«Ինչո՞ւ Ռուսաստանի գործիչները չէին արձագանքում, երբ բանտում սպանվում էր Լևոն Հայրապետյանը». Ռուբեն Բաբայանը՝ ստորագրությունների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, մշակույթի գործիչների անունից տարածվեց հայտարարություն, որով նրանք պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն ու ազատ արձակել նրան՝ պատճառաբանելով, թե երկրում վատ բարոյահոգեբանական վիճակ է ստեղծվել։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գործընթացին։

– Ես կարծում եմ, որ տարբեր մարդիկ տարբեր դրդապատճառներ են ունեցել։ Այդ խմբի մեջ կան մարդիկ, ովքեր կիսում են իր հայացքները, մտերիմ հարաբերություններ ունեն Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կան մարդիկ, ովքեր, կարծում եմ, զուտ հումանիստական քայլով են առաջնորդվել, կան մարդիկ, ովքեր հաստատ շահադիտական սկզբունքներով են առաջնորդվել։

Ճիշտն ասած, ինձ դա այդքան չի հետաքրքրում, որովհետև կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու համար ամենակարևորն այն է, որ լինի արդար դատավարություն։ Մարդու մեղավորությունն ու անմեղությունը կարող է որոշել միայն դատարանը։

Բայց ես կուզենայի երկու խոսք ասել Ռուսաստանի գործիչների մասին։ Այստեղ ես կլինեմ շատ կոշտ։ Կարծում եմ՝ անկախ ազգությունից, ուրիշ երկրի քաղաքացիներն իրավունք չունեն խառնվելու մեր երկրի դատաիրավական համակարգի աշխատանքներին և փորձել որևէ ազդեցություն թողնել դատական պրոցեսի վրա։

Երկրորդ՝ կարծում եմ, նրանք չեն վաստակել այդ իրավունքը, որովհետև ներկայացնում են մի երկիր, ֆինանսավորվում են այդ երկրի կողմից և հարկեր են վճարում այդ երկրում, որն ունի բազմաթիվ պրոբլեմներ՝ կապված արդարադատության ու մարդու իրավունքների հետ։ Ավելին, եթե մենք նույնիսկ հաշվի առնենք նրանց ազգությունը, ապա ինձ համար զարմանալի է, թե ինչու իրենք չէին արձագանքում, երբ բանտում սպանվում էր Լևոն Հայրապետյանը։

Ես այս պարագայում խորհուրդ կտայի, որի մարդիկ սկզբում զբաղվեին այն երկրի պրոբլեմներով, որի ներկայացուցիչն են, կարողանային իրենց դրսևորել որպես մարդու իրավունքների և մարդասիրության աղավնիներ իրենց հայրենիքում և այդ ժամանակ գուցե կստանային բարոյական իրավունք՝ նման միջամտությամբ հանդես գալու։

Ինձ համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին ՀՀ հենարանն է, անկախ ազգությունից, և միայն ու միայն նա իրավունք ունի որոշելու, թե այդ երկրում ինչն ինչպես պետք է լինի։ Այնպես որ, եթե հայաստանյան բլոկին ես մի քիչ ավելի մեղմ եմ մոտենում, որովհետև ամեն մեկն ունի իր դրդապատճառը, ապա բացարձակապես չեմ ընդունում ուրիշ երկրից միջամտությունը մեր ներքին հարցերին։ Բարի եղեք՝ ձեր երկրում հասեք որոշ խնդիրների լուծմանը, դրանից հետո միգուցե ստանաք բարոյական իրավունք։

– Բայց նույն հայաստանյան գործիչներից շատերն էլ են լռել նախորդ տարիներին, երբ շատ խնդիրներ են եղել Հայաստանում։ Այսօր նրանք խոսում են երկրում չարության մթնոլորտի առկայության մասին։

– Ես ոչ մեկի դատավորը չեմ։ Ես կարծում եմ՝ բարոյահոգեբանական մթնոլորտը, որի մասին խոսում են նրանք, չի կարող պայմանավորված լինել մեկ մարդու ճակատագրով՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը։ Կարծում եմ՝ բարոյահոգեբանական մթնոլորտի հարցում յուրաքանչյուրս ունենք մեր մեղքի բաժինը։ Եվ շատ ճիշտ է, եթե դու սկսում ես քեզնից ու փորձում ես ինքդ բարելավել այդ բարոյահոգեբանական մթնոլորտը։ Եվ վերջիվերջո, երկրում բարոյահոգեբանական ճիշտ մթնոլորտ հաստատելու համար առաջին քայլը արդարադատությունն է։ Մնացած բոլոր խոսակցությունները՝ պետք է նստի, թե չպետք է նստի, ուրիշ ոլորտից են։

Ինձ համար, նաև շատ-շատերի համար առաջնահերթ է, որ «Մարտի մեկի» գործով դադարեն դատական պրոցեսի այդ արհեստական ձգձգումները, գործն իր ամբողջ բովանդակությամբ մտնի դատական պրոցեսի մեջ, մենք կարողանանք լսել բոլոր կողմերի փաստարկները։ Ինչքան շուտ սկսվի դատավարությունը, այնքան շուտ կառողջանա բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am