուկ բարձրացման հետևանքով ջրի տակ են անցնում:

Բնապահպան Սիլվա Ադամյանը կասկածում է, որ չնայած այս տարվա համար կառավարությունը պաշտոնապես 170 մլն խմ քանակությունն է հաստատել, սակայն իրականում Սևանից ավելի շատ քանակությամբ ջրառ է իրականացվում: «Երկու օր առաջ եմ Սևանից վերադարձել, ջրանցքները շատ լիքն էին, երևում է` ջրի բացթողումը շատ մեծ քանակությամբ է կատարվում: Ես չգիտեմ՝ կառավարությունը հիմա ջրի քանակը ճի՞շտ է հրապարակել, սխա՞լ է հրապարակել, բայց ես դա եմ տեսել»,- «Մեդիալաբին» ասում է Սիլվա Ադամյանը:

Նա խոսքով՝ այս տարի Հայաստանում ջրի պակաս չկա, անգամ հունիսին առատ տեղումներ են եղել, հետևաբար անհասկանալի է առավելագույն քանակի հաստատումը: «Կարծես թե այս տարի ջրառը Սևանից պետք է ավելի քիչ լիներ, բայց խնդիրը նորից արդիական է մնում, նորից ավելի շատ ջրբացթողումներ են լինում, քան դրա պահանջը կա: Մենք տեսանք, թե այս տարի ինչ հեղեղներ եղան, ինչ կարկուտ ու անձրև եկավ, բայց, չգիտես ինչու, տարեցտարի մեզ փորձում են համոզել, թե ջրի այդ բացթողնումը շատ անհրաժեշտ է»,- ասաց բնապահպանը: Ադամյանը նշեց, որ չնայած դրան` Սևանի ջրի մակարդակն անընդհատ բարձրանում է, և տեղի է ունենում ջրի ինքնամաքրման գործընթաց, ինչը շատ ուրախալի է:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը նույնպես զարմացած է այս թվից, ասում է, որ իր համար հիմնավոր չէ 170 մլն խմ ջրառը Սևանից: «Դարձյալ առավելագույն քանակն են հաստատել, բայց այդքան անձրևների պայմաններում դրա անհրաժեշտությունը չկար: Ընդ որում, Սևանի հարցով ակադեմիական հանձնաժողովը շատ ավելի ցածր թիվ էր սահմանել այս տարվա ջրառի համար` 130 մլն խմ»,- «Մեդիալաբին» ասում է Կարինե Դանիելյանը:

Բնապահպանը նշում է, որ նման ջրառատ գարուն, ինչպիսին այս տարվանն էր, վաղուց չէինք ունեցել: Նրա խոսքով` Սևանի ջրառի հարցը պետք է լուրջ քննարկման թեմա դառնա: Կարինե Դանիելյանը նշեց, որ չի ուզում մտածել, թե Սևանի մակարդակի բարձրացումը միտումնավոր է կանգնեցվում: Միաժամանակ բնապահպանը նշեց, որ Սևանի ջրի մակարդակն սպասվածից ավելի է բարձրանում, իսկ ափամերձ հատվածներում դեռևս շատ անելիքներ կան:

Գիտությունների ազգային ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը, ով նախորդ տարի պայքարում էր 320 մլն խմ ջրառի դեմ, նշում է, որ 170 մլն խմ ցուցանիշը բնականոն է Սևանի համար: «Սևանի մասին» օրենքով դա հենց այն քանակն է, որը նախատեսված է ոռոգման համար: Նաև ջրառատ տարիներին է նման քանակ բաց թողնվել, բնականաբար, ես նորմալ եմ համարում այդ քանակը: Համենայնդեպս, դա կնպաստի Սևանի դրական հաշվեկշռին»,- «Մեդիալաբին» ասում է Էվելինա Ղուկասյանը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ասում է, որ չնայած տեղումների քանակի ավելացմանը` ջրամբարներում ջրի պակաս կա: «Ջրամբարները չէին լցվել, 170 մլն խմ-ն կառավարության իրավասությունների տակ է, մենք դրանից չենք անցել: Սևանն անցյալ տարվա համեմատ բարձրացել է մոտ 14 սմ-ով, էս նիշին Սևանը երբեք չի եղել»,- «Մեդիալաբին» ասում է Անդրեասյանը: Նա նշեց, որ ջրամբարներից ջուրն այս տարի չի թափվել, ջրի արտահոսք չկա, ինչը վատ է: Հարցին, թե ջրամբարներն ինչո՞ւ են կիսադատարկ, կոմիտեի նախագահը հստակ պատասխան չունի: «Տեղումները, ցավոք, ոռոգմանը չեն փոխարինում, ջրամբարները չեն լցվել, չեն թափվել, համապատասխան մուտքեր չենք ունեցել: Թե ինչո՞ւ` այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- նշեց Անդրեասյանը:

Բնապահպան Կարինե Դանիելյանին զարմացնում է կոմիտեի նախագահի այս պատասխանը: «Էդ ի՞նչ է լինում մեր ջրամբարներին` չեմ հասկանում: Էդ ինչո՞ւ միանգամից ջուր չի լինում, հասկանալի չէ, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Այսպիսի ջրառատ տարում խոսել ջրամբարների կիսադատարկ լինելու մասին, արդեն զավեշտ է»,- հարցադրում է անում բնապահպանը:

Լուսանկարը` Կարապետ Սահակյանի

© Medialab.am