«Հապաղելն անթույլատրելի է . Փաշինյանն ունի մանդատ ամեն բան անելու և այլևս ուղղակի պարտավոր է այդ մանդատն օգտագործել». Հայկ Ա. Մարտիրոսյան

13-09-2018
14009 դիտում
«Հապաղելն անթույլատրելի է . Փաշինյանն ունի մանդատ ամեն բան անելու և այլևս ուղղակի պարտավոր է այդ մանդատն օգտագործել». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

- Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ նպատակ էր հետապնդում ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնալսելը և հանրայնացնելը։

- Վարկաբեկել իշխանությանը և ցույց տալ, թե իբր գործադիրը հրահանգում է դատավորներին:

- Կարևոր բացահայտումներ արեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, հայտարարելով, մասնավորապես, նշելով բանակի մասնակցությունը Մարտի մեկին և այլն։ Արդյո՞ք սա նախաքննական գաղտնիք չէր։

- Եթե և էր, ապա քննչական կոմիտեն կարող էր բացահայտել: Իրենք են որոշում՝ ի՛նչը բացահայտել, ի՛նչը՝ ոչ: Եվ հետո՝ պետք է հասկանալ, որ հեղափոխական իրավիճակ է: Ժողովրդին ներկայացնող իշխանությունն իրեն շատ բան կարող է թույլ տալ, բայց, ցավոք, դեռ քիչ է անում:

- Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին երկու ժամ տվեց՝ պառկացնելու օլիգարխների թիկնապահներին։ Նա նաև նշեց, որ ոչ մի մուկ չի պլստալու։ Իշխանությունն արդեն դիմո՞ւմ է կոշտ քայլերի։

- Անհրաժեշտ է որ դիմի, բայց դեռ կարծես այդ կոշտ քայլերը մի դրվագով են դրսևորվել` ինչ-որ թիկնապահների ասֆալտին պառկեցնելով: Մկներն ու առնետները, ձկներն ու շնաձկները դեռ ազատության մեջ են: Ու որքան երկար մնան, այնքան իշխանությունը ավելի մեծ խնդիրներ կունենա: Մյուս կողմից` եթե սպառնալիքները չիրագործվեն, դա իշխանության վարկաբեկման սկիզբը կլինի:

- Պարո՛ն Մարտիրոսյան, որքանո՞վ սա ուներ արտաքին հասցեատեր, ըստ Ձեզ։

- Հասցեատերը բացառապես ներքին էր:

- Ինչ եք կարծում, արտահերթ ընտրությունների ամեն օր ուշացումը արդյոք ռեալ վտանգ չի՞ ստեղծում կառավարության և Փաշինյանի համար։ Ինչո՞ւ են ՀՀԿ-ականները այսքան ոտքի կանգնել...

- Փաշինյանը դանդաղում է, շատ է դանդաղում: Սա անչափ վտանգավոր է նրա համար: Նրա վերլուծությունները սեփական անվտանգության մասին իդեալիստական են: Այն, որ ասում է, եթե ինքը չլինի` ժողովուրդը փողոցները սպանդանոցի կվերածի` անպայման չէ, որ շատ իրատեսական լինի: Եվ չի կարելի հույս դնել հակառակորդ ուժերի խոհեմության վրա: Նրանց հաշվարկները տարբեր են, և նրանք ժամանակն իրենց օգտին են ծառայեցնում:

- Պարո՛ն Մարտիրոսյան, արդյոք ունե՞ք այնպիսի տպավորություն, որ հակահեղափոխությունը գնալով է՛լ ավելի է գլուխ բարձրացնում, ուժեղանում։

- Այո՛, անշուշտ: Եվ որքան շատ լինեն ձերբակալություն-բացթողումներն ու ծավալուն խոստումները պատիժների, որոնք ամբողջությամբ և միանգամից չեն իրականանում, այնքան հակահեղափոխությունը մեծ ծավալներ կընդունի:

Կարելի էր, անհրաժեշտ էր օձի գլուխը հենց իշխանափոխության օրերին կտրել և չձգել ամեն բան այնքան, որ մոտ լինի վերահսկողության կորստին: Փաշինյանի գործողությունները սկսում են հիշեցնել Ռոբեսպիերի վերջին շրջանը. երբ հեղափոխության աստվածը հարձակումներ էր գործում հակահեղափոխականների և սեփական դաշնակիցների հանդեպ, բայց նրանց գիլիոտին չէր ուղարկում: Թե ինչո՛վ ավարտվեց նրա կարիերան, տխուր դրվագ է, որ պետք է որպես զգուշացում ծառայի մեզ բոլորիս: Փաշինյանն ունի մանդատ ամեն բան անելու, և նա այլևս ուղղակի պարտավոր է այդ մանդատն անմիջապես օգտագործել: Հապաղելն այլևս անթույլատրելի է:

Մանե Հարությունյան

MediaLab.am