Ադրբեջանի հետ ԼՂ-ի շուրջ շփումներ մշտապես իրականացվում են․ Պեսկով

Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ շփումները մշտապես են իրականացվում՝ եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ծրագրվում է որևէ բանակցություն ադրբեջանական կողմի հետ, ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոսկովյան հանդիպումից հետո։

«Ադրբեջանական կողմի հետ շփումները շարունակվում են մշտապես։ Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրականացումը չափազանց կարևոր է և այլընտրանք չունի։ Եվ դրանց իրագործման շրջանակում էլ շփումներ են հաստատվում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ»,- ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նաև պարզաբանել է, որ հուլիսի 7-ին կայացած ռուս-հայկական բանակցությունների ընթացքում  երկու երկրների ղեկավարները «մանրամասն խոսել են երկկողմ հարաբերությունների մասին»։

«Քննարկվել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացման նրբությունները և, բնականաբար, առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ հարցեր»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Աղբյուր՝ Factor.am