Ռազմավարական առումով, այս պատերազմը խելահեղություն է, և քաղաքացիական բնակչությունը վճարում է Ալիևի խելահեղ երազանքի համար․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանները բրիտանական հեղինակավոր «Ինդիփենդնթ» (The Independent) պարբերականին

Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում պատերազմը: Զգացողությունն այնպիսին է, որ պատերազմը վերածվել է մի գործընթացի, որի նպատակն է տեսնել, թե կռվող կողմերից որն ավելի շուտ կսպառվի, բայց միևնույն ժամանակ զգացողություն է, որ հայկական բանակը պարտվում է: Ի՞նչ եք կարծում:

Պատասխան-Ադրբեջանի նախագահը շարունակաբար խոստանում էր իր ժողովրդին, որ իր բանակը շատ արագ կարող է գրավել Լեռնային Ղարաբաղը, եթե նրանք այդպես ցանկանան։ Հիմա նրանք օգտագործում են իրենց զինանոցում առկա բոլոր զենքերը, ներառյալ Թուրքիայի կողմից ուղարկված ԱԹՍ-ներ և վարձկաններ, սակայն երեք շաբաթվա ընթացքում նրանց հաջողվել է ընդամենը մեկ ուղղությամբ բավականին խորանալ, և սա դեռ չի նշանակում պատերազմի ավարտ: Հայկական բանակը մարտունակ բանակ է` իր հազարավոր պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված, երկու պատերազմների փորձ ունեցող  սպաներով և գեներալներով, տասնյակ հազարավոր քաջ զինվորներով և պաշտպանական պատերազմի համար բավարար սպառազինությամբ: Բայց, ափսոս, շատերը զոհվեցին` պաշտպանվելիս մեծ կորուստ պատճառելով ադրբեջանական զինված ուժերին և վարձկաններին: Ռազմավարական առումով, այս պատերազմը խելահեղություն է, և քաղաքացիական բնակչությունը վճարում է Ալիևի խելահեղ երազանքի համար։

Հարց
-25 տարիների ընթացքում Ձեզ հաջողվել էր զսպել կոնֆլիկտը, բայց այն պահից ի վեր, երբ իշխանության եկավ Ձեր իրավահաջորդը, արդեն իսկ տեղի են ունեցել երկու մեծ կոնֆլիկտներ: Ի՞նչ եք կարծում, Ձեր իրավահաջորդը հարցը լուծում է այլ կերպ, քան Դո՞ւք:

Պատասխան
-Նախ պետք է ասեմ` ես չեմ համարում, որ երկու մեծ բախում է տեղի ունեցել. հուլիսյան դեպքերը կարելի է համարել սահմանային միջադեպ և այն, իմ կարծիքով, կարելի էր լուծել այլ կերպ: Բայց ես համաձայն եմ Ձեզ հետ, որ իմ իրավահաջորդը չգնաց այն ճանապարհով, որով մենք հաջողությամբ ընթանում էինք երկար ժամանակ և որոշեց, ինչպես ինքն է արտահայտվել, բանակցությունները սկսել սեփական կետից: Կարող եմ ասել, որ այս հակամարտությունը երբեք չի եղել սառեցված հակամարտություն, անգամ եթե մեզ հաջողվել է երաշխավորել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։

Փոքր մասշտաբներով, սակայն Ադրբեջանը բոլոր այս տարիներին շարունակել է հարձակվել մեզ վրա։ Իրական խաղաղությունը միայն հնարավոր է բանակցությունների միջոցով։ Դրան հնարավոր էր հասնել, օրինակ, Կազանում։ Տարիներ շարունակվող, ինչպես առաջընթաց, այնպես էլ հետընթաց արձանագրած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են փաթեթային լուծմանը 2011թ․ հունիսին. Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահները իրենց գոհանակությունն արտահայտեցին շրջադարձային առաջընթացի վերաբերյալ: Ռուսաստանը հանդես եկավ հանրային հայտարարությամբ, և Ադրբեջանի նախագահն ու ես հրավիրվեցինք Կազան՝ ձեռք բերված համաձայնությունը հաստատելու նպատակով: Երբ բոլորս նույն հարկի տակ էինք, Ալիևը մի թուղթ հանեց գրպանից՝ տասնյակից ավելի էական փոփոխություններով։ Այդ բոլոր դրույթները ամիսներ շարունակ քննարկվել էին կողմերի միջև բանակցությունների ընթացքում և մանրակրկտորեն պարզաբանված կամ հեռացված էին պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթում: Բոլորը ցնցված էին, և չնայած միջնորդների հիասթափությանը՝ Ալիևը հայտարարեց, որ չի տալու իր համաձայնությունը փաստաթղթին:
Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը: Այո, 2016-ին Ալիևը խախտեց զինադադարը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա: Մենք  խիզախորեն պաշտպանվեցինք, չկորցրեցինք որևէ բնակավայր, և Ալիևը ստիպված էր վերահաստատելու 1994թ. Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից կնքված զինադադարը: Այնուհետև, ռազմական գործողություններից շաբաթներ հետո, Վիեննայում և Սանկտ Պետեբուրգում Մինսկի խմբի համանախագահները որոշեցին հարգել 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը, միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները. Եվ չնայած Ալիևը դժվարությամբ էր համաձայնվում դրան, մենք բանակցությունները շարունակում էինք միջնորդների` Մինսկի խմբի համանախագահների միջոցով: