«Տուշոնկաները» ՊՆ-ին կրկնակի թանկ չեն մատակարարվել

22-06-2018
12599 դիտում
«Տուշոնկաները» ՊՆ-ին կրկնակի թանկ չեն մատակարարվել

Օրերս հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականը բանակին մատակարարվող մսի պահածոների վերաբերյալ ուշագրավ թվեր է ներկայացրել։

«Ո՞ւմ արտադրած զինվորի բաժին պահածոն էր հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ. ՊՆ-ի խոշոր մատակարարը» վերնագրով նյութումներկայացված են բանակին մատակարարվող «տուշոնկաների» վերաբերյալ տվյալներ, որտեղ, սակայն, առկա է սկզբունքային մեկ սխալ, ինչը ապատեղակատվության աղբյուր է դարձել։

Այսպիսով, 2017 թվականին Պաշտպանության նախարարությունը «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ի հետ կնքել է 217,680,060 դրամ արժողությամբ պայմանագրեր, ըստ որոնց՝ նախարարություն պետք է առաքվեր 97,396 կգ մսի պահածո, մեկ կիլոգրամը՝ 2235 դրամով։ Պարբերականը, սակայն, գրել է, որ պահածոյի մեկ տուփի արժեքն է 2235 դրամ, ինչը և տարակուսանք է առաջացրել հանրության շրջանում, քանի որ նմանատիպ պահածոները խանութում վաճառվում են 1200-1400 դրամով։

Պետական գնումների էլեկտրոնային Armeps համակարգում հրապարակված տվյալների համաձայն՝ 2017 թվականին, «Համլետ Հովսեփյան» ԱՁ-ից բացի, ՊՆ-ն պայմանգրեր է կնքել ևս երկու տնտեսվարողի հետ՝ «Գեղարդ» ԱԿ (309,757,590 դրամ) և «Հ-Ա-Ն-Ս Ֆուդ» ՍՊԸ (228,065,143 դրամ)։ Բոլոր մատակարարներից պաշտպանական գերատեսչությունը մսի պահածոն գնել է նույն գնով՝ 2235 դրամ կիլոգրամի դիմաց։

Վերոգրյալում համոզվելու համար կապ հաստատեցինք նաև ՊՆ ՆՏԱԴ թիկունքի ապահոման վարչության պետի տեղակալ Հակոբ Մելիքյանի հետ, ով ևս հաստատեց, որ 2235 դրամը պահածոյի 1 կիլոգրամի գինն է, այլ ոչ մեկ տուփի։

Այլ կերպ ասած, մսի պահածոյի մեկ տուփը արժե մոտ 1150 դրամ, այլ ոչ 2235։

Պայմանագրերը կարող եք տեսնել՝ այստեղ։

Ռաֆայել Աֆրիկյան

Աղբյուրը՝ sut.am