Մինչ խորհրդարանը արտահերթ կարգով քննարկում է «Նաիրիտ» գործարանի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, խորհրդարանի մուտքի մոտ բողոքի ակցիա են անում գործարանի աշխատակիցները:
«Նաիրիտի» աշխատակիցները պահանջում են, որպեսզի խորհրդարանն ընդունի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը:
«Ստոպ Նաիրիտի կործանմանը»,- ասում են գործարանի աշխատակիցները:
«Նաիրիտ» գործարանի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես է եկել ՀՅԴ խմբակցությունը:
Ցուցարարները դրսում սպասում են ՀՅԴ պատգամավորներին, որպեսզի մեկնաբանություններ ստանան նրանցից:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել այս առաջարկին, սակայն ՀՅԴ-ն նախագիծն անհետաձգելի է համարել ու ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ մտցրել:
Խորհրդարանում թեժ բանավեճ տեղի ունեցավ հարցի վերաբերյալ: Նախ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե կանխամտածված ձևով «Նաիրիտ» գործարանի սնանկացում է տեղի ունենում:
Նա ասաց, որ «Նաիրիտի» գործով պետությանը հասցվել է 200-400 մլն դոլարի վնաս:
Հանձնաժողովի նպատակն է լինելու «Նաիրտի» շուրջ տեղի ունեցած բոլոր գործարքների բացահայտումը, ինչպես նաև գորածարանի հետագա ճակատագրի հետ կապված հարցերը քննարկելը:
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հանձնաժողովի անդամները նաև համագործակցելու են իրավապահ մարմինների հետ, նրա խոսքով՝ մեղավորներին պետք է բացահայտել և քրեական գործեր հարուցել:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հանձնաժողով ստեղծելու հարցին: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ չպետք է իրավապահ մարմիններից առաջ ընկնել, եթե չարաշահումներ են եղել, պետք է իրավապահները գործեր հարուցեն:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Վարդան Այվազյանին հարցրեց, թե ինչո՞ւ որպես տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ չի դիմել իրավապահներին, չէ՞ որ չարաշահումների մասին տեղեկատվությունը կա:
«Ուզո՞ւմ եք միասին դիմենք դատարան»,- հարցրեց Վարդան Այվազյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե «Նաիրիտի» 2500 աշխատակիցներ ամեն ամիս շքերթ են կազմակերպում, որպեսզի ստանան իրենց չվճարված աշխատավարձերը: Իսկ այդ նույն ժամանակահատվածում վարչապետի եղբայրը, ով «Նաիրտում» տնօրենի տեղակալ էր, իրեն 42 մլն դրամ պարգևատրում էր դուրս գրել: Վարչապետի մյուս եղբայրը, նրա խոսքով, «Նաիրիտի» սարքավորումներն արտահանեց Չինաստան:
Նա նշեց, որ «Նաիրիտը» վերածվել է ջարդոնի, իսկ իշխանություններն ասում են, թե ընդդիմությունը քաղաքական շահարկման հարց է դարձրել այս խնդիրը:
ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն էլ իր ելույթում ասաց, որ վարչապետի մի եղբորը «Նաիրիտում» ենք տեսնում, մյուս եղբորը` Չինաստանում:
«Վարչապետի սանիկը դառնում է ֆինանսների նախարար, նրա կինը՝ ֆինանսական համակարգի հաշտարար: Վերջ տվեք սրան, Մայդա՞ն եք ուզում: Հասարակ բան ենք ասում՝ գողություն է կատարվել, պետք է բացահայտել: Ես ձեր ներդրումային ծրագրերին չեմ հավատում, հինգ անգամ Վանաձորի քիմիական գործարան բացեցիք, որից չորս անգամը բացեց վարչապետը: Այո, ոչ թե կասկածում ենք, մենք ձեզ չենք վստահում»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ եթե կառավարությունն ուզեր սնանկացնել «Նաիրիտը», երեք-չորս տարի առաջ կար խնդիրը, կսնանկացներ:
««Նաիրիտում» մեծ ծրագիր է իրականացվում հիմա՝ կապված «Ռոսնեֆտ» ընկերության հետ: Ճիշտ չէ այս պահին որևէ հանձնաժողով ստեղծել և փորձել այս հարցը շահարկման թեմա դարձնել: Վերջապես գտնվել է մի ընկերություն, որը պատրաստ է 500 մլն դոլարի ներդրում կատարել Նաիրիտում»,- ասաց Արմեն Մովսիսյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, առաջիկայում անպայման խորհրդարանն անդրադարձ կկատարի այս հարցին, և հանձնաժողով կստեղծվի, պարզապես այժմ նպատակահարմար չէ:
Նա ասաց, որ հարիր չէ ԱԺ ամբիոնից հինգ րոպեն մեկ վարչապետին փնովել՝ հիշատակելով նրա եղբայրների գործունեության մասին:
© Medialab.am