Սեռավարակներ, արհեստական վիժումներ, չբերություն. երիտասարդները վտանգում են իրենց առողջությունը կարծրատիպերի պատճառով

15-09-2012
677 դիտում
Սեռավարակներ, արհեստական վիժումներ, չբերություն. երիտասարդները վտանգում են իրենց առողջությունը կարծրատիպերի պատճառով

Ընտանիքում ու դպրոցում սեռական կյանքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ չստանալու պատճառով սեռավարակներով հիվանդանալու և վերարտադրողական ֆունկցիայի խանգարման հավանականությունը հայ երիտասարդների շրջանում շատ բարձր է:

Պետության ու միջազգային կազմակերպությունների ջանքերը չեն կարող արդյունավետ լինել, քանի որ Հայաստանում մեծ տեղ ունեն բազմաթիվ կարծրատիպերն ու դրանցից բխող հասարակության քննադատական վերաբերմունքը:

25-ամյա Ելեն Մելքոնյանի առաջին սեռական փորձը եղել է 22 տարեկանում, և նա խոստովանում է, որ զուգընկերոջ հետ 3-ամյա հարաբերությունների ընթացքում երբեք չի դիմել բժշկի սեռավարակների դեմ ստուգվելու համար:

«Չեմ դիմել բժշկի, քանի որ երբեք գանգատներ կամ որևէ անհանգստացնող նշաններ չեմ ունեցել: Գրեթե միշտ պաշտպանվել ենք սեռական հարաբերություն ունենալիս, իհարկե, եղել են նաև դեպքեր, որ պահպանակ ընդհանրապես չենք օգտագործել, բայց ես միշտ վստահել եմ զուգընկերոջս և համոզված եղել, որ նրա մոտ սեռավարակ չկա»,- ասում է Մելքոնյանը (ամուսնացած չէ), որ առաջիկայում էլ չի պատրաստվում բժշկի դիմելու:

«Քանի դեռ ինձ անհանգստացնող ցավեր չունեմ, ինչի՞ պետք ա բժշկի դիմեմ»:

Բժիշկ-սեքսոլոգ Նարեկ Բաղդասարյանը «Մեդիալաբին» հայտնում է, որ վերջերս հասարակության մեջ մեծ տեղ են գտել թաքնված ինֆեկցիաները, որոնք կլինիկական որևէ արտահայտություն չեն ունենում, ընթանում են առանց ախտանշանների և կարող են հայտնաբերվել միայն ստուգման ընթացքում.

«Այդպիսի սեռավարակներ են, օրինակ` խլամիդիոզը, միկոպլազմոզը, ուրեապլազմոզը, որոնք ավելի թաքուն են ընթանում: Վերջերս նկատվում է նաև վատ միտում` մի անձի մոտ կարող են լինել ոչ թե մեկ, այլ մի քանի սեռավարակներ: Անգամ լինում է երեք սեռավարակ միասին»:

Սեռավարակների տարածման պատճառներից մեկը, ըստ Բաղդասարյանի, այն է, որ մինչամուսնական սեռական կյանքով ապրող երիտասարդներից շատերը չեն դիմում բժշկի. «Հասարակության մեջ կա մի զանգված, որի համար իսկական խնդիր է բժշկի դիմելը, որովհետև, մյուս կողմից էլ, խնդիր կա, որ բժշկին չեն վստահում»:

Ըստ մասնագետի՝ գաղտնիության պահպանման նպատակով այսօր շատերը նախընտրում են համացանցով խորհրդատվությունները, բայց այդ կերպ բժիշկը երբևէ չի չի շփվում հիվանդի հետ, և հիվանդի տված տեղեկությունները լինում են խիստ սահմանափակ, կցկտուր:

«Ես դեմ եմ ինտերնետային կոնսուլտացիաներին, այսպես կոչված` ինտերնետաբուժմանը, քանի որ դա ընդամենը PR նպատակ է հետապնդում, ապատեղեկատվությունն այստեղ ավելի շատ է, այդ իսկ պատճառով ավելի լավ է բժշկի դիմել և համարժեք բուժում ստանալ»,- բացատրում է Բաղդասարյանը:

23-ամյա Արմեն Իբրանյանն ամուսնացած չէ, առաջին սեռական փորձն ունեցել է 17 տարեկանում: Նշում է, որ 6 տարվա սեռական կյանքի ընթացքում միշտ պահպանակ է օգտագործել:

