Արա Այվազյանը հեռախոսով զրուցել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսով զրուցել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Այդ մասին տեղեկացնումեն ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Ընդունելով իտալացի գործընկերոջ շնորհավորանքները ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Այվազյանը հույս է հայտնել, որ երկուստեք ջանքեր կներդրվեն հայ-իտալական երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։ ՀՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից գերության մեջ հայտնված անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումների առնչությամբ:

Անդրադառնալով Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներին և հարևան տարածաշրջաններում իրականացվող ապակայունացնող քաղաքականությանը՝ նախարար Այվազյանը նշել է, որ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում նույնպես վերջինս ունեցել է ամենաանմիջական մասնակցություն ինչպես Ադրբեջանին ցուցաբերած անվերապահ ռազմաքաղաքական աջակցության, այնպես էլ Մերձավոր Արևելքից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման ձևով:

Հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն է մնում Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի լիարժեք և արդար իրացումը: Երկուստեք կարևորվել է խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: