«Ընդդիմությանը չի հաջողվի հեռացնել այս իշխանությանը. Նիկոլ Փաշինյանը կհեռանա այն ժամանակ, երբ նրա իշխանավարումը ձեռնտու չլինի Ռուսաստանին». Արմեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

Պարո՛ն Հովհաննիսյան, խորհրդարանական ընդդիմությունը «Հանուն Արցախի և Հայաստանի» խորագիրը կրող հանրահավաք է անցկացնելու ապրիլի 5-ին՝ ժամը 18․30-ին, Ազատության հրապարակում: Ինչո՞ւ ընդդիմությունը հենց այս ընթացքում որոշեց ակտիվանալ ու կրկին ընտրեց պայքարի այս եղանակը:

– Դա պայմանավորված է մի քանի գործոնով. ոչ ոք չի կարող ժխտել, որ իրավիճակը սրվում է, ու դրա համար կան պատճառներ: Երկրորդ՝ եթե նայեք այս 30 տարվա մեջ ցանկացած հայաստանյան ընդդիմության պատմությունը, ապա կտեսնեք, որ եղել են գարնանային, աշնանային սրացումներ, և երրորդ՝ կարծում եմ, դա կապված է պարոն Փաշինյանի Բրյուսել կայանալիք այցի հետ:

Ինչ-որ ուղերձներ են ուզում հղել թե՛ կառավարությանը, թե՛ արտաքին ուժերին, որ Հայաստանում կան ուժեր, որոնք պաշտպանում են այս-այս դրույթներն ու բացասաբար կվերաբերվեն, եթե հանկարծ Բրյուսելում ինչ-որ որոշումներ ընդունվեն, որոնք չեն համապատասխանում իրենց պատկերացումներին: Ընդդիմության հանրահավաքը մի քանի գործոնի համատեղում է:

Իսկ ընդդիմությանը կհաջողվի՞ այդ ուղերձներով ազդեցություն թողնել հիմնական հասցեատերերին, որքանո՞վ դրանք թիրախային կլինեն:

– Մենք ապրում ենք տեղեկատվական դարում, ու դա շատ կարևոր է: Այս համատեքստում, ընդդիմության մոտ հեռուստատեսային նկար կստացվի, եթե դա կարող է դիտարկվել որպես որոշակի ազդեցության գործոն, ինչպես կազմակերպվեցին մի քանի պրոռուսական ցույցեր Հայաստանում:

Մենք հասկանում ենք դրանց արհեստական բնույթը, բայց նկարի տեսանկյունից, հավատացնում եմ, աշխարհի վրա որոշակի ազդեցություն ունեցավ, որ Հայաստանում կան ուժեր, որոնք այս պատերազմում պաշտպանում են Ռուսաստանին:

Նկատի ունեք, որ ընդդիմության հանրահավաքն արհեստակա՞ն բնույթ ունի:

– Չէ՛, դա ավելի բնական երևույթ է, որովհետև նրանք որոշակի թվով ձայն են ստացել, Հայաստանում կան մարդիկ, որոնք կիսում են նրանց մոտեցումները, երկու-երեք անգամ ավելի շատ են մարդիկ, որ ներկայիս իշխանությունից դժգոհ են:

Այդ իմաստով չհամեմատեցի, ես ընդամենն ասում եմ, որ տեղեկատվական առիթ ստեղծելը իր վիզուալ արտահայտությամբ, իմ կարծիքով՝ կհաջողվի:

Մինչև այս՝ ինչպե՞ս եք գնահատում կոնկրետ խորհրդարանական ընդդիմության աշխատանքը:

– Իհարկե բացասական, բայց քանի որ մեծամասնության աշխատանքը ոչնչով ավելի լավ չէ, ընդհանուր պետք է ասել, որ սա երրորդ հանրապետության պատմության մեջ, որը պետականաշինության տեսանկյունից ավելի քան թերի քաղաքական գոյացություն է, գուցե ամենավատ, ամենաանարդյունավետ ու ոչ կառուցողական խորհրդարանն է, բայց դա պայմանավորված չէ միայն ընդդիմության բացասական որակներով, դա բոլորի բացասական որակների հանրագումարն է:

Հաճախ ընդդիմությունն ու իշխանությունը միմյանց հայելային արտացոլումն են:

