«Ես Գոռ Վարդանյանին հրավիրել եմ մենամարտի և մենք անպայման ընկերական մենամարտ կունենանք»․ Մարինա  Խաչատրյան

22-11-2018
2480 դիտում
«Ես Գոռ Վարդանյանին հրավիրել եմ մենամարտի և մենք անպայման ընկերական մենամարտ կունենանք»․ Մարինա  Խաչատրյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Երկիր ծիրանի» կուսակցության նախկին անդամ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Մարինա Խաչատրյանը:

- Տիկի՛ն Խաչատրյան, ինչո՞ւ եք որոշել ԲՀԿ ցուցակով առաջադրվել:

- Առաջադրվել եմ ԲՀԿ ցուցակով, սակայն որպես անկուսակցական: Ես իմ թիմի հետ միասին նախաձեռնել եմ նոր կուսակցության հիմնում՝ «Արժանապատիվ Հայաստան», սակայն այս փուլում մեր կուսակցությունը դեռևս գրանցված չէ, և չէինք կարող մասնակցել ընտրություններին: Եղել են հանդիպումներ տարբեր քաղաքական ուժերի հետ, ուսումնասիրել ենք այդ քաղաքական ուժերի ծրագրերը, որոնք ամենակարևորն են այս պահին: Միայն գեղեցիկ խոսքերին չի կարելի հավատալ, գործին է պետք նայել:

Անկեղծ ասած, ուսումնասիրել եմ նաև այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչների նախկինում կատարած քայլերը: Եվ միայն Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի պարագայում տեսա կառուցողական մոտեցում: Մենք քանդեցինք նախկին համակարգը, իհարկե, ոչ լրիվ, դեռևս քանդելու շատ բան ունենք, սակայն եթե հիմա ամբողջությամբ քանդենք, ապա կմնանք դատարակ տարածության վրա, առանց գործարանների, աշխատատեղերի, մեր հայրենակիցները կարտագաղթեն:

Իսկ դա ես չեմ ուզում, ես ուզում եմ, որ համակարգը քանդելու հետ միաժամանակ մենք նաև կառուցենք: Եվ Գագիկ Ծառուկյանը բավական մեծ աշխատանք է կատարել, շատ աշխատատեղեր է ստեղծել և զարգացնում է երկիրը: Նաև ուսումնասիրեցի այն ներդրումային ծրագրերը, որոնք նա կատարել և պատրաստվում է կատարել և հավատով լցվեցի դեպի իր ղեկավարած ուժը: Անկեղծ պետք է լինեմ, ես սիրով եմ ընդունել այդ առաջարկությունը, ես ամեն ինչ ընդհանրապես սիրով եմ անում:

- Համացանցում քննադատության արժանացավ ձեր լուսանկարը Գոռ Վարդանյանի հետ, պատվոգիր էիք ստացել նրանից: Դուք հայտարարել եք, որ նախկինում Երևանի ավագանու հայտնի նիստում տեղի ունեցած վեճի ժամանակ Գոռ Վարդանյանը ոչ թե ձեզ ուժով շպրտել է, այլ ուղղակի փրկել: Ինչո՞ւ եք փոխել ձեր դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ նախկինում պնդում էիք, թե Երևանի նախկին քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը ձեր նկատմամբ ուժ է կիրառել:

- Ես իմ դիրքորոշումը հիմա չեմ փոխել, ես փոխել եմ ամիսներ առաջ այն բանից հետո, երբ պարզապես ուսումնասիրեցի այդ տեսագրությունները: Այո՛, մի փոքր կոպիտ ձևով է եղել ինձ դուրս հանելը: Ես հասկանում եմ դա, որովհետև ինքս չէի ուզում դուրս գալ և դիմադրում էի: Ես, իհարկե, Գոռ Վարդանյանին հետագայում հրավիրել եմ մենամարտի, քանի որ ինքը սպորտով է զբաղվում: Սակայն հասկանում եք, որ ես նրա պրոֆեսիոնալիզմը չունեմ, մի փոքր դառնամ պրոֆեսիոնալ, և մենք անպայման ընկերական մենամարտ կունենանք:

