Հայ ուսուցիչները համագործակցում են հանուն հաջողության

Հայ ուսուցիչները համագործակցում են հանուն հաջողության
Հայ ուսուցիչները համագործակցում են հանուն հաջողության

Մարտի 22-ին ժամը 10.00-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի Էրեբունի սրահում տեղի կունենա «Համագործակցություն հանուն հաջողության» համաժողովը: Բացման խոսքով հանդես կգան Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Անգլերեն լեզվի մասնագետներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ և ուսուցիչներ Բրիտանական խորհրդի «Համագործակցություն հանուն հաջողության» համաժողովի ընթացքում կքննարկեն ու կմատնանշեն Հայաստանում IELTS միջազգային քննության ուսուցման և նախապատրաստման գործընթացը: Համաժողովին մասնակցելու են ավելի քան 200 մասնագետներ, ովքեր մեկ օրվա ընթացքում իրենց փորձը կկիսեն գործընկերների հետ և կծանոթանան բրիտանացի գործընկերների փորձառությանը:

Այս տարի լրանում է IELTS քննության հիմնադրման 25-ամյակը: Եվրոպական և ամերիկյան համալսարանների ընդունելության համար անգլերենի թիվ մեկ քննության ստեղծման առթիվ բազմաթիվ միջոցառումներ և համաժողովներ են կազմակերպվում ողջ աշխարհում: IELTS-ն (International English Language Testing System) անգլերեն լեզվի ամենաճանաչված քննությունն է աշխարհում: Տարեկան աշխարհում IELTS քննություն են հանձնում ավելի քան 2 միլիոն մարդ:  Աշխարհի շուրջ 8 000 կազմակերպություններ`այդ թվում ակադեմիական և պետական հաստատություններ, ընդունում են  IELTS-ը: Հայաստանում տարեկան ավելի քան 1000 մարդ հանձնում է IELTS քննություն և ստանում անգլերեն լեզվի իմացության միջազգային վկայական:

«Համագործակցություն հանուն հաջողության» համաժողովի հատուկ հյուրն է լինելու IELTS քննության առաջատար մասնագետ Դայան Ստյուարտը: Նա հայ մասնագետների հետ կկիսվի ուսանողներին IELTS քննության նախապատրաստման հմտություններով և գիտելիքներով:

Իսկ Բրիտանական խորհրդի Քննությունների գծով խորհրդական և հավատարմագրող Բերնադետ Մագայրը համաժողովի մասնակիցներին կներկայացնի IELTS քննության նախապատրաստման համար հատուկ մշակված «Road to IELTS» պորտալը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանին` 055 00 88 58, 010 55 29 45 (5104), [email protected]կամ այցելեք www.britishcouncil.am կայքը: