Արցախի թեմի առաջնորդը պատերազմը կանգնեցնելու կոչով դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին

Հեղինակ MediaLab

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին, որպեսզի վերջիններս կանգնեցնեն Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի աջակցությամբ ընթացող պատերազմը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին արքեպիսկոպոսն ասել է իր տեսաուղերձում:

«Արդեն գրեթե մեկ ամիս է, ինչ դաժան պատերազմ է Արցախում, և Թուրքիան իր ամբողջական ուժով ուղղակի ներգրավվել է պատերազմում և սատարում է Ադրբեջանին: Մոտ 4 հազար միջազգային ահաբեկիչներ է ուղարկել այստեղ և հիմա էլ 1200 հատուկ ծառայողներ է ուղարկել, որոնք Լեռնային, անտառային մասնագետներ են: Ես դիմում եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին` պարոն Մակրոնին, պարոն Թրամփին և պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և կանգնեցնեն այս նոր ցեղասպանությունը: Հարյուր տարի անց Թուրքիան փորձում է երկրորդ ցեղասպանությունը կատարել այստեղ, ինչպես 1989-1990թթ. Սումգայիթում և Բաքվում Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն անել հայության նկատմամբ: Պարոն Էրդողանն ունի մեծ երազանք` նեոօսմանիկ կայսրություն ստեղծել, այդ խաչմերուկի վրա Հայաստանն ու Արցախն են»,- ասաց Պարգև Սրբազանը:

Նրա խոսքով` Թուրքիան ցանկանում է մաքրել հայությանն իր տարածքից:

«Ես դիմում եմ նաև աշխարհի բոլոր ղեկավարներին, կրոնապետերին, քաղաքագետներին, բարի կամք ունեցող մարդկանց` իրենց վճռական ձայնը բարձրացնեն ու կանգնեցնեն այս արյունահեղությունը: Ժողովուրդ է զոհվում, քաղաքացիական մարդիկ, մեծահասակներ, երեխաներ և կանայք: Ես հույս ունեմ, որ, ինչպես 90-ական թվականներին և 2016 թվականին Մոսկվային հաջողվեց դադարեցնել պատերազմը, այս անգամ էլ վճռական ձևով նա կկասեցնի այս պատերազմն Արցախի տարածքում»,- նշեց Արցախի թեմի առաջնորդը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: