Միլիոնատերերի կենացներն ու գերի ընկնող տավուշցիները

Միլիոնատերերի կենացներն ու գերի ընկնող տավուշցիները
Միլիոնատերերի կենացներն ու գերի ընկնող տավուշցիները

Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչը հայտնվել է ադրբեջանական գերության մեջ: Հավանաբար կրկին մոլորվել է, կամ անուշադիր է եղել ու չի նկատել, թե ինչպես է հայտնվում թշնամու տարածքում: Ճակատագրի հեգնանքով, գերի ընկածը հեռավոր ազգական է Մամիկոն Խոջոյանի՝ 77-ամյա ծերունու, որը մի քանի ամիս առաջ էր գերի ընկել եւ օրերս վերադարձվել էր Կարմիր Խաչի օգնությամբ, վերադարձվել էր խոշտանգված: Ադրբեջանական գերության մեջ է շարունակում մնա զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով մոլորվել էր վատ տեսանելիության պատճառով, գիշերը չկողմնորոշվելով տեղանքում: 

Տավուշի մարզը հայ-ադրբեջանական ամենավտանգավոր սահմանն է, թերեւս ամենաբնակեցված սահմանը: Պարբերաբար տեղի են ունենում այդօրինակ դեպքեր, հարաբերականորեն հաճախ են բնակիչները մոլորվում ու հայտնվում գերության մեջ: Նաեւ ադրբեջանական դիվերսիաներ են տեղի ունենում: Օրինակ, հիշարժան է 2013 թվականի նախագահի ընտրության ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքը, երբ երեք հայ զինծառայողներ մեկնել էին Տավուշ եւ Լոռի այցելած Սերժ Աարգսյանի հետ նախընտրական հանդիպման եւ վերադարձին ենթարկվել դիվերսիոն հարձակման:

Պարբերաբար գնդակոծության է ենթարկվում մարզով անցնող հանրապետական նշանակության ճանապարհը, որն Ադրբեջանի թիրախում էր եւ վերջերս ընդհանրապես փակվել է, այժմ փորձում են կառուցել շրջանցիկ ճանապարհ:

Այս իրավիճակը վկայում է Հայաստանում խնդրի հանդեպ անտարբերության մասին: Եթե անտարբերություն չկա, ապա ինչն է պատճառը, որ Տավուշի մարզի սահմանում հատուկ դրություն հայտարարված չէ եւ սահմանը չի գտնվում հատուկ ռեժիմում:

Փողի՞ բացակայությունն է, թե մարդկանց, այսինքն հատուկ ռեժիմն ապահովելու համար անհրաժեշտ թվակազմի: Եթե որեւէ մեկը կարծում է, թե դրա պատճառը փողի բացակայությունն է, ապա բավական է նայել ընդամենը ԵԿՄ վարչության նորընտիր կազմին: Ներքին գործերի նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանն օրերս մամուլում հայտնել էր, որ ԵԿՄ վարչության կազմը երեւի թե միայն խոշոր հարկատուների ցանկին կարող է զիջել:

Փո՞ղն է պատճառը: Իսկ այդ պատճառի մասին խոսողները տեսե՞լ են հայկական բանակի մի շարք գեներալների ունեցվածքը, նրանց տնօրինած շարժական ու անշարժ գույքը:

Փո՞ղն է պատճառը: Իսկ այդ պատճառի մասին խոսողները տեսե՞լ են, թե օրինակ տարեկան քանի տասնյակ միլիոններ են ծախսվում ասենք ԱԺ նախագահի ու նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունների ճանապարհորդական այցերի համար:

Փո՞ղն է պատճառը: Այդ պատճառը բերողները գիտե՞ն բիոզուգարանների ու կառավարական մեքենաների համար կատարվող ծախսերի մասշտաբները:

Փո՞ղն է պատճառը: Իսկ այդ պատճառը բերողները տեսել կամ լսե՞լ են Վերահսկիչ պալատի հաշվետվությունները Հայաստանի բյուջետային ծախսերի մասին: Կարդալ ավելին