ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամԲրեդՇերմանը կոչ է անում Գլոբալ Մագնիցկու ակտով նախատեսված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են Արցախոմ քաղաքացիական անձանց թիրախավորելու համար: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Շերմանն այս մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր էջում:

«Ժամանակն է, որ Միացյալ նահանգները կիրառի Գլոբալ Մագնիցկու պատժամիջոցները ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների վրա, որոնք պատասխանատու են Արցախում քաղաքացիական անձանց թիրախավորելու համար»,- գրել է Շերմանը:

Նա հավելել է, որ ժամանակն է նաև առանց հապաղելու դադարեցնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը՝ ներառյալ ցանկացած զենքի վաճառքը, անվտանգային օգնությունը և վարժանքները: 

Գլոբալ Մագնիցկու ակտը ԱՄՆ գործադիր իշխանությանը թույլ է տալիս վիզային արգելքներ և նպատակային պատժամիջոցներ կիրառել աշխարհի ցանկացած կետում գտնվող անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են հատկապես մարդու իրավունքների խախտումների համար: Այն թույլ է տալիս սառեցնել ԱՄՆ-ում ունեցած ակտիվները և սահմանել դեպի ԱՄՆ մուտքի արգելք:

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված  ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական անձանց, արդյունքում կան թե վիրավորներ, թե զոհեր: Արցախում սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ զոհվել է 20 խաղաղ քաղաքացի, վիրավորվել՝ 93: