Ինչպես է աշխատում ալիևյան քարոզչությունը և ինչպես պայքարել դրա դեմ. Միքայել Զոլյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը գրում է.

«Ինչպես է աշխատում ալիևյան քարոզչությունը և ինչպես պայքարել դրա դեմ:

Ալիևի քարոզիչները հասկանում են, որ դժվար է լինելու հերքել ճշմարտությունն իրենց կողմի վայրագությունների մասին: Այդ իսկ պատճառով, նրանք հիմնական շեշտը դնում են ոչ թե հայկական կողմերի տարածած տեղեկատվությունը հերքելու վրա, այլ փորձում են հայելանման ձևով արտացոլել մեր դրույթները:

Արդյունքում, պատերազմին դրսից հետևողը դառնում է տեղեկատվական աղմուկի զոհը, չի հասկանում, թե ով է ճիշտ և ով է սխալ, և, ի վերջո, գալիս է այն եզրակացության, որ բոլորն էլ սխալ են:

Հետևաբար, մեր ուղերձները պետք է լինեն շատ հստակ, և պետք է խփենք այնպիսի կետերի, որոնց ադրբեջանական կողմին դժվար կլինի հակադրել որևէ բան կամ դա համոզիչ չի լինի միջազգային լսարանի համար:

Պետք է ընտրել մի քանի կարևոր նշանակետ և միշտ խփել հենց այդ նշանակետերին: Այլ կերպ ասած, «սփամ» պետք չէ անել:

Օրինակ, այս պահին այնքան էլ էական չէ, թե ինչքան հին ենք մենք, և ինչքան նոր է Ադրբեջանը: Հավատացեք, նա ով զբաղվել է մեր տարածաշրջանի պատմությամբ, առանց մեզ էլ գիտի դրա մասին, իսկ ով չի զբաղվել, նրան դա հետաքրքիր չէ:

Փոխարենը կան կետեր, որոնք հասկանալը հեշտ է՝ անկախ նրանից, թե որքանով է մարդը քաջատեղյակ մեր տարածաշրջանի իրողություններին:

Եվ ուրեմն, ահա 4 կետեր, որոնց վրա արժե կենտրոնանալ.

– Ահաբեկիչների մասնակցությունը պատերազմին Ադրբեջանի կողմից: Սա մի խնդիր է, որը հավասարապես հուզում է մարդկանց Մոսկվայում, Բրյուսելում, Թեհրանում, Պեկինում, Նյու Դելիում և այլուր: Նաև սա մի հարց է, որտեղ Ադրբեջանին շատ դժվար է ստեղծել հայելանման պատում, որով նա կչեզոքացներ մեր աշխատանքը: Այո, նրանք փորձում են պնդել, որ մեր կողմից կռվում են քուրդ ահաբեկիչներ, բայց այդ պնդումները լուրջ չեն ընկալվում: Սիրիայից եկած ահաբեկիչների մասին մեզնից բացի խոսել և խոսում են բազմաթիվ պետությունների պաշտոնյաներ և աշխարհի առաջատար ԶԼՄ-երը: Բայց հիշենք, որ, այս թեմայի մասին խոսելիս պետք է զգույշ լինել և խուսափել հակամարտությունը որպես կրոնական հակամարտություն ներկայացնելուց. խնդիրը ահաբեկիչներն են, այլ ոչ թե որոշակի կրոնի կամ կրոնական ուղղության ներկայացուցիչները:

– Թուրքիայի մասնակցությունը պատերազմին: Հայոց ցեղասպանության մասին այսօր գիտեն շատ-շատերը, և այն հանգամանքը, որ այսօր Թուրքիան ագրեսիա է իրականացնում Հայաստանի դեմ, մարդիկ միանգամից կապում են իրենց գիտելիքի հետ, առավել ևս որ Էրդողանի ռազմատենչ քաղաքականությունը ևս քաջ հայտնի է աշխարհին: Վերջապես, Ադրբեջանին դժվար է որևէ քարոզչական թեզ հակադրել այս առումով: Ճիշտ է, ինչ-որ չափով ալիևյան քարոզչությունը սրան հակադրում է այն թեզը, որ Հայաստանին աջակցում է Ռուսաստանը, բայց հենց իրենց շահերից չի բխում այդ թեզը չափազանց ուռճացնելը: Այլ հարց է, որ այստեղ էլ մենք պետք է հասկանանք, որ Թուրքիայի ընկալումներն էլ կարող են տարբեր լինել տարբեր երկրներում (օրինակ Հունաստանում և Ղազախստանում), և մեր ուղերձը պետք է համապատասխան լինի միջավայրին:

– Ցեղասպանություն, կամ առնվազն էթնիկ զտում իրականացնելու փորձերը: Մենք պետք է բացատրենք, որ Ալիևի նպատակն է ֆիզիկապես ոչնչացնել կամ արտաքսել Արցախում ապրող հայերին: Ցավոք, դրա ապացույցներն այնքան շատ են, որ մնում է միայն դրանք հավաքագրել և ներկայացնել միջազգային հանրությանը. Ռամիլ Սաֆարովի հերոսացում, Ադրբեջան հայկական ազգանվամբ մարդկանց այցելության արգելք, սեփական ազգության այլախոհների հանդեպ Ալիևի բռնաճնշումները և, վերջապես, այսօր տեղի ունեցող ռազմական հանցագործություններ: Իրականում որևէ մեկը չի կարող ժխտել, որ Ալիևի ռեժիմն անհամատեղելի է հայերի գոյության իրավունքի հետ:

– Եվ վերջապես, պետք է ներկայացնել բոլորին այն, որ պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը, և ադրբեջանական կողմն է, որ հրաժարվում է այն կանգնենցել:

Դրա ապացույցները բազմաթիվ են, այդ թվում ադրբեջանական կողմի հայտարարությունները: Վերցրեք թեկուզ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլայեվայի հայտարարությունը վերջին հրադադարից հետո, կամ Haqqin-ի նյութերը, որոնք գրվում էին առաջին հրադադարի բանակցությունների ժամանակ՝ հավանաբար իրենց նախագահականի անմիջական հրամանով:

Բացի այդ, այստեղ ևս տրամաբանությունը շատ պարզ է. հայկական կողմերին պետք չեն լրացուցիչ տարածքներ, պատերազմը հայկական կողմերի համար պաշտպանական բնույթ է կրել և կրում:

Իհարկե, սրան ադրբեջանական կողմը հակադրում է այն թեզը, թե պատերազմը տեղի է ունենում միջազգայնորեն իրենցը ճանաչված տարածքում, սակայն, աշխարհը վաղուց արդեն եկել է այն համոզմանը, որ նման փաստարկներով չի կարելի արդարացնել ագրեսիան խաղաղ բնակչության նկատմամբ»: