Ամեն մեկը չի կարող Հայաստանից դուրս սահմանափակվել իր ընտանիքով։ Պետք է համախմբվել. «Ալամեզոն» Բլոգ

07-08-2018
1655 դիտում
Ամեն մեկը չի կարող Հայաստանից դուրս սահմանափակվել իր ընտանիքով։ Պետք է համախմբվել. «Ալամեզոն» Բլոգ

Գիտեմ, որ դժվար է լինելու, բայց լավ է լինելու…

Եթե շատ ցանկանաս՝ միշտ էլ հնարավորություն կգտնես, իսկ եթե չես ուզում` հազար ու մի պատճառաբանությունն ու արդարացումը կան ու կան...

Այսքան տարի այստեղ հայերի հետ զրույցներում, կարմիր գծի պես անցնում է մի միտք. բա մենք ինչո՞ւ միասնական ու համախմբված չենք: Հետաքրքիր է, որ եվրոպական կարևոր քաղաքներից մեկում, ուր ապրում է տասը հազարից ավելի հայ, մշակութային կյանք, կարելի է ասել, գոյություն չունի: Չէ՛, հայկական կազմակերպություններ իհարկե կան, և չեմ կարող չասել, որ ամեն մեկը յուրովի իր գործը հոյակապ է անում, բայց խնդիրն այն է, որ արվում է առանձին-առանձին...

Ինձ համար նախանձելի է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, եվրոպական հայաշատ քաղաքներում հայկական համայնքների ակտիվ գործունեությունը։ Նախանձը լավ շարժիչ ուժ է։ Ես էլ եմ ուզում մշակութային և  համայնքային բուռն կյանք։ Իսկ ցանկանալը շատ քիչ է իրականում, և ինչպես այսօր հավաքվածներից մի խելացի մարդ ասեց՝ դժվար է լինելու, բայց լավ է լինելու… 

Այդպես էլ համացանցում հայտարարեցինք՝ եկեք խոսենք։ Շատերը, իհարկե, վարանեցին գալ. նրանց էլ եմ հասկանում, հեշտ չէ գնալ անորոշության, անծանոթ մարդիկ,  անծանոթ հայեր։ Բայց հենց այդ գաղափարն է, որ Լուիզան, Գայանեն, Ալլան և շատ այլ համախոհներ որոշեցինք «արմատախիլ»  անել. բա ա՛յ ժողովուրդ, մի բուռ ազգ ենք, հայի անծանոթս ո՞րն է։ Ամեն մեկը չի կարող Հայաստանից դուրս սահմանափակվել իր ընտանիքով։ Պետք է համախմբվել, իսկ էս գործում միայն պոպուլիզմով առաջ չես գնա։ 

Եկան, խոսեցինք, եղան հազար տեսակ առաջարկներ, խորհուրդ և ուղղորդում։ Բոլորը լսեցինք։ Երեք կլոր սեղանի շուրջ գործարար Արգամը իր գործնական առաջարկներով, ռեստորանի տնօրեն Ալլան, ով առանց վարանելու իր հրաշալի ռեստորանը տրամադրեց որպես հավաքատեղի, արվեստագետ, մանկավարժ, հետաքրքրված մարդիկ, քաղաքական ակտիվիստ։ Ու ինչ հուզիչ էր, երբ Աննան, ասեց.

- Ես ինչքա՜ն կարոտ եմ մնացել հայերեն խոսելուն:

Ես գիտեմ, որ դժվար է լինելու, բայց լավ է լինելու, լավ է լինելու, որովհետև վստահ եմ՝ գալու են դեռ շատ-շատերը, ունենալու ենք գրական, մշակութային հիանալի կյանք, որ մեր ոգևորությամբ համախմբենք ոչ միայն հայերին, այլև մեզ լրիվ այլ կողմից ներկայացնենք էլզասցիներին։ Եթե իմ էլզասյան ընտանիքն է այդքան հիացած հայկական տոներով և մշակույթով, պատկերացնում եք՝ ինչքա՜ն բան է բաց թողել մեզանից անտեղյակ Էլզասը:

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog