Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարարի հետ

Մարտի 12-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Այդ մասին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Երկուստեք բարձր է գնահատվել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան: Վերահաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը` գործնական ջանքեր գործադրել քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու և համագործակցության օրակարգն ընդլայնելու ու հարստացնելու ուղղությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի և ԱլԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ: Նախարար Այվազյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը նոր հնարավորություններ կստեղծի ինչպես ԵՄ, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացման և նոր ուղղությունների ուրվագծման համար։

Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի համատեքստում նախարար Այվազյանն ավստրիացի իր գործընկերոջը ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը, Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, մասնավորապես՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման մասով:

Արցախում հումանիտար իրավիճակի բարելավման առումով ընդգծվել է միջազգային գործընկերների ներգրավվածության անհրաժեշտությունը։

Նախարարներ Այվազյանը և Շալենբերգը կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատմամշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին, այդ թվում՝ հակամարտությունների համատեքստում՝ երկուստեք մտահոգություն է հայտնվել զինյալ ահաբեկիչների և վարձկանների նեգրավման և տեղափոխման վերաբերյալ։ Այս առնչությամբ կարևորվել է տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում համագործակցությունը։

Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչութունների ղեկավարները կարևորել են ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: