«Մենք ունենք մի հասարակություն, որի համար ընտանեկան բռնությունը չի գիտակցվում, այսինքն խնդրի լրջությունը չի ընկալվում». իրավապաշտպան

15-11-2018
486 դիտում
«Մենք ունենք մի հասարակություն, որի համար ընտանեկան բռնությունը չի գիտակցվում, այսինքն խնդրի լրջությունը չի ընկալվում». իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

- Տիկի՛ն Հովհաննիսյան, օրերս մենք ընտանեկան բռնության ևս մեկ զոհ ունեցանք. ամուսինը ծեծելով սպանել էր 20-ամյա կնոջը։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը, և ինչի՛ մասին է այն խոսում։ Արդյոք ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում կա՞ առհասարակ առաջընթաց, թե՞ ամեն ինչ դոփում է տեղում։

- Փաստորեն մեկ ամսվա կտրվածքով մենք երկրորդ զոհն ունեցանք։ Առաջին դեպքում 5 տարեկան երեխա էր, որ հոր ծեծի հետևանքով մահացել էր, և հիմա ունենք 20-ամյա կին, որը դարձյալ զուգընկերոջ կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացել է ստացած վնասվածքներից։

Այս ոլորտում մենք ունենք բավական կիսատ և ոչ այնքան լիարժեք գործող օրենք, որն ընդունվեց բավական մեծ դժվարությամբ։ Այդ օրենքի վերջնական տարբերակի վրա մեծապես ազդեցություն գործեցին հասարակության այն շերտերը, որոնք քարոզում են հետադիմական արժեքներ և բոլորովին զգայուն չեն գենդերային բռնության և մարդու իրավունքների նկատմամբ։

Ցավոք, պետությունը հագուրդ տվեց այդ խմբերին, և օրենքը բավական թերի և խնդրահարույց ստացվեց։ Այժմ մենք ունենք մի օրենք, որն ունի բազմաթիվ խնդիրներ, որը կատարման իմաստով ունի թույլ զգայունության խնդիր, վերապատրաստման լուրջ խնդիրներ կան։ Օրենքը պահանջում է, որ ոստիկանական համակարգն ավելի զգայուն լինի ընտանեկան բռնության դեպքերի նկատմամբ, բայց մենք կոնկրետ այս դեպքում էլ տեսնում ենք, որ անգամ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշների առկայության պարագայում, երբ բռնարարը գալիս է ոստիկանություն ու ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, նրան կարող են հանգիստ բաց թողնել։ Այսինքն՝ մենք ունենք մի հասարակություն, որի համար ընտանեկան բռնությունը չի գիտակցվում։

Ցավոք, այդ հասարակական ընկալումները ոստիկանության ներսում են, և ունենք մի վիճակ, որ եթե նման գործողությունը ցանկացած անձ կատարեր դրսում, նրան անմիջապես կձերբակալեին, բայց ընտանեկան բռնության պարագայում անգամ հաղորդագրության մեջ գրում են, որ ընտանեկան վեճի հետևանքով ծեծի է ենթարկել կնոջը, և վերջինս ստացել է վնասվածքներ։ Այսինքն՝ խնդրի լրջությունը չի ընկալվում, և խնդրի նկատմամբ բավականին մակերեսային մոտեցում է ցուցաբերվում։ Այն, որ Հայաստանում ընտանեկան բռնությունը քրեականացված չէ, մենք գիտենք, սակայն այս դեպքում մենք տեսնում ենք, որ անգամ անլուրջ մոտեցում է ցուցաբերվում։

Նաև կուզեի ավելացնել, որ վերջին ժամանակահատվածում ակտիվացել են տարբեր խմբեր, որոնք իրավապաշտպանների, մարդու իրավունքների խնդիրները բարձրաձայնողների հանդեպ արշավ են սկսել, հատկապես շեշտադրելով ավանդական արժեքը, ավանդական ընտանիքը և հակադրելով դրանք մարդու իրավունքների արժեքներին, ինչը ևս պետության բացթողումներից մեկն է, քանի որ նույն արշավ կազմակերպողների ճնշմամբ ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքում ամրագրվեց ավանդական ընտանիքի դրույթը, որը հակասում է իրավական սկզբունքին, որովհետև որևէ տեղ հնարավոր չէ գտնել, թե ի՛նչ է «ավանդական ընտանիք» ձևակերպումը։ Դրա տակ, իհարկե, սկսվում է այն անհավասարությունը, այն հայրիշխանական համակարգի պատկերը, որը հակասում է մարդու իրավունքների սկզբունքներին։

- Ինչո՞ւ ունենք այս իրավիճակը, և ի՞նչ պետք է անել իրավիճակը փոխելու համար, որ եթե մարդիկ բռնության դեպք են տեսնում, ահազանգեն։ Սա ավելի շատ օրենսդրակա՞ն, թե՞ հասարակական խնդիր է։

- Դա և՛ օրենսդրական խնդիր է, և՛ հասարակական, որովհետև նույն օրենքը, նույն Հայաստանի վավերացրած Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան հստակ պահանջում են սոցիալական նորմերի փոփոխության հանդեպ արշավներ կազմակերպել երկրում, որպեսզի մարդկանց գիտակցության մեջ ընկալումները փոխվեն։ Մենք դա տարիներ շարունակ չենք տեսնում, և դրա արդյունքն է, որ Հայաստանում մարդու իրավունքների նկատմամբ հակաքարոզչություն է իրականացվում, որը կրում է բավական ագրեսիվ բնույթ, և թիրախավորվում են իրավապաշտպանները, այնինչ դա պետության գործառույթն է։ Պետությունն է պարտավոր իր հասարակության ներսում կատարել այն աշխատանքը, որը կոչվում է գիտակցության փոփոխություն։

21-րդ դարում ունենալ հասարակական գիտակցություն, որն ընդհանրապես հակասում է մարդու իրավունքների վերաբերյալ ժամանակակից պատկերացումներին, հակասում է այն սկզբունքներին, որոնք ամրագրված են Սահմանադրության մեջ, մենք տեսնում ենք մի իրավիճակ, երբ թղթի վրա երբեմն վավերացվում են գեղեցիկ միջազգային փաստաթղթեր, կամ ընդունվում են կիսատ-պռատ օրենքներ, որոնք չեն ունենում բավարար մեխանիզմներ դրանք գործի դնելու համար, բայց հասարակության գիտակցության մեջ որևէ բան չի փոխվում։ Երբ շատերը բարձրաձայնում են ավանդական արժեքներ քարոզողների կողմից ագրեսիվ մոտեցումների մասին, նույն պետության կողմից համապատասխան արձագանք չի լինում։

Անգամ սկսում են արդարանալ, որ կոնկրետ իրենք ունեն ավանդական ընտանիք՝ չնայելով անգամ հայ դասականներին, որոնք քննադատում և ցույց էին տալիս ավանդական ընտանիքի արատները՝ «Պսակեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին» կամ «Թե ի՞նչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց»։ Հայ դասական գրականությունը վաղուց հակադարձել է այդ արատավոր պրակտիկային։ Այդ գործերով հայ դասականները քննադատել են ընտանեկան բռնության, կնոջ ստորադաս վիճակի, կախվածության, վաղաժամ ամուսնության իրողությունները, որոնք այսօր հասարակության մեջ կոչում են ընտանեկան արժեքներ։

Անգամ չանդրադառնալով հայ դասականներին՝ մենք շարունակում ենք թափահարել այն արատավոր երևույթները, համարում ենք դրանք արժեք։ Իսկ այն իրավապաշտպանները, որոնք այդտեղ լուրջ խնդիր են տեսնում ու պայքարում են դրա դեմ, դառնում են հակաքարոզչության թիրախ։

- Հիմա ՀՀԿ-ն իր քարոզարշավը փորձում է կառուցել ընտանիքի, եկեղեցու, ավանդական արժեքների վրա։ Ինչո՞վ է պայմանավորված ՀՀԿ-ի նման դիրքորոշումը, և կարո՞ղ է այդ խնդիրները շահարկելով ՀՀԿ-ն հանրության մեջ պատկերացում փոխել իր նկատմամբ։ Ինչո՞ւ է ՀՀԿ-ն երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները թողած՝ շեփորահարում, թե ո՛ր արժեքները պետք է պահպանել։

- Ընդհանրապես ցանկացած վճռորոշ փուլում, երբ արժեքային ընտրություն պետք է կատարվի, թե ուր ենք գնում, ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ, մշտապես հակադրվում է այդ հետադիմական մոտեցումը ժամանակակից, առաջադեմ մոտեցումներին, մարդու իրավունքներին ու մարդասիրությանը։

Ցավոք, հասարակությունն ամենևին կրթված չէ ընկալելու համար այն պատկերացումները, որոնք առաջադեմ են։ Եթե հիմա մենք հագուրդ տանք պոպուլիզմին և խաղանք հասարակության վախերի վրա, որ, ա՛յ, գիտեք, եթե կանայք իմանան իրենց իրավունքները, պաշտպանեն իրենց իրավունքները, նրանք հայ ավանդական ընտանիքին համապատասխան հնազանդություն չեն ցուցաբերի, ինչը սպառնալիք է։ Նրանք անընդհատ շեշտադրում են ոչ թե մարդու ազատագրման պատկերացումները, այլ անվտանգության և պահպանողականության սկզբունքները։

Անվտանգություն երևույթն առաջին հերթին կապված է մարդու ազատագրման և մարդու իրավունքների հետ։ Եթե մենք դիտարկում ենք վերջին հեղափոխության զարգացումները, դրանք տեղի ունեցան միայն նրա համար, որ մարդը այս հասարակության մեջ ոչինչ էր, ստորացված էր և չուներ ոչ մի պաշտպանվածություն։

Այդ ամենից եզրակացություն չանել և շարունակել մարդուն դնել ստորադաս վիճակում, շեշտադրել, որ ազատագրված մարդը անվտանգությանը սպառնալիք է, ես դա համարում եմ վտանգավոր մեր երկրի, մեր պետականության համար։ Դրանք օգտագործում են այն ուժերը, որոնք ուզում են խաղալ մարդկանց վախերի, չկրթվածության, հետադիմական պատկերացումների վրա՝ առավելագույն ձայներ ստանալու ակնկալիքով։

Մանե Հարությունյան

MediaLab.am