Անտեսված է մի ամբողջ ժողովուրդ, որը չի կարողանում վերապրել հոգեբանական այս սարսափելի հարվածները. Իրավապաշտպան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը գրում է.

«Ո՞նց բացատրել երկրի ղեկավարին, որ ոչ թե հողերի, այլ մարդկանց հարցն է, մարդկանց, որոնց համար այս պատերազմը իրական մսաղաց էր։

Մարդկային կյանքն է բարձրագույն արժեք, որի պահպանման և արժանապատիվ կյանքի համար պետք է ամեն ինչ անել։

Ցավոք, մարդիկ այժմ էլ անտեսված են։ Անտեսված են զինծառայողները, որոնց ծնողները օր ու գիշեր կառավարության շենքի առջև են, անտեսված են ռազմագերիները, որոնց վերաբերյալ պետությունը չի կարողանում նույնիսկ բավարար տվյալներ հավաքագրել, անտեսված են որպես տեղահանվածներ, որոնք սեփական միջոցներով բեռնատար են վարձում ու փորձում են տեղափոխվել հանձնվող տարածքներից Հայաստան ու էլի չգիտեն, թե որտեղ պետք է ապրեն։

Անտեսված են կանայք, որոնց ամուսինները զինծառայողներ են, ու դեռ շարունակում են իրենց ծառայությունը, անտեսված են երեխաները, որոնք կորցրել են հարազատներից ոմանց և ծանր հոգեբանական վիճակում են․․․

Անտեսված է մի ամբողջ ժողովուրդ, որը չի կարողանում վերապրել հոգեբանական այս սարսափելի հարվածները։
Եվ այժմ էլ ես նույն հարցն եմ տալիս, որը տալիս էի պատերազմի վերսկսման առաջին իսկ օրը, երբ բոլորը ոգևորված գոռում էին ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ։
Ի՞նչ է արվել պատերազմը կանխելու և մարդկային կյանքերի պահպանման համար։
Այդ հարցադրման պատասխանը մինչ այժմ չի հնչել»։