Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը մարդասիրական օգնություն է տրամադրում պատերազմից տուժած Արցախի բնակչությանը

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիան Արցախի դեմ հանգեցրել է հումանիտար լուրջ ճգնաժամի, միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումների՝ մասնավորապես կյանքի, առողջության, երեխաների, գույքի իրավունքների ոտնահարման, խաղաղ բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման և զոհված զինվորների մարմինների խոշտանգման: Պատերազմի ընթացքում թիրախավորվել և վնասվել են ռազմական օբյեկտներից հեռու գտնվող քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները:

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, հավատարիմ մարդու իրավունքների պաշտպանության իր առաքելությանը, պատերազմի առաջին օրերից խստորեն դատապարտել է հակամարտության լուծումն ագրեսիայի և քաղաքացիական բնակչության նկատմամբ ուժի կիրառման միջոցով: Հիմնադրամը, քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների հետ, համատեղ հայտարարություններով ու նամակներով դիմել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան համայնքին` պահանջելով դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան, դատապարտել Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակումները և մարդու իրավունքի կոպտագույն խախտումներին տալ պատշաճ գնահատական:

ԲՀՀ Հայաստանն աջակցում է նաև երկրի առաջատար իրավապաշտպաններին և իրավաբաններին՝ ապահովելու պատերազմական հանցագործությունների հետևանքով տուժած անձանց համար արդարադատության մատչելիությունը։ Այս նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք կօգնեն վերականգնել Արցախի և Հայաստանի՝ պատերազմից տուժած շրջանների մարդկանց իրավունքները՝ միջազգային դատարաններում իրավական գործընթացներ սկսելու, իրավապաշտպան միջազգային մեխանիզմների օգտագործման և պատասխանատուներին պատասխանատվության կանչելու միջոցով։

Այս աշխատանքներին զուգահեռ ԲՀՀ – Հայաստանը ֆինանսավորում է մարդասիրական ծրագրեր՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում իրենց բնակավայրերը լքած և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված ընտանիքներին աջակցելու նպատակով: Հիմնադրամը, պետական կառույցների ու հասարակական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությամբ, գնահատում է տեղահանված անձանց, մասնավորապես երեխաների, կանանց ու տարեցների կարիքները՝ նրանց թիրախային ու հրատապ աջակցություն տրամադրելու համար: ԲՀՀ Հայաստանը մինչ օրս ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել՝ Արցախից տեղափոխված ընտանիքներին օգնելու համար: Այդ օգնությունն առաջնահերթ կերպով ուղղված է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց ապահովելու կենսաապահովման նվազագույն պայմաններով՝ սնունդով, հագուստով, ջեռուցմամբ, դեղորայքով, գրենական պիտույքներով, ինչպես նաև հիգիենայի պարագաներով՝ կանխելու նրանց շրջանում ԿՈՎԻԴ-19 համավարակի տարածումը:

Հիմնադրամի դրամաշնորհով Գորիսում ու հարակից համայնքներում ժամանակավոր ապաստան գտած կանանց ու երեխաներին տրամադրվել է սնունդ, հագուստ, հիգիենայի միջոցներ, գրենական պիտույքներ: Նմանատիպ օգնության փաթեթներ են տրամադրվել Գեղարքունիքի մարզում ապաստանած ավելի քան 400 արցախցիների: Երևանում և մարզերում գտնվող շուրջ 800 ընտանիքների հատկացվել է մեկ ամսվա համար նախատեսված սնունդ ու հիգիենայի պարագաներ:

Հիմնադրամը, համագործակցելով Առողջապահության նախարարության հետ, ֆինանսավորել է նաև ռազմական գործողությունների առաջնագիծ մեկնած բժիշկների համար տաք սնունդի, ծածկոցների ու անձրևանոցների առաքումը: Մարդասիրական ծրագրերից բացի, ԲՀՀ Հայաստանն աջակցել է նաև պատերազմը լուսաբանող լրագրողների անվտանգության ապահովմանը: Հիմնադրամի դրամաշնորհով ձեռք են բերվել զրահաբաճկոններ և սաղավարտներ, որոնք անվճար տրամադրվել են առաջնագծում աշխատող ԶԼՄ ներկայացուցիչներին: Պատրաստվել են ռազմական դրության պայմաններում բնակչության քաղաքացիական պաշտպանության մասին իրազեկող նյութեր, կազմակերպվել տասնյակ առցանց քննարկումներ:

Ներկայում Հիմնադրամը գործընկեր կազմակերպությունների հետ ընդլայնում է հումանիտար ճգնաժամի հետևանքները մեղմելու ու տեղահանված անձանց թիրախային օգնություն տրամադրելու ծրագրերը՝ սերտ համագործակցելով պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ:

Այս մասին տեղեկացնում են Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանից։