Արցախում մեկնարկել են շենք-շինություններին պատճառված վնասի գնահատման և վերականգնման աշխատանքները

Արցախում շենք-շինություններին պատճառված վնասը գնահատելու և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով կազմվել է 6 աշխատանքային խումբ, որին ընդգրկվել են Արցախի քաղաքաշինության նախարարության, Ստեփանակերտի քաղաքապետարանի և շրջանների վարչակազմերի պատասխանատուները, ինչպես նաև Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները:  

Այս մասին Արմենպրեսին ասաց Արցակի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

 «Այն բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողությունները, կատարվում են գույքագրման և վնասների չափագրման աշխատանքներ: Այսօրվանից այդ աշխատանքները մեկնարկել են»,- ասաց Թադևոսյանը՝ հավելով, որ դեռ չունեն տվյալներ, թե որքան է կազմում ընդհանուր վնասը:

Թադևոսյանը նշեց նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը ֆինանսական և նյութական  աջակցություն է ցուցաբերում, որպեսզի կարճ ժամանակում գույքային վնասները վերացվեն:

«Երեկ նրանք հայտարարեցին, որ անհրաժեշտ շինանյութը կարճ ժամանակում կբերվի, մնում է արագ ավարտել չափագրման աշխատանքերը»,- ասաց Թադևոսյանը:

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը նույնպես հայտնեց, որ այդ աշխատաքներն արդեն մեկնարկել են, զուգահեռ նաև շինարարություն է իրականացվում:

«Որոշ շենք-շինությունների մասով արդեն վնասի չափը գնահատվել է, և  պետք է կազմակերպվեն շինարարական աշխատանքները: Քանի որ ընդհանուր գույքային վնասի ծավալները մեծ են, դեռ հաշվարկը չի ավարտվել, այդ պատճառով վերջնական տվյալներ չունենք»,- ասաց Սարգսյանը:

Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի խոսքով` իրենց այդ հարցում աջակցում են թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան շինարարական կազմակերպությունները: