«Եթե այդ մարդիկ վաղն իշխանության գան, ապա առաջնորդվելու են նույն օրակարգով, որով առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը». Վահրամ Աթանեսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Վահրամ Աթանեսյանը

Պարո՛ն Աթանեսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի ցանկացած կարգավիճակ, որն ապահովում է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունը, պետք է համարվի լուծում, ինչպե՞ս եք գնահատում:

– Մարդկայնորեն չեմ ողջունում այդ հայտարարությունը, բայց երբ վերադառնում ենք ողջախոհության սահմաններ, երբ նկատի ենք ունենում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված ուժերի հարաբերակցությունը, միջազգային քաղաքական կոնյունկտուրան, ապա այլընտրանք ուղղակի չենք տեսնում:

Տեսեք՝ 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, լինելով առաջին պատերազմը հաջողությամբ ավարտած կողմ, մենք չենք կարողացել Ադրբեջանին համոզել, որ ԼՂ-ն պետք է լինի հայկական երկրորդ պետություն:

Մեր ցանկությունները, պատկերացումները թողնենք մի կողմ, իրականությա մեջ 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրից հասել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Այս իրավիճակում, եթե մենք խոսում ենք Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության քաղաքական, քաղաքացիական, գույքային, սեփականության իրավունքների երաշխիքների մասին, ապա դա մի հեռանկար է, որին դեռ պետք է հասնենք: Դուք նայեք ադրբեջանական կողմի հայտարարությունները, այսինքն՝ իրավիճակը պետք է գնահատել մեր հնարավորությունների ու Ադրբեջանի հավակնությունների միջակայքում:

Ու այդ միջակայքում Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությո՞ւնն է միակ հնարավորությունը:

Ասացի՝ արված հայտարարությունը որպես Վահրամ Աթանեսյան անձնավորություն, հայ մարդ, Արցախում ապրող մարդ՝ մարդկայնորեն չեմ ողջունում, բայց որպես նախկին քաղաքական գործիչ, որպես իրազեկ անձնավորություն, որպես Արցախում ապրող մարդ՝ հասկանում եմ, որ մեր հնարավորությունների ու Ադրբեջանի հավակնությունների միջակայքը պետք է գտնվի, եթե մենք առաջնորդվում ենք խաղաղություն հաստատելու կանխավարկածով:

Եթե ընտրում ենք այլ ճանապարհ, պետք է կրկին դիմել Հայաստանի, Արցախի քաղաքացիներին, այսինքն՝ անցկացնել նոր ընտրություններ, նոր ուժ ձևավորել, որը կերաշխավորի, որ ուժի դիրքերից ինքն Ադրբեջանին պարտադրելու է, որ նա ճանաչի Արցախի անկախությունը կամ Արցախի միացումը Հայաստանին: Իրավիճակը սա է:

Պարո՛ն Աթանեսյան, ի՞նչ երաշխիքներ, որ եթե Ադրբեջանը համաձայնի անգամ ապահովել արցախահայության անվտանգության ու իրավունքների պաշտպանությունը, ու դա ամրագրվի ինչոր փաստաթղթով, ապա ադրբեջանական կողմը հավատարիմ կմնա իր ստանձնած պարտավորություններին:

– Հիմա մենք Կիկոսի կոմպլեքսո՞վ ենք առաջնորդվում: Մի բան, որ դեռ չկա, ինչպե՞ս գնահատենք: Օրինակ՝ նախապատերազմական շրջանում այն ուժերը, որոնք դեմ էին «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևին, ասում էին՝ Ադրբեջանը կարող է թղթի վրա ստորագրել, որ պատերազմ չի սկսելու, բայց հաջորդ օրը պատերազմ սկսել, դա երաշխիք չէ:

Բայց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մինչև այսօր գործում է: Ռուսական խաղաղապահ ուժերն մինչ օրս ԼՂ-ում են, մինչ օրս ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև կապը պահպանվում է: Մենք հիպոտեթիկ ասում ենք, դե, Ադրբեջանը կարող է երաշխիքներ տալ, բայց հետո դրանցից հրաժարվել, բայց ես որքան հասկանում եմ, խոսքը միջազգային երաշխիքների մասին է, այսինքն՝ միջազգայնորեն ամրագրված երաշխիքների մասին է:

Երկրորդ՝ նորից եմ ասում, ինչ-որ հարցի շուրջ դատողություն անելուց առաջ պետք է ասել, թե որն է դրա այլընտրանքը: Սահմանազատում, սահմանագծում չենք իրականացնում, Արցախի բնակչության իրավունքների հարցը չենք քննարկում, ամեն ինչ թողնում ենք այնպես, ինչպես կա ու մի իքս ժամի՝ ֆորսմաժորային իրավիճակում կանգնում ենք աղետի ծանր հետևանքների առաջ, սա՞ է ճանապարհը:

 – Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ նախկինները հնարավորություն չեն թողել, որ Արցախը կարողանա գոյություն ունենալ Ադրբեջանի կազմից դուրս, և, ըստ էության, ըստ Փաշինյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ ՀՅԴն վաղուց են համաձայնել, որ Արցախը Ադրբեջանի մաս է: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը՝ հաշվի առնելով փաստը, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարել էր, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից:

– Ես իմաստ չեմ տեսնում անդրադառնալ նրան, թե նախկինում ինչ է եղել, որովհետև նախկինում ինչ եղել է, այսօր ոչ մի ռեալ նշանակություն չունի: Պետք է արձանագրել իրողությունները, որ 1997-98 թվականներին մենք բաց ենք թողել խաղաղություն հաստատելու հնարավորությունը՝ տապալելով ԼՂ խնդրի կարգավորման փուլային տարբերակը: Սա է, մնացածը՝ ով ինչ է ասել, ինչ է բանակցել, ի՞նչ նշանակություն ունի հիմա, այսօր, այս պահին, այսօր նույնիսկ նշանակություն չունի, թե 2018-ին Նիկոլ Փաշինյանն ինչ է ասել:

Այսօր գործ ունենք մի իրավիճակի հետ, որը մեզ համար նպաստավոր չէ, պետք է փորձենք մեզ համար նպաստավոր իրավիճակ ձևավորել, իսկ այդ իրավիճակի ձևավորման ճանապարհը հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորումն է:

Իսկ խաղաղության պայմանագրի կնքման հնարավորություն տեսնո՞ւմ եք, եթե նկատի ունենանք այն, որ Իլհամ Ալիևն ասել է, թե տարածաշրջանում հնարավոր չի լինի խաղաղություն հաստատել, եթե Հայաստանը չհամաձայնի «Զանգեզուրի միջանցքի» տրամադրմանը:

– Ադրբեջանի նախագահը «Զանգեզուրի միջանցքը» դարձրել է իր համար չգիտեմ ինչ, բայց երեկվա իր հայտարարության մեջ դա ավելի խորքային իմաստ ունի, որովհետև ասել է, որ եթե Հայաստանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին, ապա Ադրբեջանն էլ իրեն իրավունք է վերապահում տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից:

Կոնկրետ այսօր իրավիճակն այն է, որ մենք գտնվում ենք չափազանց բարդ ու մարտահրավերներով հղի աշխարհաքաղաքական միջավայրում: Աշխարհն այսօր այնքան խառն է, որ մի պահ կգա, երբ նրան բոլորովին չի հետաքրքրի Արցախում ապրող 110-120 հազար հայերի ճակատագիրը, ինչպես Սիրիայի բնակիչների, Ուկրաինայի:

Այս իրավիճակում ամպագոռգոռ հայտարարություններ անել, որ երբեք չի լինելու այսպես կամ այնպես, գործնական քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, եթե այդ մարդիկ վաղն իշխանության գան, ապա առաջնորդվելու են նույն օրակարգով, որով առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը:

Ոչ մի տարբերություն չի՞ լինելու:

– Ի՞նչ տարբերություն պետք է լինի: Տարբերություն լինելու համար մենք պետք է ունենանք 80-100 հազարանոց բանակ՝ գերժամանակակից զենքով զինված, որը զենքի ուժով Ադրբեջանին կապիտուլյացիա կպարտադրի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am