Ռսի օրհնված սապոգը և Գյումրու ողբերգությունը

12-12-2018
2467 դիտում
Ռսի օրհնված սապոգը և Գյումրու ողբերգությունը

Դեկտեմբերի 3-ը գուժեց հերթական դաժան սպանության մասին: Շատերի համար այն հերթական ահասարսուռն էր: Կին էր՝ փողոց մաքրող կին, որն իր օրվա հացն էր վաստակում մեր թափածը հավաքելով: Բայց, պարզվում է, ճիշտ տեղում չէր հայտնվել ու ճիշտ ժամանակին: Շատերի համար այս սպանությունը կլինի հերթականը և կդառնա վիճակագրության մաս: Ողբերգությունն իրավամբ կհասկանան ու այդ ողբերգության կրողը կլինեն սպանված կնոջ ընտանիքը, հարազատները: Ինչքան էլ ուզում է գրենք, բարձրաձայնենք կամ աղաղակենք, միևնույն է՝ մահացածին հետ չես բերի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան սպանողը պետք է լիներ նրան պաշտպանողը: Այո, հենց այդպես: Այդպես է մեր միջազգային պայմանագրերով, այդպես է մտած մեր մտածողության մեջ: Աբովյանը՝ այդ մեծանուն հայը, օրհնել է ռսի սապոգն ու վե՛րջ: Դա էլ չի քննարկվում, առանց ռսի մենք կորած ենք:

Իսկ ռսի օրհնյալ սապոգը առաջին հայը չէ, որ սպանում է: Տողերիս հեղինակը բնավ միտք չունի սեպ խրելու հայ-ռուսական թվացյալ բարեկամության կամ իրական բարեկամության մեջ: Քավ լիցի: Ես համոզված եմ, որ եթե ազգերին չհամոզեն, ապա ազգերը թշնամի չեն լինում: Թշնամի կարող են լինել անհատները:

Բայց եկեք փորձենք դատել սառը գլխով: Ամեն ինչ ու զրոյից՝ սկսած մեր պահվածքից: Արդեն մոռացել եմ, թե սա որերո՛րդ դեպքն է 102-րդ բազայի հետ կապված, որի հետևանքով մենք տուժում ենք: Այո՛՝ մե՛նք: Ոչ միայն սպանվողները և նրանց ընտանիքները, այլ նաև մենք՝ հավաքական կերպարը:

90-ականների վերջերին երկուսը հարբած դուրս եկան ու սկսեցին քաղաքի բանուկ փողոցներից մեկում աջ ու ձախ կրակել: Եղավ ողբերգություն: Մենք չիմացանք նրանց հետագա ճակատագիրը: Ռուսական կողմը հավաստիացրեց, թե դատվել են: Իսկ վերջերս, ըստ շրջանառվող լուրերի, դրանցից մեկը կրկին սպանում էր: Այս անգամ իրեն ավելի եղբայրական ժողովրդի՝ ուկրաինացիներին:

Պերմյակովի մասին հիշեցնելու կարիք չկա:

Ո՞ւր է նա, որտե՞ղ է կրում իր պատիժը, հայկական պաշտոնական շրջանակներին, ի դեմս նախկին որոշ հաստագլուխների, երբևէ հուզե՞ց այս հարցը: Թե՞ պետք էր աղմուկը փակել ու փակեցին: Ոչինչ, որ փակելուց ավելի շատ հիշեցին իրենց եղած-չեղածը…

Դանակահարությունների, կրակոցների ու այլ մանր-մունր հանցագործությունների վիճակագրությունն արդեն կորցրել եմ: Բայց, իհարկե, պետք է լռե՞լ: Գիտե՞ք ինչու, որովհետև այդ ռուսը պաշտպանում է մեզ թուրքից: Այո՛, այո՛, մեր օրերում այդպես են ասում:

Դե, պաշտպանում է, ի՞նչ կլինի, որ մեկ-մեկ էլ սպանի:

Ու միշտ են սպանել՝ ցարի ժամանակ թե բոլշևիկի օրոք, կարմիրների ու սպիտակների պատերազմում, մեր երկրում թե իրենց քաղաքներում: Սպանել են թեկուզ նրա համար, որ կովկասցի ենք, որ մեր երրորդային մազածածկույթն ավելի խիտ է: Բնությունն է այդպես հարմար գտել:

Թուրքը սպանում էր մեր նախնիներին՝ քրիստոնյա լինելու համար, ռուսին աջակցելու համար: Իսկ ռուսը սպանում է մեզ՝ կովկասցի լինելու համար: Այս աբսուրդից գլուխ կհանե՞ք: Չե՛ք հանի, ընկերնե՛ր, բացառված է: Դեռ մսխվելու ենք: Նրանց համար դեռ գուբերնիա ենք: Նրանց համար դեռ մնում ենք Պուշկինի նկարագրած լակոտների իրավիճակում:

Ունե՞նք հարցեր տալու իրավունք: Իհարկե ունենք: Ունենք նաև իրավունք պատասխաններ պահանջելու: Ինչո՞ւ այս գործով հստակություն չկա: Ինչո՞ւ չգիտենք սպանողի անուն-ազգանունը: Ո՞վ է դատելու նրան: Էլի՞ ընկրկելու ենք: Էլի՞ դատվելու է յուր երկրի օրենքներով, իսկ հարմար պահին կուղարկեն Սիրիա: Այնտեղ էլ սպանելու շատ մարդիկ կան:

Իսկ հարցերի հարցը մնում է:

Ո՞վ ումից է պաշտպանում ու պաշտպանողին ո՞վ է տվել սպանելու իրավունք:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am