- Ո՞նց եք պատկերացնում Գոռ Վարդանյանի հետ մենամարտը:

- Դեռ չգիտեմ, չեմ պատկերացնում, դեռ պետք է մարզվեմ:

- Ինքն ընդունե՞լ է ձեր հրավերը, թե՞ դեռ հապաղում է:

- Ես նախնական եմ իրեն ասել, ինչո՞ւ պետք է հապաղի, ինքն ի՛նչ խնդիր ունի, ես խնդիր ունեմ հաղթելու: Ինչ վերաբերում է այդ լուսանկարին ու գործընթացին, ես շատ լավ հասկանում էի, որ արժանանալու եմ քննադատության, հատկապես նախընտրական շրջանում մեծ հարված է լինելու իմ վարկանիշին: Սակայն այս պահին ես սարսափելի իրավիճակ եմ տեսնում մեր հանրապետությունում, այն է՝ մեր հայրենակիցներին փորձում են իրար դեմ հանել, պառակտել, որպեսզի ավելի թուլացնեն մեր պետությունը:

Տարբեր եղանակներով են դա անում՝ և՛ ԼԳԲՏ համայնքի ներդրումով, և՛ մեր Առաքելական եկեղեցու դեմ միջոցառումներ կազմակերպելով, և՛ տարբեր արտաքին ուժերի ֆինանսավորմամբ և ազդեցությամբ կատարվող գործողություններով, անիմաստ քննադատություններով: Շատ ցավալի է, ես մեր ժողովրդի մոտ նկատում եմ ատելության վերածնունդ: Մենք սիրո և համերաշխության հեղափոխություն արեցինք, և այդ համերաշխությունը, ժպիտը բավականին ոգևորում էին, հույս տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու: Իսկ հիմա ամեն ինչ վերածվում է ատելության: Մի հաշտ ու համերաշխ ելույթ ես այդպես էլ չեմ լսում:

- Այդ պատճառո՞վ որոշեցիք գնալ ու կանգնել Գոռ Վարդանյանի կողքին:

- Դրա համար ես որոշեցի առաջին քայլն ինքս անել, ցույց տալ, որ հայը հայի դեմ չպետք է թշնամանա: Պետք է մոռանալ այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Հիմա իրենք էլ կարող են մեզ ասել՝ մենք այդ գարշահոտությունից վատ զգացինք:

- Իսկ ինքն ի՞նչն է ասում, իրո՞ք փորձել էր ձեզ փրկել այդ օրը:

- Ինչ վերաբերում է «փրկել» բառին, ես այդ բառը չեմ ասել: Ասել եմ՝ նա պաշտպանել է ինձ: Քաղաքապետարանում հինգերորդ հարկում կան ձողեր հենց այն հատվածում որտեղ ես գտնվում էի, որոնք լավ ամրացված չեն: Ես հետագայում նաև դա ուսումնասիրեցի, երբ իմացա ինձ դուրս հանելու պատճառը: Գնացի, հարցում արեցի և հասկացա, որ այդ ձողերն ամրացված չեն: Եվ եթե հանկարծ որևէ մեկն ինձ հրեր, ապա ես հինգերորդ հարկից ընկնելու էի ներքև:

- Բայց Գոռ Վարդանյանը ձեզ ավագանու նիստերի դահլիճից վերցրեց ու կոպիտ դուրս նետեց, ի՞նչ ձողեր:

- Այո՛, հենց այդ սենյակում էր, այդպես է բացատրությունը: Եվ այդ պատճառով ես գտնում եմ, որ միայն այն փաստը, որ նա թույլ չտվեց, որ ինձ հրեն… ես չգիտեմ՝ ինձ ի՛նչ կանեին այդ պահին: Գոռ Վարդանյանն ինձ ասաց, որ ինձ դուրս է բերել, որ և՛ հարձակումները դադարեն, և՛ որպեսզի ես չընկնեմ: Եվ ես նաև հետաքրքրվեցի, այդ ձողերի պահը իրականությանը համապատասխանում էր:

- ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ ատելություն պարունակող հայտարարություն էիք արել, ասել էիք՝ պատրաստ եք բահերով կռվել նրանց դեմ:

- Ես նշեցի, որ ԼԳԲՏ համայնքի քարոզը համարում եմ որպես սպառնալիք մեր ազգային անվտանգությանը: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ապրելու այնպես, ինչպես ինքն է ցանկանում, սակայն մեր ազատություններն ու իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են դիմացինինը:

Մենք ունենք կրթական ծրագրեր, որոնցով մեր սերունդներին մեծացնում ենք, և ես գտնում եմ, որ այդտեղ տեղ չունեն այդ մոտեցումները: Պետք է արգելենք ագիտացիան, դա պետք է օրենքի ուժով արգելվի: Օրինակ՝ ներեցեք, բայց թույլ չեն տալիս, որ նացիզմը ագիտացիա անեն, չէ՞, սատանիզմը թույլ չեն տալիս, որ ագիտացիա անեն:

Ա՛յ սա նմանատիպ մի բան է, պետք է արգելել ագիտացիան: Իսկ ինչ վերաբերում է բահերին, ապա քանի որ ես չեմ ուզում զենք բռնեմ ձեռքիս, զենքը կբռնեմ, երբ սահմանին կպաշտպանեմ մեր երկիրը, ապա դա մի գործիք է, որը նաև օգտագործվում է բարի նպատակներով՝ հողագործության և երկիր կառուցելու նպատակով է օգտագործվում բահը: Այդ գործիքը, որ ես հիմա օգտագործում եմ որպես երկիրը շենացնելու միջոց, ես պատրաստ եմ նաև որպես զենք օգտագործել՝ պաշտպանելու մեր ազգայինը:

- Զարուհի Փոստանջյանը վերջերս ասել էր, որ ձեզ որպես բժշկուհի էին ներառել «Երկիր ծիրանի» կուսակցություն, ի՞նչը պետք է բուժեիք:

- Որպես բժիշկ՝ մարդն աշխատում է հիվանդանոցում, պոլիկլինիկայում, սակայն ոչ կուսակցությունում: Երկրորդ՝ նրանք իրենց կանոնադրության մեջ կետ ունեն, ըստ որի՝ դու դիմում ներկայացնելուց երեք ամիս անց ես պատասխան ստանում՝ հանդիսանո՞ւմ ես կուսակցության անդամ, թե՞ ոչ: Եվ ընտրությունների ժամանակ, դառնալով Երևանի ավագանու խմբակցության անդամ և չստանալով բացասական պատասխան, որ չեմ կարող լինել իրենց կուսակցության անդամ, ես կուսակցության անդամ էի:

Երբ շուրջ մեկուկես տարի առաջ մտնում էի քաղաքականություն՝ որպես ընդդիմություն, և իրապես դեմ էի այն ռեժիմին, որը գործում էր, մարդիկ ասում էին՝ դու բժիշկ ես, քո ինչի՞ն է պետք, մեկ է, ոչինչ չի փոխվելու: Ասում էի՝ ես հավատում եմ, որ մենք անելու ենք հեղափոխություն: Հետո այդ մարդիկ իրենք էին պարծենում՝ մենք արեցինք հեղափոխություն: Հիմա ես ասում եմ՝ այս ատելության մթնոլորտը, որն ստեղծվել է մեր հանրապետությունում, ինձ համար անհանդուրժելի է, սակայն ես չեմ ուզում մարդկանց ասել՝ մեկդ այս կողմ գնացեք, մյուսդ՝ այն կողմ: Հակառակը՝ մարդիկ պետք է միանան իրար, պետք է դադարեն ատելը: Որպես բժիշկ երբ նայում եմ այս ամենին, պատկերացրեք կա մի թարախակույտ, որը պետք է բացես ու դատարկես: Ահա իմ այս քայլը շատ սուր քայլ էր, բայց ես գտնում եմ, որ այդ դանակի կտրվածքն է, որը պետք է ատելությունը հանի մարդկանց միջից:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am