«Բռնում են կիլկիներին, իսկ խոշոր շնաձկները ազատության մեջ են». ըստ քաղաքագետի՝ կոռուպցիան վերացել է միջին և ցածր օղակներում

«Բռնում են կիլկիներին, իսկ խոշոր շնաձկները ազատության մեջ են». ըստ քաղաքագետի՝ կոռուպցիան վերացել է միջին և ցածր օղակներում
«Բռնում են կիլկիներին, իսկ խոշոր շնաձկները ազատության մեջ են». ըստ քաղաքագետի՝ կոռուպցիան վերացել է միջին և ցածր օղակներում

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

– Պարո՛ն Համբարյան, Նիկոլ Փաշինյանը մեծ ասուլիս տվեց ու հայտարարեց, որ ինչ առաջնահերթություն  եր կարծիքով՝ արդյոք կառավարությունն իր առջև դրված բոլոր պարտավորությունները կատարե՞լ է։

– Կոռուպցիայի դեմ պայքարի առումով, իրոք, իշխանություններին հաջողվել է քիչ թե շատ հաջողությունների հասնել։ Սակայն պետք է նշեմ, որ այդ կոռուպցիան վերացել է միջին և ցածր օղակներում, խոշոր օղակներում չի վերացել։ Գոնե ես իմ օրինակով կարող եմ զարմանքով նշել, որ եթե նախկին կառավարության օրոք Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտորը բացահայտ պաշտպանվում էր նախկին իշխանությունների կողմից, որը բազմաթիվ խոշոր կոռուպցիոն սկանդալների կիզակետում է, այս իշխանությունների օրոք ևս կարծես թե հովանավորվում է, և բազմաթիվ բացահայտումների մեջ դուք նրա անունը չեք գտնի։ Այսինքն՝ խոշոր կոռուպցիոն երևույթների պահով կարող եմ ասել, որ բռնում են կիլկիներին, իսկ խոշոր շնաձկները ազատության մեջ են։

Ինչ վերաբերում է մենաշնորհների դեմ պայքարին, ապա պետք է նշեմ, որ հասարակությունն իր մաշկի վրա այդ պայքարի արդյունքները չի տեսել։ Նույն շաքարավազը ինչ գնով կար, այդ գնով էլ հիմա է վաճառվում, այն դեպքում, երբ ընդամենը Գյումրիից 60 կմ հեռավորության վրա գտնվող վրացական Նինոծմինդայում մեկ կգ շաքարավազը բավական էժան է, քան Գյումրիում։ Նույնը վերաբերում է մյուս ապրանքներին՝ սննդամթերք, բենզին և այլն։ Որևէ մեկս մեր մաշկի վրա զգացե՞լ ենք մենաշնորհի վերացման արդյունքը։

Երբ մենաշնորհը վերացնում են, մեխանիկորեն պետք է տեղի ունենա նաև գնանկում, քանի որ մենաշնորհն է պահպանում գների բարձր մակարդակը։ Հայաստանի պարագայում, բացի բանանից, ոչ մի ապրանք, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքը, չի էժանացել։ Ես՝ որպես ՀՀ սովորական քաղաքացի, իմ մաշկի վրա չեմ զգացել մենաշնորհի դեմ պայքարի արդյունքը։ Իսկ ինձ համար մենաշնորհի դեմ պայքարի գլխավոր արդյունքը համապատասխան ապրանքների էժանացումն է՝ պայմանավորված մրցակցությամբ։ Հայաստանի պարագայում այդ մրցակցության արդյունքը ոչ միայն ոչ ոք իր մաշկի վրա չզգաց, այլև որոշ ապրանքատեսակներ կտրուկ թանկացան՝ մսամթերքը, կաթնամթերքը, բանջարեղենը։

