Քոչարյանի կողմից Փաշինյանի դեմ դատական հայցը, ըստ փաստաբանի՝ արհեստական աղմուկ ստեղծելու նպատակ ունի. «Փորձում է ցույց տալ, որ հալածանքի է ենթարկվում»

25-09-2018
3885 դիտում
Քոչարյանի կողմից Փաշինյանի դեմ դատական հայցը, ըստ փաստաբանի՝ արհեստական աղմուկ ստեղծելու նպատակ ունի. «Փորձում է ցույց տալ, որ հալածանքի է ենթարկվում»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց ներկայացնելով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձում է հանրության ուշադրությունը շեղել իր նկատմամբ հարուցված քրեական գործից, ցույց տալ, թե ինքը ենթարկվում է տարբեր հալածանքների, ինչը ծիծաղ է առաջացնում:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում փաստաբան Նորայր Նորիկյանը: Նրա խոսքով՝ մամուլում այս հայցադիմումի մասին հրապարակված տեղեկությունը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ դրանք այնքան ծանրակշիռ հիմքեր չեն, որոնք դատարանի համար հիմք կհանդիսանան բավարարելու Քոչարյանի հայցը:

«Իմ կարծիքով՝ իրավական հայց գրողները նպատակ են հետապնդում Ռոբերտ Քոչարյանի կողմից հասարակության ուշադրությունը շեղել իրեն առաջադրված մեղադրանքի շուրջ ծավալվող իրադարձություններից: Նպատակն է արհեստական աղմուկ ստեղծել, թե Քոչարյանը հետապնդման է ենթարկվում Հայաստանի նոր իշխանությունների կողմից, ստեղծել տպավորություն, որ ինքը որևէ մտավախություն չունի, ոչնչից չի վախենում, հակառակը՝ իր ենթադրյալ իրավունքների խախտման համար դիմում է դատարան»,- «Մեդիալաբին» ասում է Նորայր Նորիկյանը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից իր պատիվը և արժանապատվությունը պաշտպանել:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, որ հայցի հիմքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունն է, թե «այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

Հայկ Ալումյանի խոսքով՝ սպանության մասով մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին առաջադրված չէ, նման արարքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չունի: Հետևաբար, ըստ փաստաբանի, վարչապետի այդօրինակ հայտարարությունն անթույլատրելի է:

Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով՝ բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ ենթատեքստում է արվել վարչապետի այդ հայտարարությունը:
«Չի կարելի կոնտեքստից կտրված տեքստ հանել ու դնել հայցադիմումի հիմքում: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ եթե Փաշինյանն այդպիսի միտք է արտահայտել, այդ մտքի ենթատեքստը հետևյալն է, որ 2008 թվականի մարտի մեկին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը եղել է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, փաստացի գործող նախագահ: Հետևաբար, ինքն է հանդիսացել պետության գլուխը և համակարգել պետական մարմինների ողջ աշխատանքը, և այդ մարմինների ողջ աշխատանքի գործունեության հետևանքով փաստորեն իրականության մեջ մենք 10 զոհ ունենք: Փաշինյանի ասածն այս ենթատեքստում պետք է դիտարկել, որ Ռոբերտ Քոչարյանի՝ որպես գործող նախագահի պաշտոնավարման ընթացքում 10 քաղաքացի է սպանվել»,- նշում է Նորիկյանը:
Ըստ փաստաբանի՝ դժվար է ասել, թե դատարանն ի՛նչ դատական ակտ կհրապարակի, քանի որ դա դատարանի բացառիկ իրավասությունն է: Ավելին, նրա խոսքով, դժվար է ասել, թե այդ հայցապահանջն ինչ հեռանկար կունենա:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նաև հայց է ներկայացրել «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի (1in.am) դեմ՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին: Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին էլ՝ Սեդրակ Քոչարյանը, զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով սեպտեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:

«Պարզապես իմ գնահատականը հետևյալն է, որ այսպիսի իրավական գրոհներով Ռոբերտ Քոչարյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքը ոչ միայն մտահոգված չէ իրեն առաջադրված մեղադրանքից և դրա հետագա օրինական ու արդարացի հանգուցալուծումից, այլ ճիշտ հակառակը՝ փորձում է ցույց տալ, թե ինքը ենթարկվում է տարբեր հալածանքների, ինչը, մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում»,- հավելում է փաստաբան Նորիկյանը:

Նրա խոսքով՝ այս համատեքստում անհրաժեշտ ու ցանկալի է, որ Մարտի մեկի գործով ընթացող նախաքննությունը հնարավորինս արագ ավարտվի: «Նախաքննությունն արագ ավարտելուց և գործը դատարան ուղարկելուց հետո, երբ մենք ժամանակի ընթացքում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ դատաքննությունից հետո կունենանք դատական ակտ, այդ ժամանակ, ես վստահ եմ, այդ դատական ակտով պարզված կլինեն գործի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ Քոչարյանի դերակատարությունը: Դա հիմք կտա նաև Քոչարյանին, որ նա այսպիսի իրավական գրոհներ չանի, տպավորություն ստեղծելով, թե ինքը հալածյալի կարգավիճակում է»,- նշեց Նորայր Նորիկյանը:

Նրա խոսքով՝ եթե Քոչարյանը հալածվեր կամ քաղաքական հետապնդման ենթարկվեր, որևէ դատարան չէր համարձակվի փոխել նրա խափանման միջոցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am