Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության չխմբագրված տեքստը. «Սատիրիկոն»

13-09-2018
3098 դիտում
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության չխմբագրված տեքստը. «Սատիրիկոն»

Հայաստանի ամենաարդար և ժողովրդավարության ռահվիրա նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդվում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Այսօր Հայաստանում նոր բռնապետ է ծնվում` ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Հայաստանում չի կարող ծնվել մեկ այլ բռնապետ, քան նախկինն էր: Օ՛հ, լեզվի սայթաքում էր, մենք ժողովրդավարության ջատագովներն ենք, եղել ենք, կանք ու կլինենք, որովհետև ըստ Magaghat.am կայքի՝ հին հունարեն «ժողովրդավարություն»` «դեմոկրատիա» բառը առաջացել է «Ռոբերտ» բառից: Դեմոս կրատուս՝ ահա այն գաղտնաբառը, ու այն որևէ առնչություն չունի ռուսերեն красть բառի հետ:

Կոչ ենք անում բոլորին հիշել, որ նախագահ Քոչարյանը ժողովրդավարության հայրն է, հորեղբայրն ու քեռին, տո անգամ` մորքուրը, նա է ժողովրդավարությունը, նա է այն իրացրել Հայաստանում առաջին անգամ, ՀՀ քաղաքացիները հենց նրա շնորհիվ են առաջին անգամ տեղեկացել, թե ինչ ասել է ժողովրդավարություն և մարդու իրավունքներ:

Մարդու իրավունքների կոնվենցիան և այլ օրենսդրական ակտեր սերել և շարունակում են սերել նախագահ Քոչարյանից: Ինչպես ինքն է մի քանի անգամ նշել իր հարցազրույցներում (երբ դեռ հելլենիստական զագառը չէր անցել), մարդիկ դեռ հիշում են իր կառավարման տարիները: Լավով: Շատ լավով: Երբեմն` եռահարկ լավով:

Ինչևէ, մենք հայտարարում ենք, որ մարդու իրավունքների ջատագովն ու առաջամարտիկը, ռահվիրան ու ավանգարդն այսօր հետապնդվում է տոտալիտար, դիկտատորական ռեժիմի կողմից: Մի բան, որ նախագահ Քոչարյանի աշխարհայացքի համար անպատկերացնելի էր: Որովհետև նախագահ Քոչարյանը այնքան ժողովրդավար էր, որ անգամ տեղյակ չէր (մանուկ Բուդդայի պես), որ աշխարհում կան դիկտատորական ռեժիմներ: Նախագահ Քոչարյանը գենետիկորեն անհամատեղելի է դիկտատուրայի հետ, նա կարծում է, որ վատ ժողովրդավարին անհայտ հանգամանքներ են խանգարում, նա կարծում է, որ դիկտատորական մասանդրաները խանգարում են դիկտատորական ռեժիմների մոսկաներին հասկանալու, թե ինչպես է կարամելը մտնում կոնֆետի մեջ, իսկ հոգնաները ճախրում անէության թմբիրում:

Բայց ինչևէ, պետք չէ կառչել փուռփուռներից և լինել անխիղճ, Հայաստանում քոչարյանական ժողովրդավարության հաստատումն ընդամենը մի ուչաստկովու գործ է, և թող ջրի տակ անցնեն բոլոր ապօրինի հունական կղզիները` եթե Հայատանում պիտ հաստատվի նոր դիկտատուրա:

Հայաստանում նոր դիկտատոր չպիտի լինի: Միայն հին` ժամկետանց: Զագառով:

Մենք արդեն դիմել ենք Ռուսաստանին` օգնության ձեռք մեկնելու ակնկալիքով: Այժմ էլ ահա, մեր աջակից ժողովրդավար հանրապետականներին ուղարկել ենք Եվրոպական խորհուրդ և ԵԽԽՎ, որպեսզի մեզ այժմ էլ Եվրոպան աջակցի: Եթե Ռուսաստանից քյար չկա, ապա մենք դիմելու ենք Եվրոպային: Չէ՞ որ հելլենիստական ժողովրդավարության կրող Քոչարյանը չունի ավելի ամուր ու հուսալի հենք, քան հելլենիստական ժողովրդավարության ժառանգորդ Եվրոպան է:

Նախագահ Քոչարյանը սիրում է Եվրոպան, բացառությամբ Հաագայի: Եվ Նյուրնբերգի:

Ուստիև մենք կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին ու բարեկամներին՝ սթափ կերպով գնահատել ստեղծված իրավիճակը, իշխանությունների գործելակերպը, պատռել քարոզչա­կան շղարշը և թույլ չտալ, որ Հայաստանը ժողովրդավարական երկրից վերած­վի ամբոխավարական ձախողված պետության, որը կառավարվում է դիլետանտների կողմից` բոլշևիզմի սկզբունքներով, և ուր խրախուսվում են քաղաքական ռեպրեսիա­ները: Կորչե՜ն այս ռեպրեսիաները, թող հետ գան քոչարյանական ժամանակները: Դուք դրանք հիշում եք, չէ՞` լավով:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Քրիստինե Խանումյան

MediaLab.am