Հայաստանը «ստրուկների ապստամբության» մեջ

Հայաստանը «ստրուկների ապստամբության» մեջ
Հայաստանը «ստրուկների ապստամբության» մեջ

Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունը հակասական ստացվեց: Առաջնությունը մեկնարկեց աներեւակայելի տեմպով ու գոլառատությամբ, բայց ավարտվեց այդ մեկնարկի համեմատ բավական անգույն եւ ոչ գոլառատ փյել-օֆ փուլով: Գերմանիան աշխարհի չեմպիոն դարձավ արժանիորեն: Համենայն դեպս, առաջնության ընթացքում որեւէ թիմ ցույց չտվեց, որ արժանի է Գերմանիայից ավելի:

Առաջնության խմբային փուլում զարմացրին լատինամերիկյան թիմերը, ինչը սակայն ամենայն հավանականությամբ պայմանավորված էր «սեփական մայրցամաքի» գործոնով, այդ թվում եւ կլիմայական հանգամանքներով:

Հազիվ թե ֆուտբոլի աշխարհի հաջորդ առաջնությունում մենք տեսնենք այն Կոլումբիան, որ տեսանք Բրազիլիայում, կամ այն Կոստա-Ռիկան, որ տեսանք Բրազիլիայում, կամ Մեքսիկան: Փլեյ-օֆի ընթացքը ցույց տվեց, որ համաշխարհային ֆուտբոլային միտումները, որ արձանագրվում են վերջին տարիներին, այդուհանդերձ պահպանվում են եւ գերակա են: Ընդհանուր բնորոշմամբ՝ դա եվրոպական ֆուտբոլի առաջատարությունն է, ինչը երեւի թե պայմանավորված է մի շարք կարեւոր հանգամանքներով՝ թե ֆուտբոլային, թե այսպես ասած մերձֆուտբոլային:

Լատինական Ամերիկայում ֆուտբոլը մնում է ժողովրդական մշակույթի մակարդակում, այն դեպքում, երբ Եվրոպայում այն վաղուց գտնվում է տնտեսական ռազմավարության բաղադրիչների շարքում, ենթակա լինելով այդ մակարդակից բխող մեթոդաբանական աշխույժ ներգործությունների: Լատինամերիկյան ֆուտբոլն այդ իմաստով, գուցե հնչի կոպիտ, բայց գտնվում է եվրոպական ֆուտբոլի մոտ «ստրկական» կարգավիճակում: Լատինամերիկացի ֆուտբոլիստները ժամանակակից ֆուտբոլին առնչվում են եվրոպական ֆուտբոլային հարթությունում: Առնչվում են ժամանակակից ֆուտբոլի թե ֆինանսական, թե մեթոդաբանական գործոնին:

Հետո, իրենց հավաքականներում, այդ ֆուտբոլիստները յուրօրինակ «ապստամբություն» են կազմակերպում ստրկատերերի դեմ: Ու լինում են կարճ ժամանակահատվածներ, երբ այդ «ապստամբությունները» հաջողում են, սակայն դրանք երկար արդյունք չեն ունենում, քանի որ հաջորդ քայլի առումով Լատինական Ամերիկան դեռեւս հեռու է անհրաժեշտից: Այն է՝ «ստրուկներն» ապստամբում են, բայց դեռեւս ունակ չեն կազմակերպել իրենց համակարգը, մշակել ֆուտբոլային իրենց ռազմավարությունը: Դրա համար էլ հաջողությունը լինում է հատվածական եւ կարճաժամկետ՝ Եվրոպան կրկին վերցնում է իրենը:Կարդալ ավելին