«Ֆրանսիայում տնից դուրս գալիս պիտի լրացնես ինֆորմացիոն թերթիկ՝ դիմում ինքդ քեզնից, որ օրենքի հետ խնդիր չունենաս». Ռոզա Սարգսյանը՝ Ֆրանսիայում իրավիճակի մասին

Ֆրանսիայում տնից դուրս գալ կարելի է միայն խիստ անհրաժեշտության դեպքում, չի կարելի ո՛չ այգի, ո՛չ զբոսանք քաղաքում: Ֆրանսիայում՝ Ստրասբուրգ քաղաքից 15 կմ հեռավորությամբ գտնվող գյուղաքաղաքում բնակվող Ռոզա Սարգսյանը վստահ է, որ այս համաճարակային իրավիճակը ստեղծվեց, որովհետև շատերը սոցիալական պատասխանատվություն չունեին։

«Դարձել ենք մեծ-մեծ անհատականություններ, որ երբ նման իրավիճակ է լինում, և պետք է հրահանգների հետևես, բոլորը սկսում են ըմբոստանալ։ Հերթով հայտնվող-անհետացող վիրուսները սովորեցնում են, որ սա ունենալու է շարունակական բնույթ, սա մեկ-երկու ամսվա բան չի, սա կանհետանա, կգա մի ուրիշ վիրուս, պետք է մեկս մյուսիս համար պատասխանատու լինենք ու չբերենք այսպիսի ողբերգության»,- ասում է նա։

Ռոզան ասում է՝ հիմնականում տնից դուրս չեն գալիս․

«Դուրս գալիս պիտի լրացնես ինֆորմացիոն թերթիկ՝ դիմում ինքդ քեզնից, որ օրենքի հետ խնդիր չունենաս։ Օրինակ՝ ամուսինս աշխատանքի գնալիս լրացնում է, եթե նրան կանգնեցնեն, ինքը կարող է թուղթը ցույց տալ, հետո կարող է նրանից գործատուի հասցեն ուզել, աշխատավայրը, որ արդյոք աշխատում էր այդ ժամին: Եթե որևէ խախտում է լինում, իրենք իրավունք ունեն տուգանել՝ սկսած 35-100 եվրո»,- ասում է նա։

Ինֆորմացիոն թերթիկում կա նաև տանը կարճատև ֆիզիկական վարժություններ անելու խորհուրդներ։ Ռոզան նշում է, որ եթե բժշկի այցելելու անհրաժեշտություն լինի, ապա հնարավորություն է տրվում բժշկի հետ կոնսուլտացիա անել օնլայն տարբերակով, եթե կա տենդ, ապա ինքնուրույն հիվանդանոց չպետք է այցելել, անպայման պետք է բժշկին տեղյակ պահել՝ զանգելով։

Ասում է, որ բիզնես կազմակերպությունները ևս, իրավիճակը գնահատելով, հնարավորության դեպքում աշխատում են տնից, եթե հնարավոր չէ՝ ապա անպայման ընդառաջում են այն ընտանիքներին, որտեղ տանը երեխա կա. 

«Եթե երեխան չի կարող մնալ որևէ մեկի հետ, մինչ ծնողներն աշխատում են, ծնողներից մեկն իրավունք ունի տանը մնալ, իրավունք ունի աշխատավարձը ստանալ ամբողջությամբ, դա իրենք կրկնում են հաճախ, Մակրոնը նույնպես կրկնեց, որ պետությունը կվճարի, կարևորը՝ չենթարկվել պանիկայի»։

Ռոզան նշում է, որ Ֆրանսիայի կառավարությունը աշխատում է թափանցիկ և օպերատիվ. 

«Առաջին իսկ դեպքից առողջապահության գլխավոր տնօրենը Ժերոմ Սալոմոնը ամեն երեկո՝ ամեն ֆիքսված ժամի, գալիս էր ու հատ առ հատ ասում էր՝ քանի հիվանդ կա, քանի տարեկան են և այլն, բոլոր հնարավոր տեղեկություններն ասում էր, պատմում էր: Շատ համբերատար պատասխանում էր տասնյակից ավելի լրագրողների՝ անգամ կրկնվող հարցերին, մինչև հիմա էլ էդպես է: Ամեն երեկո միացնում եմ հեռուստացույցը, ու ես գիտեմ, որ նրանից ստանալու եմ հստակ տեղեկություն, այս հարցով զբաղվում են բոլոր պաշտոնատար անձինք»։

Ասում է, որ ֆրանսիական բանակը բացել է պահեստները, 4 միլիոնից ավելի հատուկ դիմակներ, շնչառական սարքեր են տվել բժիշկներին։ «Մյուլուզում կառուցվում է զինվորական արագ հավաքվող հիվանդանոց, զորքը միացել է ոստիկանությանն օգնելու»,- պատմում է նա:

Ռոզա Սարգսյանը նշում է, որ հատուկ տեսակի դիմակները հանվել են վաճառքից, քանի որ դրանք անհրաժեշտ են միայն բժիշկներին. «Ռեզերվ են արել բժիշկների համար, սովորական դիմակները, նրանք հազար անգամ ասեցին՝ առողջ մարդու համար անիմաստ են, մի՛ գնեք, մի՛ վատնեք»։ 

Պատմում է, որ խանութներում շատ ապրանքներ քիչ քանակությամբ են դնում, միտումնավոր, որ զանգվածային փսիխոզը հանգստանա. «Բացարձակ պակաս չկա ուտելիքի կամ ինչ-որ այլ բաների»։ 

Ռոզան և իր ընտանիքը հետևում են կառավարության ցուցումներին և փորձում են պահպանել հիգիենայի կանոնները, սահմանափակել են կոնտակտները տարեցների հետ. «Ամուսնուս ծնողները 70-ն անց են, թեև ապրում են մեր հարևանությամբ, նրանց չենք տեսնում,տեսազանգով ենք նրանց հետ խոսում: Ծնողներիս մոտ մեկ ամիս է՝ չեմ տեսել, նրանց էլ ենք խնդրել տնից դուրս չգալ, միակ տարբերակը դա է»,- նշում է նա։ 

Նա հավելում է, որ մարդիկ սպասում են լուծումների, ընդգծում է, որ այս իրավիճակը բոլորի համար շատ լուրջ դաս էր. «Սա ցույց տվեց, որ ընդհանուր՝ ինչ-որ տեղ՝ մի քիչ շատ, ինչ-որ տեղ՝ մի քիչ քիչ, աշխարհը պատրաստ չէր»։ 

Նա հույս է հայտնում, որ հետագա հնարավոր վիրուսների, աղետների դեմ միասնական պայքարելու համատեղ մշակույթ կձևավորվի, և հասարակության մեջ սոցիալական պատասխանատվության հիմքեր կդրվեն։

Արփինե Արզումանյան

MediaLab.am