Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար․ Արսեն Թորոսյան

Ուզում եմ ներողություն խնդրել գործած սխալների համար, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում կորոնավիրուսի դեմ պայքարում գործած սխալների մասին խոսելիս՝ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Արսեն Թորոսյանի խոսքով, կորոնավիրուսային հիվանդությունը նոր է, երբևէ չի եղել աշխարհում և դրա հետ կապված մինչ օրս էլ անպատասխան հարցեր կան, ինչն էլ տարբեր երկրներում իշխանություններին դրդել է կատարել տարբեր քայլեր, գործողություններ և դասեր քաղել դրանից։

«Այս անորոշություններն են պատճառը, որ գուցե մենք ինչ-որ ժամանակում հապաղել ենք, մի քանի օր որոշումներն ուշ ենք կայացրել։ Ներողություն եմ խնդրում և ուզում եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք։ Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ», -ուղիղ եթերում հայտարարել է Թորոսյանը։

Նա նաև հիշել է իր նախկին հայտարարությունը դիմակ չկրելու մասին և նշել, որ անցած կարանտինային 4 ամիսները և հիվանդության դեմ պայքարը թույլ են տվել հասկանալ, որ այդ հայտարարությունը սխալ է եղել, և այժմ հանրային վայրերում դիմակ կրելը նվազեցնում է վարակի տարածումը։

Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին…

Gepostet von Arsen Torosyan am Mittwoch, 10. Juni 2020