Պատահական չէ, որ հենց այս փուլում Ադրբեջանն անցավ այդ ագրեսիվ ու շանտաժի քաղաքականության հերթական ալիքին. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի աշխատանքը դադարեցվել է ադրբեջանական կրակոցների պատճառով։ Ադրբեջանական կողմն ի՞նչ նպատակով է թիրախավորել նոր կառուցվող այդ գործարանը։

– Ադրբեջանը կրակում է մի նպատակով՝ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար, որքան հնարավոր է շատ, որքան հնարավոր է երկարաժամկետ ու այդ միջոցով Հայաստանին քաղաքական պայմաններ թելադրել, օգտվելով այն իրավիճակից, որ կա աշխարհաքաղաքական մակարդակում, այսինքն՝ խոշոր ուժային կենտրոնների միջև պայքար, մրցակցություն ու այդ մրցակցությունից օգտվելու հնարավորություն։ 

Ադրբեջանը փորձում է օգտագործել հենց այդ հնարավորությունը, ու այդ կրակոցները, մեծ հաշվով, ունեն այդ նպատակը, այսինքն՝ դրանք կոնկրետ տեղերում գուցե կարող են ունենալ այլ պատճառներ, մոտիվներ և այլն, բայց լայն իմաստով Ադրբեջանը կրակում է հենց այդ նկատառումով՝ օգտագործել ցանկացած հնարավորություն Հայաստանին շանտաժի ենթարկելու և վնաս պատճառելու համար՝ անկախ վնասի չափից։

– Անգամ փաստը, որ գործարանը կառուցվում է օտարերկրյա ներդրմամբ, այս դեպքում՝ ամերիկյան, Ադրբեջանի համար փաստորեն խոչընդոտ չէ՞։

– Պետք է հասկանալ, թե օտարերկրյա ներդրում ասելով հատկապես ինչ նկատի ունենք։ Ֆորմալ իմաստով շատ ներդրումներ են օտարերկրյա, բայց դե ֆակտո դրանց մի զգալի մասը, որպես կանոն, լինում է ոչ այնքան օտարերկրյա, տվյալ դեպքում մենք գործ ունենք հայ-ամերիկյան ներդրման հետ, բայց բուն կառուցվածքը, կարծում եմ, մի քիչ այլ է, ու այստեղ ամերիկյան մասնակցության քաղաքական ազդեցություն կարծես թե չկա: 

Դրա վկայությունն այն է, որ այդ գործարանի մասին այդ հայտարարությունը գոնե առայժմ չարժանացավ նաև Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ուշադրությանը, մինչդեռ այդ առաքելությունը, հատկապես նոր դեսպանը, բավական էական շեշտադրումներ էր անում տնտեսական կապերի վրա: Նոր դեսպանն ինքը ունի տնտեսական դիվանագիտության բազմամյա փորձ, ու այդ տեսանկյունից, համենայնդեպս, ուշադրության առարկա էր, որ երբ հայտնի դարձավ հայ-ամերիկյան ներդրմամբ կառուցվող այդ գործարանի մասին, կարծես թե առ այսօր չտեսանք այդ ուշադրությունը: 

Սա գուցե պայմանավորված է հենց նրանով, որ քաղաքական ազդեցության հանգամանքն այստեղ բացակայում է, այսինքն՝ ֆորմալ իմաստով գործ ունենք հայ-ամերիկյան ներդրման, իսկ դե ֆակտո՝ փոքր-ինչ այլ տրամաբանությամբ ծրագրի հետ, և Ադրբեջանը թերևս շատ լավ տիրապետում է այդ տեղեկատվությանը ու իրեն թույլ է տալիս թիրախավորել այդ օբյեկտը՝ դրա հետևում չտեսնելով որևէ խոշոր խաղացող։ 

Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն, որը մշտապես խոսել է ամերիկյան ներդրողների պաշտպանության մասին, փորձի շատ հասցեական դիրքորոշում արտահայտել Ադրբեջանի այս թիրախավորման առնչությամբ։ Գործ ունենք հայ-ամերիկյան համատեղ ծրագրի հետ, ու տրամաբանությունը հուշում է, որ սա պետք է արժանանա ԱՄՆ-ի հասցեական գնահատականին։ 

Կլինի՞ այդ գնահատականը, ինչպիսի՞ն կլինի՝ դա որոշակի բաներ ցույց կտա, առայժմ, ցավոք սրտի, չենք տեսել այդ ուշադրությունը ոչ միայն կրակոցներից հետո, այլ նաև դրանից առաջ՝ նկատի ունեմ հանրայնացումից հետո: 

Գուցե դա է նաև եղել Ադրբեջանի ձեռքերն ազատող հանգամանքներից մեկը, ըստ այդմ, կրկնեմ, որ շատ կարևոր եմ համարում տեղի ունեցածին հասցեական արձագանքը՝ նկատի ունենալով նաև այն, որ ԱՄՆ-ն պատասխանատու հանձնառություն է ստանձնել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքներն ինտենսիվացնելու առնչությամբ ու խոսում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության, ուղիղ հաղորդակցության կարևորության մասին։ 

Մայիսյան այդ հանդիպումներից հետո պետքարտուղար Բլինքենը նույնիսկ առաջընթացի մասին էր խոսում, բայց մենք տեսնում ենք, որ «առաջընթաց» է արձանագրվում Բաքվի սահմանային հանդգնության կամ լկտիության աստիճանի մասով, որովհետև արդեն թիրախավորվում է քաղաքացիական օբյեկտ, օբյեկտ, որը որևէ ռազմական սպառնալիք չի ներկայացնում Ադրբեջանի համար։ 

