Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. Քննարկումներ՝ իրավիճակի շուրջ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. Քննարկումներ՝ իրավիճակի շուրջ
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. Քննարկումներ՝ իրավիճակի շուրջ

Հայաստանի Հանրապետությունում տնտեսության զարգացման ուղղված նպատակները չեն համընկնում իրականցվող սակագնային քաղաքականությանը: Մի կողմից խոսվում է մրցունակ տնտեսություն ունենալու, ավելի շատ արտահանող, քան ներկրող երկիր դառնալու  հեռանկարների մասին, մյուս կողմից իրականացվող սակագնային քաղաքականությունը կարծես հակառակ ուղղությամբ է տանում երկիրը:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած «Գազի և  էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա» թեմայով քննարկմանը մասնակցեցին տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը,  տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանն ու «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը:

Սակագների բաձրացման հետևանքով իհարկե ծագելու են սոցիալական խնդիրներ, իհարկե այսօր էլ քննարկվում է, թե որքանով էր հիմնավորված սակագների բարձրացումը, իր խոսքում նշեց Վահագն Խաչատրյանը հավելելով, որ  «Գործարար շրջանակներից որևէ արձագանք չեղավ  կամ իշխանություններից հիմնավորում պահանջեին, գուցե իշխանություններն էլ  մտածու՞մ են, որ կարող են շարունակել բարձրացնել սակագները»:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով ոլորտում առկա մի շարք խնդիրներ անմիջականորեն կապված են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ: Մեջբերելով ՀՀ կառավարության դեռևս 2008-ին հաստատած նախարարության գործառույթների մասին որոշումը բանախոսը հերթով թվարկեց դրանցից շուրջ տասը գործառույթ, որոնք չեն կատարվում:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի մեկնաբանությամբ  Հայաստանի էներգետիկ դաշտում գործում է ռուսական մոդելը, և ներդրողները չեն գալիս Հայաստան, քանի որ շուկան ազատ չէ:

 «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանն էլ, որպես ՀՀ քաղաքացի  պահանջեց իշխանություններից, որ բացատրեն, թե «ինչու ապաշնորհ կառավարման  պատճառով սոցիալական բեռը պետք է ընկնի սպառողի վրա, և արդյունքում 25 դրամի փոխարեն սպառողը պետք է վճարի 42 դրամ:

«Մենք չօգտագործեցինք Իրանի հնարավորությունները: Գուցե կա մի խնդիր, որի մասին հրապարակավ չեն խոսում, օրինակ` ռուսական կապիտալը», – ասաց Վահագն Խաչատրյանը:

Բանախոսներն անդրադարձան նաև` սակագների բարձրացումը ուրիշ ինչ խնդիրների կհանգեցնի: Ակնհայտ է, որ սակագների բարձրացմանը շղթայական ռեակցիայով հետևելու է գնաճը, իսկ Գագիկ Մակարյանի խոսքով` «մարդկանց ձեռքի փողի զանգվածի 10 տոկոսով նվազելը կհանգեցնի գնողունակության անկման»:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած նոր որոշումը՝ օգոստոսի մեկից մեկ տարով երկրում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 20 մլն դրամանոց «ֆինանսական ճեղքվածքը» փակելու համար դժգոհությունների ու քննարկումների տեղիք է տվել հանրության շրջանում:

ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրեց 10%-ով՝ նախկին 38 դրամի փոխարեն, հասցնելով այն 42 դրամի:

Ճիշտ մեկ տարի առաջ էլ բարձրացել էին էլեկտրաէներգիայի և գազի սակագները:

«Մեդիա կենտրոն»