Պարո՛ն Հովհաննիսյան, մշտապես լսում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունն ասում է, թե այս իշխանությունը ոչ պետականամետ քաղաքականություն է վարում, սպասարկում է այլ երկրների շահերը, բայց ոչ Հայաստանի: Իսկ ի՞նչ է անում նույն այդ ընդդիմությունը իշխանության նմանօրինակ գործելաոճին վերջ տալու համար, իր հնարավորություններն ամբողջությամբ իրացնո՞ւմ է:

– Ընդդիմության հնչեցրած մեղադրանքին ընդհանուր առմամբ համաձայն եմ, բայց նույնը կարելի է իրենց մասին ասել, որ իրենք հստակ կառավարվում են արտաքին ուժերից և որ պետականամետ չեն: Միայն այն, որ իրենք իրենց թույլ են տվել, թեկուզ կիսաակնարկներով, շրջանառել միութենական պետությանը Հայաստանի անդամակցելու գաղափարը, ցույց է տալիս պետականության հանդեպ նրանց վերաբերմունքը:

Փաստ է, որ այս Ազգային ժողովը չի արտահայտում հայ ազգի պետական շահերն ու պետություն ունենալու իրավունքից բխող շահերը, սա վերաբերում է և՛ ընդդիմությանը, և՛, առաջին հերթին, իշխանությանը, որոնց և պատկանում է պատասխանատվությունը:

Եվ այս օղակից, որի մեջ գցել են մեզ, եթե մի օր չկարողանանք ճեղքել ու ստեղծել իսկապես քաղաքական խորհրդարան, որտեղ քաղաքական ուժերը մրցակցելով կլուծեն պետության համար կարևոր խնդիրներ, որևէ սպասում ունենալ չենք կարող:

– Բրյուսելյան հանդիպումից ի՞նչ եք ակնկալում:

– Միանշանակ է, որ քննարկվելու են խաղաղության պայմանագրին վերաբերող և արցախահայության կյանքի իրավունքի հարցերը, թե ինչ միջոցներ պետք են ձեռնարկել, որ Ադրբեջանը չկարողանա էթնիկ զտում իրականացնել Արցախում:

– Կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանը նոր զիջումների՞ կգնա, ինչպես պնդում է խորհրդարանական ընդդիմությունը:

– Կարող է և գնալ. մեր կառավարությունը վարում է կարմիր գծերի բացակայության քաղաքականություն, եթե չկան կարմիր գծեր՝ կարելի է զիջել մինչև վերջ: Այնպես որ, ընդդիմության, սովորական քաղաքացիների մտահոգություններն այդ առումով հիմնավոր են: Օբյեկտիվորեն պետք է ասել, որ, այո՛, մեր կառավարությունն ունակ է անել մեզ համար ամենաանընդունելի զիջումները:

Իսկ եթե լինեն այդ զիջումները, ներքաղաքական կյանքում ի՞նչ հետևանքների կհանգեցնեն, պարո՛ն Հովհաննիսյան:

– Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո շատ դժվար է ասել, որովհետև այդ հետևանքները պետք է լինեին մինչև հունիսի 20-ը և հունիսի 20-ին:

Իսկ այս ընդդիմությանը, որն իր համար նպատակ է սահմանել հասնել գործող իշխանության հեռացմանը, կհաջողվի՞ դա:

– Ո՛չ, որովհետև այս ընդդիմության բացասական վարկանիշը չափից ավելի բարձր է, և երկրորդ՝ նրանց հիմնական հաշվարկը կապված է ոչ թե ընտրական գործընթացների, այլ արտաընտրական ինչ-ինչ գործընթացների հետ, իսկ այսօր նախապայմաններ, որ այդ գործընթացները իրականանան, չեմ տեսնում:

Որո՞նք են այդ նախապայմանները:

– Երբ Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական հովանավոր Ռուսաստանին արդեն ձեռնտու չլինի Նիկոլ Փաշինյանի իշխանավարումը, իսկ այժմ ձեռնտու է:

Եթե առաջնորդվենք ձեր տրամաբանությամբ, ստացվում է, որ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները և՞ս կախված էին Ռուսաստանի ցանկությունից:

– Միանշանակ, մենք ունենք 100%-անոց ռուսամետ խորհրդարան, և նույնիսկ չկա այդ գծի մեջ չգտնվող հինգ հոգանոց խմբակցություն: Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանի ժամանակ կար «Ժառանգությունը»: Հունիսի 20-ը Պուտինի բացարձակ հաղթանակն էր Հայաստանում:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am