Մեր պայքարը «Լիդիանին» կանգնեցրել է, և Ամուլսարը շահագործելու նրանց հայտարարությունը ցանկությունների դաշտից է․ Աննա Շահնազարյան

«Մեդիալաբի» հարցազրույցը Հայկական բնապահպանական ճակատի անդամ Աննա Շահնազարյանի հետ

– Տիկին Շահնազարյան, Հայկական բնապահպանական ճակատը, որի կազմում եք դուք, ակտիվ պայքարում էր Ամուլսարի հանքի շահագործման դեմ։ Հիմա ի՞նչ փուլում է այդ պայքարը։

– Ամուլսարի պահապանները տեղում շարունակում են իրենց պայքարը, տեղի բնակիչները պարբերաբար հայտարարություններ են անում, ֆեյսբուքյան համապատասխան խմբում ակտիվ են, իրենց դիրքորոշումները ակտիվ արտահայտում են։ 

– Իսկ դեպքի վայրից դո՞ւրս․․․

– Հա, դեպքի վայրից դուրս, դե, ամեն դեպքում, քանի որ շատ ակտիվ չէ, մենք՝ Բնապահպանական ճակատի նախաձեռնությամբ հետևում ենք, փորձում ենք ինչ-որ պարզաբանող դեր տանել «Լիդիանի» սնանկացման գործընթացի վերաբերյալ, պարզաբանող, այսինքն՝ նամակներ ենք ուղարկել Կանադայի դատարան։ Մենք սպասում ենք այդ գործընթացին։ Բոլոր փաստաթղթերը հրապարակային են։ Դատարանը մինչև հիմա ուներ արգելանքի որոշում։

«Լիդիան ինթերնեշնլը» դեկտեմբերից սկսած ժամկետներ երկարացնելով կարողացել է պաշտպանվել սնանկության գործընթացից։ Բայց մենք գիտենք, որ մայիսի 4-ի որոշմամբ կանադական դատարանի արգելանքը վերացվել է, և հստակ է, որ «Լիդիանի» պարտատերերից Շվեդիայի պետական արտահանումների վարկավորման գործակալությունը, ինչպես նաև բրիտանական Կատերպիլարի ֆինանսական ծառայություններ ընկերությունը օգտվեն «Լիդիանի» հետ կնքված իրենց համաձայնագրով լիազորված իրավունքից և պարտադրեն «Լիդիանին» պարտավորությունների կատարում։

Դա նշանակում է տրված գույքի կամ դրան համարժեք ակտիվների վերադարձ, այսինքն՝ սնանկության գործընթաց։ 

– Տիկին Շահնազարյան, գիտե՞ք՝ տպավորություն է, թե պայքարողների հույսը «Լիդիանի» սնանկացումն է, և հույս չունեք, որ կառավարությունը կարող է կտրուկ արգելել այդ ընկերությանը շահագործել Ամուլսարի հանքավայրը։

– Այդպիսի տպավորություն չի կարող լինել, քանի որ մեր բոլորի՝ տեղացիների, մասնագետների ու բնապահպանների պայքարն ուղղված է եղել՝ ստիպելու, որ կառավարությունը չեղարկի ՇՄԱԳ-ները և այդ հարցում կայացրած բոլոր սխալ որոշումները։ Մեր պայքարի ամբողջ ընթացքում՝ սկսած շրջափակումներից մինչև հիմա, մեր պայքարը եղել է, որ ուժը կորցրած ճանաչվի առաջին հերթին ՇՄԱԳ թույլտվությունը և հետ կանչվի լիցենզիան։

Կառավարությունն ինքը կարող է նման տպավորություն ստեղծել իր հապաղելով, բայց բոլոր պայքարողները պայքարել ու շարունակում են պայքարել։ Կառավարությունը պարտավոր էր ուսումնասիրել և վերջնական որոշում կայացներ՝ արդյոք այդ ՇՄԱԳ թույլտվությունները տրվել էին կոռուպցիո՞ն հիմքերով, թե՞ օրինական։ Մեր պայքարի նպատակը եղել է արդարության վերականգնումը։ Հստակ է, որ գործընթացի վերջնական հանգուցալուծումը գործադիր ու դատական մարմիններում է։ 

– Երեկ հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիան» ընկերությունը՝ ասելով, որ ծրագրում է վերսկսել աշխատանքները Ամուլսարում՝ ավարտին հասցնելով հանքի շինարարությունը: Ի՞նչ եք մտածում այս մասին։

– Մենք ընդհանրապես «Լիդիանի» շատ ասածների ու արածների մասին չենք մտածում։ Մենք ունենք փաստեր ու առաջնորդվում ենք այդ փաստերով։ Մենք տեսնում ենք, որ «Լիդիանը» այլևս ֆինանսական հաշվետվություններ չի ներկայացնում, մենք տեսնում ենք, որ այդ ընկերությունը իր վերջին ֆինանսական հաշվետվության մեջ գրել է, որ զրոյացրել է ակտիվները։

Ասենք թե՝ ունի թույլտվություն և ի՞նչ։ Նա արբիտրաժային դատարան մտնելու փող չունի, էլ չեմ ասում՝ իրավասության մասին։ Դե եթե սնանկ լինելով ուզում է շարունակել շահագործել հանքը, թող փորձի շարունակել։

– Ստացվում է՝ նրանց չի կանգնեցնում այդ իրավիճակը, իսկ կառավարությունն էլ հապաղում է։ Ի՞նչ է սպասվում։

– Պայքարը «Լիդիանին» կանգնեցրել է, ուրիշ իրողություն չկա։ Պայքարը առաջին հերթին «Լիդիանին» է կանգնեցրել, ու հանքի շահագործմանն ուղղված ոչ մի քայլ չի արվում հիմա ու չի էլ կարող անել։ Պայքարի իմաստը դա է, որ այնտեղ հանքի շահագործում տեղի չունենա։

– Բայց միևնույն է, նրանք հայտարարում են, թե ծրագրում են վերսկսել։

– Իրենք միշտ տարբեր բաներ են հայտարարել՝ իրականությանը չհամապատասխանող և հիմնականում ցանկությունների դաշտից։ Ես էլ կարող եմ ասել, որ երազում եմ Մարս թռչել, որևէ մեկը չի հերքի, որ ես դա երազում եմ։ Պետք է ուղղակի տեսնել՝ դրա հնարավորությունը կա՞, թե՞ ոչ։

– Ի՞նչ եք սպասում կառավարությունից, որ չի անում։

– Կառավարությունը պետք է վաղուց ՇՄԱԳ-ը ճանաչած լիներ, առնվազն այսքան տարիները բավարար չէին ԷԼԱՐԴ-ի զեկույցից հետո։ Դա վաղուց պետք է արած լիներ։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am