Բոլորս պիտի համախմբվենք և միասին բուժենք մեր վերքերը․Արսեն Թորոսյանի ուղերձը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղերձը.

Սիրելի հայրենակիցներ, Վերջին երկու ամիսների ընթացքում մենք ապրել ենք թերևս մեր կյանքի ամենաբարդ օրերը:

Հիմա, երբ գտնվում ենք հետպատերազմյան վիճակում` ցավն ավելի հաճախ է հիշեցնում իր գոյության մասին: Պատերազմը շատ խորը և ցավագին հետևանքներ է թողել բոլորիս և հատկապես իրենց որդիներին կորցրած հայրերի և մայրերի վրա: Բայց, այնուամենայնիվ, այս իրավիճակում շատ կարևոր է չկորցնել սառը, սթափ դատողությունը և պահն օգտագործել վերաիմաստավորելու մեր արժեքները: Նախ, ուզում եմ դատապարտել բռնության բոլոր դրսևորումները. այն չի եղել ու երբեք չի լինի մեր քաղաքական օրակարգում:

Բայց, ցավոք, մենք ինքներս չկարողացանք անմասն մնալ դրանից:

Դատապարտում եմ կառավարության, Ազգային ժողովի շենքերի վրա կատարած հարձակումները, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունները, ինչպես նաև հաշվեհարդար տեսնելու բոլոր կոչերը: Այս երևույթները երբեք ու երբեք չպիտի ամրապնդվեն և արմատանան մեր երկրում:

Մենք` հայերս, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում միշտ աչքի ենք ընկել մեր միասնականությամբ և մեկս մյուսին օգնելու պատրաստակամությամբ:

Սիրելի ժողովուրդ,

Այո ՛, մենք դեռ շատ մեծ վերքեր ունենք, որոնք կբուժվեն միայն, եթե բոլորս համախմբվենք` ի շահ մեր երկրի բարօրության և կայուն ապագայի: Մենք դեռ ունենալու ենք խաղաղ երկինքներ, եթե հենց այս պահին բաց թողնենք բոլոր բացասական լիցքերը, որոնցով հիմա շրջապատված ենք:

Բոլորս պիտի համախմբվենք և միասին բուժենք մեր վերքերը: