Ինչպե՞ս պայքարել ֆեյք օգտատերերի դեմ. «ԱԱԾ-ն պետք է ոչ թե ցուցումներով աշխատի, այլ իր գործառույթները պրոֆեսիոնալ իրականացնի»

ԱԱԾ պարապության եւ բարեփոխման անհրաժեշտության մասին. ՀԿ-ների հայտարարությունը
ԱԱԾ պարապության եւ բարեփոխման անհրաժեշտության մասին. ՀԿ-ների հայտարարությունը

Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ոչ թե ցուցումներով աշխատի, այլ իր գործառույթներն իրականացնի պրոֆեսիոնալ։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով կեղծ տեղեկություններ տարածող ֆեյսբուքյան օգտատիրոջը ԱԱԾ-ի կողմից ձերբակալելու դեպքին։ 

«Առաջին հերթին պետք է խոսենք ազգային անվտանգության ծառայության կառուցվածքի մասին։ ԱԱԾ-ն իր կառուցվածքով և գործառույթներով պետք է լինի ապաքաղաքական, պետք է այնպիսի կառուցվածք ու կարգավիճակ ունենա, որ քաղաքական պատվեր չկատարի։ Այսինքն՝ լինի շատ պրոֆեսիոնալ և կատարի միայն երկու գործառույթ՝ հետախուզություն և հակահետախուզություն»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ ձերբակալել են կեղծ օգտատիրոջը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ տեղեկություն էր տարածել։

Ըստ ԱԱԾ-ի՝ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։

«Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին»,- նշել էր ԱԱԾ-ն։

Պարզվել էր «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը, նա բերման էր ենթարկվել և պարզաբանում ներկայացրել։

ԱԱԾ տարածած տեսանյութում կեղծ էջը վարած տղամարդը ասում է, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է և դիտավորյալ է վարչապետի անունից տարածել կեղծ տեղեկատվությունը։ Սոցիալական ցանցերում որոշ շրջանակներում քննարկումներ են ծավալվում այն մասին, որ ԱԱԾ տեսանյութը բեմադրված էր։

ԱԱԾ տեղեկատվության համաձայն՝ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Մեղադրանքն առաջադրվել է
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը):

Նախքան ԱԱԾ գործողությունները, խնդրին անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար: Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում և դառնում օրվա թրենդ: Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում և դառնում որոշ ուժերի հակահայկական ներշնչանքի աղբյուր»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր Փաշինյանը։ Նրա գրառումից հետո ԱԱԾ-ն իրականացրել էր վերոնշյալ գործողությունը։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հարցադրում է անում՝ կարո՞ղ է արդյոք ԱԱԾ-ն կատարել երկրի ղեկավարի ցուցումները։ «Որոշ դեպքերում՝ այո՛, երբ ազգային անվտանգությանը վտանգ է սպառնում, ինչպես, օրինակ՝ վերջերս Իրանի հետ կապված հարցերում։ Անվտանգության խորհրդի նիստում կարող էին նրանց հանձնարարականներ տալ, որ հսկողությունն ուժեղացնեն։ Եվ միայն այդքանը, որովհետև նրանք պետք է ոչ թե ցուցումներով աշխատեն, այլ պետք է իրենց գործառույթները պրոֆեսիոնալ իրականացնեն։ Նորից եմ կրկնում՝ հետախուզություն և հակահետախուզություն։ Նրանք պետք է հետևեն տեղեկատվության, ԶԼՄ-ների տարածած տեղեկություններին, և եթե տեսնեն, որ ազգային անվտանգությանն ինչ-որ վտանգ է սպառնում, առանց հրապարակային հայտարարությունների, դիմակավորված հարձակումների, պետք է անաղմուկ ու պրոֆեսիոնալ կատարեն իրենց գործը։ Սա պետք է լինի ԱԱԾ աշխատանքը, ոչ թե ցուցադրական, քաղաքական ու վարչապետի պատվերները կատարող գործողությունները»,- ասում է Իշխանյանը։

Նրա խոսքով՝ կոնկրետ այս դեպքով կարող են ասել, որ վարչապետի հայտարարությունից հետո միայն ԱԱԾ-ն գործողություն իրականացրեց։ Թե դա ինչքանո՛վ էր նախօրոք պլանավորված, ըստ իրավապաշտպանի, դժվար է ասել։

«Համենայնդեպս, կասկածի առիթներ տալիս է։ Երկրորդ՝ արդյոք ԱԱԾ-ն, եթե պրոֆեսիոնալ է, մինչև վարչապետի այդ հանձնարարականը չպե՞տք է արդեն հետևած լիներ այդ սադրանքին, եթե դրանում սադրանք են տեսնում։ Առայժմ ես չեմ կարող ասել՝ դա ինքնուրո՞ւյն էր, թե՞ կազմակերպված։ Եվ երրորդ՝ եթե նրանք արդեն հայտնաբերած լինեին, ապա պետք է առանց աղմուկի այդ գործողությունը կատարեին։ Իսկ եթե անհրաժեշտություն կար, կարող էին զուտ չոր տեղեկություն տարածել՝ առանց նրա ցուցմունքները հրապարակային դարձնելու»,- ասում է Ավետիք Իշխանյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն էլ կարծում է, որ ֆեյք օգտատերերի ու նրանց տարածած տեղեկության դեմ պետք է տրամաբանված պայքար մղվի։

«Կեղծ օգտատերերը խանգարում են և՛ երկրի վարչապետին, և՛ հասարակ օգտատերերին։ Եվ ընդհանրապես, այդ կեղծ օգտատերերի դեմ պետք է տրամաբանված ու նորմալ մտածված պայքար տարվի, որպեսզի նրանք գոնե քչանան, որոհետև նրանք աղճատում են մեր իրականությունը»,- «Մեդիալաբին» ասում է Վարդան Հարությունյանը։ Նրա խոսքով՝ կոնկրետ այս դեպքում այս կեղծ օգտատերը «հասել էր մինչև վարչապետ», և նրան շատ շուտ հայտնաբերեցին։ Վարդան Հարությունյանը համամիտ է, որ կեղծ օգտատիրոջ տարածած տեղեկատվությունը սպառնալիք էր ազգային անվտանգությանը։

«Նա չափն անցել էր, բայց սովորական օգտատերերը նույնպես շատ հաճախ են գտնվում ֆեյքերի թիրախում, դա ամեն օր ենք մենք տեսնում։ Ես կողմ եմ, որ այդ ֆեյքերի դեմ պայքար մղվի։ Եվ չեմ պատրաստվում գնահատական տալու, թե կոնկրետ այս դեպքով ձերբակալված անձը տե՞քստ էր կարդում, թե՞ իր խոսքերն էին։ Դա պարզ կդառնա քննության շրջանակում, հատկապես որ հիմա այդ հնարավորությունը կա, նա կունենա փաստաբան, որը հնարավորություն կունենա մամուլի հետ շփվելու»,- ասում է Հարությունյանը։ Ըստ նրա՝ ֆեյքերի դեմ պայքարի համապատասխան հոդված չկա քրեական օրենսգրքում:

«Քանի որ վիրտուալ իրականությունը մեր զուգահեռ իրականությունն է, ուրեմն մեր օրենսդրությունը պետք է նաև այդ զուգահեռ իրականությանն անդրադառնա։ Սա նորություն է, վերջին տասը տարվա միտում է, և, կարծում եմ՝ կամաց-կամաց կլինեն օրենքներն ու կարգավորումները»,- հավելեց Վարդան Հարությունյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am