«Երբեք չէի մտածել բժշկի դիմելու մասին, քանի որ միշտ պաշտպանվել եմ: Բայց զուգընկերուհիս ինձ մի օր ասեց, որ իր մոտ վարակներ կան, ու ես էլ որոշեցի ստուգվել: Պարզվեց` ինձ մոտ էլ կան (տրիխոմոնիազ, գարներելա): Խնդիրը այն է, որ եղել էին դեպքեր, երբ սեռական ակտի ժամանակ պահպանակը պատռվել էր: Բարեբախտաբար, նոր էի վարակվել, և դրանք շատ չէին զարգացել: Մեկ ամսում շատ արագ բուժվեցի»,- ասում է Իբրանյանը՝ հավելելով, որ անկախ պաշտպանիչ միջոցներ կիրառելուց, այսուհետ տարին մեկ անգամ պարտադիր բժշկական ստուգում կանցնի և առավել հետևողական կլինի սեռական հիգիենայի հարցում:

Մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտական կենտրոնի վիճակագրական տվյալներով՝ 2011-ին, 2010-ի համեմատությամբ, սեռավարակներով հիվանդացությունը նվազել է 6 տոկոսով (17.441 դեպք): Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2011-ին ՁԻԱՀ վարակակիրների թիվը եղել է 87 (2010-ին՝ 95), ՄԻԱՎ-ինը՝ 182 (2010-ին՝ 148):

Այդուհանդերձ, այս տվյալները հանրապետությունում տիրող իրական վիճակը չեն արտացոլում:

«Սրանք չեն կարող բացարձակ թվեր լինել, քանի որ Հայաստանում հիվանդացության 40 տոկոսն է ընդամենը գրանցվում, այնպես որ, հիվանդացության աճը կամ նվազելը խիստ հարաբերական է: Ոմանք գնում են լաբորատորիաներում են հետազոտվում, այնտեղ բուժում ստանում, ոմանք պարզապես ինքնաբուժմամբ են զբաղվում՝ դեղատնից դեղ գնելով կամ, գինեկոլոգի դիմելիս, չեն գրանցվում, ուստի սա չի կարող բացարձակ պատկերը տալ»,- ասում է մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Գևորգ Փորսուղյանը:

Սեռավարակների տարածմանը նպաստում է երկրում սեռական կյանք սկսելու տարիքի նվազումը: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի 2010-ին անցկացրած ժողովրդագրական, առողջապահական հետազոտության տվյալներով՝ առաջին սեռական փորձը միջինը նվազել է մեկ տարով (աղջիկների մոտ` 20 տարեկան, տղաների մոտ՝ 19)` ի տարբերություն 2005-ի (աղջիկների մոտ` 21 տարեկան, տղաների մոտ՝ 20):

Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշում է, որ այս միտումն առաջ է բերում մի շարք ռիսկեր.

«Մինչամուսնական տարիքում սեռական հարաբերություններ ունենալիս առաջ են գալիս սեռավարակների տարածման, հղիանալու, դրան հետևող արհեստական վիժումների ռիսկեր, որոնք բերում են վերարտադրողական համակարգի խնդիրներ, հատկապես կանանց մոտ, ինչի բարձրագույն արտահայտությունը երկրորդային չբերությունն է»:

Հայրապետյանը հավելում է, որ Հայաստանում չբերության 17 տոկոսից 14-ը երկրորդային չբերություն է, որի պատճառներից մեկը աբորտն է, մյուսը` սեռավարակով վարակվելը և ճիշտ բուժում չստանալը:

2009-ին ՄԱԿ-ի գրասենյակի կատարած մեկ այլ՝ վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտության արդյունքներով՝ մինչև 24 տարեկան արական և իգական սեռի հարցվածների 69 տոկոսը պատասխանել է, որ երբեք չի դիմել բժշկի և պատճառը եղել է «ոչ հասանելին»:

«Հասանելիության խնդիրները մի քանիսն են, առաջինը՝ տարածության առումով հասանելի չէ, չեն կարող իրենց թույլ տալ գնալ, երկրորդ՝ ինֆորմացիան հասանելի չէ, չգիտեն, որ նման տեղ կա, ուր կարող են գնալ»,- նշում է Հայրապետյանը:

24-ամյա Սոնա Մամիկոնյանը շուրջ մեկ տարի զուգընկերոջ հետ առանց պաշտպանիչ միջոցների սեռական հարաբերություններից հետո երկու սեռավարակով է հիվանդացել:

«Շատ հազվադեպ էինք պահպանակ օգտագործում: Ընթացքում արդեն ախտանշաններն էլ կային՝ չափից շատ արտադրություն, տհաճ հոտ, բայց ես չէի մտածում, որ մոտս սեռավարակ կլինի: Ընկերուհուս խորհրդով գինեկոլոգի դիմեցի, և ստուգվելուց հետո պարզվեց, որ մոտս կա գարներելա և ուրեապլազմոզ: Գարներելան շատ շուտ անցավ, սակայն երեք ամիս բուժվելուց և երեք բժիշկ փոխելուց հետո նոր ազատվեցի ուրեապլազմոզից: Մինչդեռ եթե ճիշտ բուժում նշանակեին, միանգամից կբուժվեի»,- ասում է Մամիկոնյանը:

ՄԱԿ-ի հետազոտության տվյալներով՝ բուժհաստատություն դիմողների 62 տոկոսը դժգոհել է ծառայություններից, քանի որ իրեն բարյացակամ չեն վերաբերվել:

«Երիտասարդին, ով նոր մտնում է նման կյանք և առաջին անգամ է առերեսվում նման հարցերին, բավական դժվար է վեր կանգնել իր ամոթից, իր կարծրատիպից, գնալ բժշկի ու ասել՝ ես նման խնդիր ունեմ: Բայց կարծրատիպը ոչ միայն երիտասարդի մոտ է, այլև ծառայությունը տրամադրողի: Երբ երիտասարդ կինը կամ աղջիկը ինչ-որ խնդրով գնում է բժշկի, նրան արդեն նեգատիվ են վերաբերվում, և, բնականաբար, դա ստիպում է նրան հաջորդ անգամ չգնալ: Կամ էլ` ընդհանրապես չի գնում, որովհետև ընկերուհիներից լսել է, որ վատ են վերաբերվում»,- պարզաբանում է Հայրապետյանը:

Նա նշում է, որ որոշ բժիշկներ պատրաստ չեն համապատասխան վերաբերմունք ցուցաբերել երիտասարդին, որովհետև բացասական են գնահատում, եթե հասուն մարդը մինչ ամուսնությունը կարող է սեռական հարաբերություն ունենալ և վարակված լինել:

«Այդ վարքագիծն առկա է, և կարևոր քայլերից մեկը նաև ծառայություն տրամադրող բժիշկների այդ կարծրատիպը կոտրելն է: Պետք է շարունակել աշխատել առողջապահության նախարարության հետ և փորձել ճկուն լուծում գտնել, թե ինչպես կարելի է այդ ծառայությունները տրամադրել»:

Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նշում է, որ Երևան քաղաքում և հանրապետության մարզերում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ ստեղծվել են երիտասարդներին բարյացակամ վերարտադրողական ծառայություններ մատուցող կենտրոններ, ուր երիտասարդները կարող են դիմել, խորհրդատվություն ստանալ, անհրաժեշտության դեպքում` հետազոտվել և բուժվել:

«Սեռականության խանգարումների, անցանկալի հղիության, սեռավարակների, այդ թվում` ՄԻԱՎ-ի կանխարգելման առումով իրազեկման բարձրացման նպատակով հանրակրթական դպրոցներում ներդրվել է նաև «Կենսական հմտություններ» առարկան»,-ասում է Գ. Ավագյանը:

Սակայն, ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի դիտարկումների` դպրոցներում դասընթացներն այդքան էլ արդյունավետ չեն դասավանդվում:

«Ուսուցիչների մեծ մասը պատրաստ չէ խոսելու երիտասարդների հետ այդ խնդիրների վերաբերյալ, ավելին՝ դեպքեր են եղել, որ ուսուցիչը կաշկանդվածության պատճառով առաջարկել է երեխաներին դասից փախչել»,- պատմում է Հայրապետյանը:

Մինչդեռ երիտասարդները մնում են չտեղեկացված: Այսպես, ՄԱԿ-ի հետազոտության արդյունքներով` մինչև 24 տարեկան երիտասարդների շրջանում սեռական կյանքի վերաբերյալ ընտանիքից երբեք ինֆորմացիա չի ստանում հարցված տղաների մոտավորապես 50 տոկոսը, իսկ աղջիկների՝ 38 տոկոսը:

Ուսուցիչներից իրենց հարցերի պատասխանները չի ստանում հարցվածների 60 տոկոսը, ինչի հետևանքով տեղեկատվության հիմնական աղբյուրը երիտասարդների համար ընկերներն են (97 տոկոս), այնուհետև՝ հեռուստացույցը, համացանցն ու տպագիր տեղեկատվական աղբյուրները:

(Հոդվածում հերոսների անունները փոխված են)

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am