Ինչ վերաբերում է ստվերի դեմ պայքարին, ապա այստեղ էլ մենք իմացել ենք միայն այն թվերը, որոնք նշեց Նիկոլ Փաշինյանը։ Այլ աղբյուրներից մենք ստվերի դեմ պայքարի վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չունենք։ Այնպես որ, վարչապետի նշած ոլորտներում, եթե անգամ կան որոշակի դրական կողմեր, ապա դա 6 ամիսների համար շատ թույլ է։ Հասարակությունն ավելին է սպասում, առավել ևս՝ մենաշնորհների դեմ պայքարի ոլորտում, քանի որ հենց կոռուպցիան և մենաշնորհներն են, որ առնչվում են ՀՀ հասարակ քաղաքացիներին։ Այդ երևույթների դեմ պայքարը պետք է ավելի «մարտական» տեղի ունենա, որպեսզի հասարակությունն իր մաշկի վրա զգա դրա դրական կողմերը։ Կրկնում եմ՝ կոռուպցիայի դեմ են պայքարում, բայց խոշոր կոռուպցիոն մեխանիզմների մեջ ներգրավված նախկին չինովնիկներից մեկը Շիրակի մարզում ազատության մեջ շրջում է։ Մենաշնորհների դեմ պայքարում են, բայց հասարակությունը այդ պայքարի պտուղները չի վայելում, ճիշտ հակառակը, ապրանքների գներն աճում են։ Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացու, նաև կարևոր է ներդրումների ոլորտը, որը, որքան նկատում եմ, վատ վիճակում է։ Դա ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները։

– Ձեր կարծիքով՝ ընտրություններից հետո ներդրումների համար ավելի կայուն դա՞շտ կստեղծվի։

– Խոշոր ներդրողները, ընդհանրապես ներդրում անողները, ձեռներեցները հիմա սպասում են ընտրություններին։ Բայց խնդիրն այն է, որ մենք պետք է ձևավորենք իրավական պետություն, որ այսուհետ ներդրողը չնայի, թե ո՛վ է Հայաստանում գալիս իշխանության։

Ներդրողը պետք է իրեն ապահովագրված զգա, ինչպես ապահովագրված է զգում ԵՄ երկրներում, ԱՄՆ-ում ու Կանադայում։ Եթե մենք ձևավորենք այնպիսի երկիր, որտեղ ներդրողը պետք է նայի, թե ո՛վ է գալիս իշխանության, նոր ներդրում անի, ուրեմն ես կարող եմ ասել, որ այդ երկիրը ձախողված է։

Ցավոք, 27 տարիների ընթացքում և իշխանափոխության արդյունքում մենք նկատեցինք, որ թույլ ոտքերի վրա ենք կանգնած։ Այսինքն՝ ամեն մի իշխանափոխություն կարող է կատաստրոֆիկ, ծայրահեղ վատ հետևանքներ ունենալ Հայաստանի ներդրումային դաշտի և տնտեսության վրա։ Թավշյա հեղափոխությունը ցույց տվեց, որ արտաքին խոշոր խաղացողները ևս սպասում են ընտրությունների արդյունքներին, քանի որ նկատվում է, որ մենք չունենք կոնկրետ ընդունված համապետական արտաքին քաղաքական դոկտրին։ Այսինքն՝ սպասում են, որ իշխանությունը փոխվեց, հաջորդը որ գա տեսնենք՝ ի՛նչ արտաքին քաղաքականություն պետք է վարի։ Այս բոլոր հարցերին մեր իշխանությունը պետք է պատասխաններ տա։

Ինձ նաև զարմացնում է, որ պարոն Փաշինյանը շատ ծանր է տանում իր թիմակիցների հասցեին քննադատությունը։ Նա պետք է հասկանա, որ եթե իր թիմակիցներից շատերը ոչ պրոֆեսիոնալ են և այս 6 ամիսների ընթացքում նոր բան չսովորեցին, ուրեմն նրանք խնդիրներ են ստեղծում կոնկրետ իր համար։ Այդ քննադատությունը շատ օբյեկտիվ է։

– Պարո ՛ն Համբարյան, եթե ամփոփենք, հունվարի 1-ից հետո ինչպիսի՞ իրավիճակ ենք ունենալու տնտեսության զարգացման առումով, թե՞ մարտահրավերներն ավելի կխորանան ու նոր մարտահրավերների առջև կկանգնենք։

– Եթե Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո ներդրումային դաշտը Հայաստանում չկայունանա, մենք չունենանք համապատասխան քանակությամբ ներդրումներ, նոր աշխատատեղերի ձևավորում, ինչպես նաև պետական բյուջեն փողեր չստացավ այդ ներդրումներից, ապա մեր վիճակը, իրոք, շատ կվատանա։

Բայց ես՝ որպես ՀՀ քաղաքացի, հույս ունեմ, որ ներդրումների պակասը և կապիտալի արտահոսքը Հայաստանից կդադարեն ԱԺ ընտրություններից հետո, երբ ներդրողները, ինչպես նաև հայաստանյան այն խավը, որ գումար ունի և ի վիճակի է ներդրումներ անելու, զգալով կայունությունը, կվերադառնան դաշտ և ակտիվ կլծվեն ներդրումներ անելու գործին։

Մանե Հարությունյան

MediaLab.am