«ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ արցախցիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում

Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։

«Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում:

Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,- նշվում է հաղորդագրությունում: