Արցախում հիվանդանոցներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, ապահովված են սարքավորումներով և դեղորայքով

Արցախում գործող բոլոր հիվանդանոցները և բժիշկները պատերազմական իրավիճակից ելնելով աշխատում են քսանչորսժամյա ծանրաբեռնված ռեժիմով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը:
«Արցախում գործող բոլոր հիվանդանոցներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով: Ստեփանակերտում գործում են հանրապետական և մանկական հիվանդանոցները, ծննդատունը, ինֆեկցիոն հիվանդանոցը, որտեղ հիմնականում բուժում են ստանում COVID 19-ով վարակված անձինք, ինչպես նաև գործում է հոսպիտալը: Ընդհանուր առմամբ, հիվանդանոցների ծավալները բավարարում են տուժածներին և վիրավորներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար»,-ասաց նախարարը:
Նա նշել է նաև, որ դեղորայքի և սարքավորումների մասով պատերազմական գործողությունների այս մեկ ամսվա ընթացքում ընդհանրապես որևէ խնդիր չի առաջացել, հիմա էլ հիվանդանոցներն ապահովված են համապատասխան անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով: Ըստ նախարարի, պատերազմի առաջին օրերից Արցախում աշխատող բժիշկներին կամավոր միացել են բժիշկներ և՛ Հայաստանից, և՛ արտերկրից՝ Ռուսաստանից և Եվրոպայից, որոնց մի մասը արդեն հետ են գնացել, մի մասը երկրորդ անգամ են արդեն միանում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։