Առաջիկա մեկ շաբաթում Արցախի ողջ տարածքում կվերականգնվեն էլեկտրամատակարարումը և կապը․ Խորհրդակցություն Հարությունյանի մոտ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 26-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հանրապետությունում ստեղծված իրավիճակը և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի ընթացքը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բնակչության վերադարձին զուգահեռ պետք է շարունակել բոլոր ջանքերի գործադրումը բնականոն կյանքի վերականգնման համար:

Այդ համատեքստում կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունների պատասխանատուները, «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրենը:

Մասնավորապես նշվել է, որ առաջիկա մեկ շաբաթում հանրապետության ողջ տարածքում կվերականգնվեն էլեկտրամատակարարումը և կապը: Էլեկտրաէներգիայի, բնական գազի և կապի (բջջային և ինտերնետ) օգտագործումը սահմանափակ ծավալով կլինի անվճար: