«Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը ուղղակի թեստ է, որը կարող է հետագայում բերել նման օրինագծի ընդունմանը». Անուշ Սեդրակյան

19-11-2018
1189 դիտում
«Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը ուղղակի թեստ է, որը կարող է հետագայում բերել նման օրինագծի ընդունմանը». Անուշ Սեդրակյան

«ՄեդիաԼաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

- Տիկի՛ն Սեդրակյան, ասպարեզ է բերվել մի գաղափար, ըստ որի պետք է անցնել եկամուտների համատարած հայտարարագրման սկզբունքին, արդյունքում պետք է 23 տոկոս եկամտային հարկով հարկվեն խոպանչիների եկամուտները։ Ինչպե՞ս եք գնահատում այդ նախաձեռնությունը, և ի՞նչ վտանգներ է այն պարունակում։

- Եթե այդ տեղեկատվությունը հավաստի է, ուրեմն դա շատ անհավասարակշիռ քաղաքականության արդյունք է, որովհետև ընտրություններից առաջ նման նախաձեռնություն առաջ քաշելը արդեն հղի է որոշակի ռեյտինգային անկումով։ Դրա համար ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը ուղղակի թեստ է, որը կարող է հետագայում բերել նման օրինագծի ընդունմանը։ Բայց թող որևէ մեկը չկարծի, որ դա ռեյտինգի հետագա անկմանը չի նպաստելու և չի առաջացնելու սոցիալական դժգոհություն։ Վերջիվերջո, պետությունը պարտավոր է իր քաղաքացուն ապահովել արժանավայել աշխատանքով և արժանավայել վարձատրությամբ։ Եթե քաղաքացին ինքն է գտել իր գլխի ճարը, պետությունը դրա մեջ, կոպիտ ասած, փայ մտնելու իրավունք չունի։

- Նախորդ իշխանության ժամանակ էլ խոսվել է խոպաչիներին հարկելու հնարավորության մասին։ Ստացվում է, որ սա հին իներցիայի շարունակությո՞ւնն է։

- Ակնհայտ է մի բան, որ բյուջեում փող չկա, հետևաբար, կյանքի են կոչվում այսպիսի ոչ պոպուլյար նախաձեռնություններ, որովհետև մարդիկ կարծում են, որ դա ավելի նպատակահարմար մեթոդ է, քան, ասենք, մի գեղեցիկ օր թոշակներն ու աշխատավարձերը չվճարելը։ Ինձ թվում է, որ պատասխանատվություն վերցնելը նաև ստեղծված վիճակից ելքեր փնտրելու և գտնելու մեջ է, և սա նախընտրելի տարբերակ չէ։

- Իսկ ո՞վ է մեղավոր, որ բյուջեում փող չկա։ Շատ են խոսում ներդրումների մասին, բայց դեռ նման հոսք չենք տեսնում։

- Առայժմ մեղավորը ՀՀԿ-ն է, իսկ հետո կտեսնենք, թե ի՛նչ կլինի։ Ես տնտեսագետ չեմ, բայց իմ շրջապատում առկա տնտեսագետներն անում են, մեղմ ասած, ոչ այնքան լավատեսական կանխատեսումներ։ Շատ ուրախ կլինեի, եթե ներդրումների հոսք լիներ, բայց դրա նշանները չեմ տեսնում։

- Իշխանությունները հայտարարում են, որ կոռուպցիա չկա, կոչ են անում բոլորին գալ ու ներդրումներ անել Հայաստանում։ Ո՞րն է պատճառը, որ չեն գալիս ներդրողները, արդյո՞ք պատճառը ընտրություններն էին։

- Չեմ կարծում, թե պատճառը ընտրություններն են, կարծում եմ՝ այլ խնդիր կա. իհարկե, համակարգային կոռուպցիան մեծապես նպաստում էր մեր բնակչության սնանկացմանը, բայց, միաժամանակ, կան ավելի ուրիշ գործուն մեխանիզմներ, այն է՝ պետության շրջափակումը և ինվեստիցիոն մեխանիզմների բացակայությունը, և էլի մենք կանգնում ենք նույն գաղափարի առջև, որը ես բազմիցս արտահայտել եմ՝ ներդրումները պետք է բերվեն ոչ Ռուսաստանից կամ սփյուռքի շրջանակներից։ Դրանց աղբյուրն Արևմուտքն է, և պետք է Արևմուտքի հետ լեզու գտնենք։

- Հաջորդ խորհրդարանում կարող է չլինեն Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու կողմնակից ուժեր։ Դուք այստեղ վտանգներ տեսնո՞ւմ եք։

- Միանշանակ տեսնում եմ, որովհետև եթե մեզ մոտ հաղթում է ինքնաբավ ժողովրդավարությունը, և մենք մեր հույսերը չենք կապում որևէ գերտերության հետ, ինչը ճիշտ է, միաժամանակ, արդեն ակնհայտ է դառնում, որ ինքնաբավ լինելու համար մենք պետք է լինենք շատ պատրաստված։ Բայց արդյոք մենք այդքան պատրաստվա՞ծ ենք։

- Վերջին շրջանում շատ են խոսում հայրենադարձության, հայրենիքը շենացնելու, ավելի լավը դարձնելու մասին։ Ընտրություններից հետո իշխանությունն ավելի շա՞տ է բախվելու գորշ իրականության հետ։

- Արդեն բախվում է, և դա գորշ իրականություն չէ։ Հեղափոխական առօրյա էյֆորիկ է, իսկ կառավարման առօրյան գորշ, ձանձրալի, մեծ ջանքեր պահանջող առօրյա է։

Մանե Հարությունյան

MediaLab.am