Եթե չի լինում անհրաժեշտ հասցեական գնահատականը, ապա կամա թե ակամա ստացվում է, որ խրախուսանքի է արժանանում Ադրբեջանն իր այս վարքագծով, ինչը խնդրահարույց է։ 

– Պարո՛ն Բադալյան, իսկ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, որով իր քաղաքացիներին կոչ էր անում Հայաստանի հստակ վայրեր չայցելել՝ ելնելով անվտանգության տեսանկյունից, որքանո՞վ կապ ունի այս միջադեպի հետ։

– Չեմ կարծում, թե կապ ուներ, ընդհանրապես ԱՄՆ-ն իր քաղաքացիների հետ հարաբերության, կանոնների, մշակույթի առումով բավական պատասխանատու է, ու, ի դեպ, հենց այս հանգամանքն է առաջացնում և՛ այդ հարցը, և՛ հրամայականը, որ այդ պատասխանատվությունը պետք է արտահայտվի այլ դեպքերում ևս, երբ Ադրբեջանի կրակի թիրախ է դառնում ԱՄՆ-ի քաղաքացիների մասնակցությամբ իրականացվող ներդրումային կարևոր ծրագիրը։ 

Ինչ վերաբերում է հայտարարությանը, դա իրենց քաղաքացիների հետ հարաբերությունների ու մշակույթի շրջանակում է, այդ իրազեկումները պարբերաբար տեղի են ունենում հակամարտության գոտիներում, իսկ այն, որ իրավիճակը բավական ռիսկային է, ակնառու է, անկախ ԱՄՆ-ի դեսպանատան զգուշացումներից։ 

Բայց այս հայտարարությունները չպետք է մեզ համար լինեն լարվածության ավելացման կամ նվազման չափման ցուցիչ։ Այն, որ ռիսկը մեծ է, պայմանավորված է նաև համաշխարհային իրավիճակի լարվածությամբ: Մենք տեսնում ենք, որ արդեն պաշտոնապես ազդարարվում է Ուկրաինայի այդքան շրջանառված հակահարձակումը ռուսական ուժերի դեմ, ու այդ արձանագրումը նշանակում է, որ Ուկրաինայում իրադարձությունները մտնում են լարվածության ու ծավալման նոր փուլ, ինչը նշանակում է, որ համաշխարհային ջուրը պղտորության նոր ալիքի տակ է հայտնվելու: Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանը այդ պղտոր ջրում ձուկ որսացողներից մեկն է ու մշտապես փորձում է այդ իրավիճակում իր ուժային գործոնը խաղարկել, ու ընդհանրապես պատահական չէ, որ հենց այս փուլում ինքն անցավ այդ ագրեսիվ ու շանտաժի քաղաքականության հերթական ալիքին։

– Եթե ԱՄՆ-ի կողմից ձեր ասած համարժեք ու հասցեական արձագանքը լինի, դա որքանո՞վ կզսպի Ադրբեջանին։

– Եթե այն լինի իսկապես հասցեական ու պարունակի պատասխանատվության շոշափելի ռիսկը, որին կարող է ենթարկվել Ադրբեջանն ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու դեպքում, Բաքուն չի կարողանա անտեսել այդ ռիսկը։ 

Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ անտեսել ԱՄՆ-ից եկող ռիսկը, որքան էլ թիկունքին ունենա Թուրքիա կամ, ենթադրենք, ինչ-որ ռուսական գործընկերություն։ Ամբողջ հարցն այն է, թե կստանա՞ այդպիսի ազդակ, մի շատ կարևոր հանգամանք պետք է նկատի առնենք․ մի քանի օր առաջ Ադրբեջանը լիովին հակառակ ազդակ ստացավ Վաշինգտոնից, պետքարտուղարության խոսնակը հայտարարեց, որ իրենք ողջունում են Հայաստանի վարչապետի խաղաղության այդ քաղաքականությունը շարունակելու հանձնառությունը և ողջունում են համաներման մասին Ալիևի հայտարարությունը, իսկ մենք գիտենք, թե համաներման մասին հայտարարությունը ի՛նչ էր իրականում։ 

Դա հերթական ագրեսիվ հայտարարությունն էր Արցախի ղեկավարության ու ժողովրդի հասցեին՝ շանտաժով ու սպառնալիքով լեցուն։ Եթե ԱՄՆ-ից նման մակարդակով ողջունում են այդ համաներումը, ապա ստացվում է, որ ողջունվել է նրա շանտաժի քաղաքականությունը, ու ցավալին այն է, որ դրանից հետո Հայաստանից եղած թեկուզ սուղ արձագանքների պարագայում ԱՄՆ-ից չեղավ արձագանք, որ իրենք չեն ողջունում սպառնալիքները, որոնք լցված էին Ալիևի այդ ելույթում։ 

Այսինքն՝ կա այս բավական բազմիմաստ իրավիճակը, ու այս պարագայում նմանօրինակ հայտարարությունները կամ լռությունը փաստացի ստացվում են Ալիևի քաղաքականության խրախուսում։ Սա էլ մեծ հաշվով հետևանք է աշխարհաքաղաքական պատերազմի, որն ընթանում է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am