ՌԴ ԱԳՆ․ Լավրով-Միրզոյան հեռախոսազրույցում քննարկվել է խաղաղության գործընթացը և երկկողմ հարաբերությունները

Օգոստոսի 11-ին, Հայաստանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը:

«Միրզոյանը Լավրովին ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած շփումների մանրամասները։

Լավրովը կարևորել է Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հասնելը՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի կենտրոնական դերակատարությամբ ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում։ Նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ամբողջական կարգավորմանը։

Զրույցում անդրադարձ է եղել նաև ռուս-հայկական օրակարգի մի շարք ընթացիկ հարցերին»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ։