«Բոլոր մահացածներին արագ դիակիզում են»․ Հասմիկ Սահակյանը՝ «կրիտիկական վիճակում» հայտնված Հնդկաստանից

Հեղինակ MediaLab

Հնդկաստանը կորոնավիրուսի երկրորդ ծանր ալիքի տակ է հայտնվել։ Կրիտիկական վիճակ է։ Օրական այնքան շատ թվով մարդիկ են մահանում, որ արագ դիակիզում են բոլոր մահացածներին։ Այս մասին «Մեդիալաբին» ասում է Հնդկաստանի Մումբայ քաղաքում բնակվող 29-ամյա Հասմիկ Սահակյանը։

«Ձեր տեսած լուրերը համապատասխանում են իրականությանը»,- ընդգծում է Հասմիկը և հավելում, որ երկրում խիստ կարանտին է հայտարարված, մարդկանց մոտ էլ խուճապ է սկսվել։

Ըստ https://www.worldometers.info վիճակագրական կայքի տվյալների՝ Հնդկաստանում ապրիլի 27-ին՝ մեկ օրում, կորոնավիրուսով վարակվել է 362․902 մարդ, մահացության թիվը կազմել է 3285։ Երկրում ընդհանուր վարակվածության թիվը հատել է 18,147,200-ը, ապաքինվել են 14,905,982-ը։

Հասմիկն ասում է, որ իրենց նահանգում մթերքի խանութները բաց են մինչև առավոտյան ժամը 11-ը, հետո միայն դեղատներն են բաց մնում: 

Սուպերմարկետներում հաճախորդներին մեկ-մեկ են ներս թողնում, մուտքի մոտ պարտադիր ջերմություն են չափում, ախտահանիչ հեղուկ տալիս ձեռքերի համար` նոր ներս թողնում: Ներսում էլ անընդհատ հայտարարում են, որ յուրաքանչյուրն ընդամենը 15 րոպե ժամանակ ունի առևտուրը վերջացնելու համար: 

«Ինչ կարանտին է հայտարարվել` հետևում են, փողոցները դատարկ են, 1000 ռուփի (7000 դրամ) տուգանում են առանց դիմակի դուրս գալու դեպքում: Քաղաքային գնացքն ու ավտոբուսներն աշխատում են միայն պետական աշխատողների, բուժաշխատողների համար»,- պատմում է Հասմիկը:

Հասմիկը նկատում է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածությունը մեծ ծավալով տարածվեց, քանի որ երբ հիվանդների թիվը նվազել էր, և վարակվածներն արագ ապաքինվում էին, մարդիկ սկսել էին հանգիստ վերաբերվել հիվանդությանը և չհետևել անվտանգության կանոններին:

«Երբ հիվանդների թիվը քչացավ, շատ քիչ թվով մարդիկ էին հիվանդանում ու հիմնականում արագ ապաքինվում էին: Մարդիկ էլ, էսպես ասած, արխայինացան, դադարեցին դիմակ կրել, փողոցային բոլոր սննդի կետերը, խանութները, շուկաները բացվեցին, աշխատում էին ամբողջ օրով:

Մարդիկ ապրում էին գրեթե էնպես, ինչպես կորոնայից առաջ. սա է հիմնական պատճառը: Հետո տեղական գնացքներն ու ավտոբուսները սկսեցին աշխատել, այլ քաղաքներից ու գյուղերից ամեն օր հարյուրավոր մարդիկ էին գնում-գալիս։

Մարդիկ հանգիստ էին սկսել վերաբերվել, ինչի հետևանքով շատացան դեպքերը: Հիմա նորից խուճապ է սկսվել, վախ, նորից հետևողական դարձան»,- նշում է Հասմիկը:

Հասմիկն ասում է, որ ճիշտ է՝ իրենց ընտանիքը հետևում է բոլոր կանոններին, դուրս են գալիս միայն մթերք գնելու համար, սակայն ընդգծում է, որ վաղուց հոգնել են այս վիճակից:

«Կյանքը առաջվանը չէ, որովհետև չենք կարողանում հանդիպել մեր ընկերների, մտերիմների հետ, ծանոթներից շատերը հիվանդ ունեն ընտանիքում։ Բոլոր ժամանցի վայրերը, դպրոցներն ու մանկապարտեզները փակ են, ավելի դժվար է երեխաների համար տանը մնալը: 

Կորոնավիրուսը շատ պլաններ հօդս ցնդեցրեց, ամուսնուս միջազգային աշխատանքային ծրագրերը հետ ընկան, կասեցվեցին»,- ընդգծում է Հասմիկը:

Պատվաստումներին անդրադառնալով՝ Հասմիկն ասում է, որ Հնդկաստանում երեք պատվաստանյութ է այժմ գործածության մեջ՝ Sputnik V, Covishield, Covaxin։ Սկզբում պատվաստում են բոլոր պետաշխատողներին, բուժաշխատողներին ու մեծահասակներին:

«Պատվաստում են երկու փուլով՝ 28 օր տարբերությամբ: Մինչ այսօր միայն Covaxin-ով ու Covishield-ով պատվաստվել է 100 մլն մարդ, մինչև հուլիսի վերջ պլանավորում են պատվաստումների քանակը հասցնել 250 միլիոնի»,- ասում է նա:

Արփինե Արզումանյան

MediaLab.am