Ժողովրդի հաղթանակ, թե իշխող ուժի պարտություն․ ինչպես է իշխանությունն արձագանքում ընտրության արդյունքներին․ FIP.am

«Սիրելի ժողովուրդ, եթե դուք որոշեք, որ մենք պետք է հեռանանք, մենք կհեռանանք, եթե դուք որոշեք, որ մենք պետք է մնանք, մենք կմնանք»
Նիկոլ Փաշինյան, 11․06․2021 թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ խոստումներ հաճախ է տվել, սակայն ընտրություններին հաջորդած իրադարձությունները ցույց են տալիս, որ մի շարք համայնքներում պարտված իշխանությունը ձերբակալությունների, սպառնալիքների կամ սաբոտաժի միջոցով փորձում է խոչընդոտել նոր համայնքային իշխանությունների ձևավորմանը։

Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Հայաստանի 36 խոշորացված համայնքներում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ՔՊ) առաջադրվել էր դրանցից 35-ում․ բացառություն էր կազմում Սևան խոշորացված համայնքը։ Այս համայնքներից 24-ում իշխող ուժը հաղթեց մրցակիցներին, ընդ որում՝ 15-ում հավաքեց ընտրողների ձայների կեսից ավելին և առանց դժվարության հնարավորություն ստացավ ստանձնել համայնքի կառավարումը։

Մնացած տեղամասերում ՔՊ-ն պարտվել է, կամ էլ դրա հաղթանակը միանշանակ չի եղել (հավաքել է 50%-ից քիչ ձայն և կարող է ղեկավարել կոալիցիա կազմելով)։ Ընտրություններին հաջորդած իրադարձությունները թույլ են տալիս եզրակացնել, որ իշխող ուժը դժվարությամբ է ընդունել որոշ համայնքներում իր (հնարավոր) պարտությունը և խոչընդոտներ է ստեղծել համայնքային իշխանության ձևավորման համար։

Այսպես, Վանաձորում առաջադրված 10 քաղաքական ուժերից ամենից շատ ձայներ ստացավ նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը (38․7%)։ Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» էր՝ 25%-ով, երրորդում՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 14․5%-ով։ Սա նշանակում էր, որ Մամիկոն Ասլանյանի՝ Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար դառնալու շանսերը բավականին մեծ էին։ 

Սակայն ընտրություններից մի քանի օր անց՝ դեկտեմբերի 15-ին, Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց պաշտոնեական լիազորությունների չարաշահման, լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքներով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նախկին քաղաքապետը վերջին 5 տարիներին փոխել է Վանաձորի մի քանի հասցեների հողամասերի նշանակությունը՝ չունենալով դրա լիազորությունը։ Հատկանշական է, որ այս քրեական գործը հարուցված էր եղել դեռևս սեպտեմբերի 14-ին, սակայն Ասլանյանը ձերբակալվեց և կալանավորվեց միայն ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի ղեկավարի ամենահավանական թեկնածուն հենց նա է։

Վարդենիսում առաջադրված բոլոր կուսակցությունները հավաքեցին բավականաչափ ձայներ ավագանու կազմում ներկայացուցիչներ ունենալու համար, սակայն ամենից շատ ձայներ ստացավ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 46․1%։ Երկրորդ և երրորդ տեղերում էին, համապատասխանաբար, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը՝ 37․3% և «Միասնական Վարդենիս» կուսակցությունը՝ 16․5% ձայներով։ 

Ընտրություններից երկու օր անց՝ դեկտեմբերի 7-ին, «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքն ու «Միասնական Վարդենիս» կուսակցությունը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով տեղեկացրին, որ պատրաստվում են կոալիցիա կազմել և միասին ստանձնել քաղաքի կառավարումը։ Որպես համայնքի ղեկավարի ամենահավանական թեկնածու նշվում էր «Միասնական Վարդենիսի» ցուցակը գլխավորող, նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանի անունը։

Հայտարարությունից երկու օր անց Արամ Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, խարդախությունը և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նույն օրը Հարությունյանը կալանավորվեց։

Ի դեպ, ընտրություններից հետո այս երկու համայնքներում ավագանու առաջին նիստը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 20-ին, որի ընթացքում էլ պետք է ընտրվեին համայնքների ղեկավարները, սակայն նիստերը դեռ չեն կայացել, և մինչ օրս Վանաձորում ու Վարդենիսում համայնքի ղեկավարի ընտրության հարցն առկախված է։

Թալինում ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացավ ընտրողների ձայների 46․6%-ը։ Մյուս երեք կուսակցությունները՝ «Զարթոնքը», «Հայքն» ու «Մեր Համայնքը», ստացան ձայների, համապատասխանաբար, 26․7, 15 և 11․7 տոկոսը։ Սա նշանակում էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուին անհրաժեշտ էր ավագանու ևս մեկ ձայն՝ համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար։ Չնայած սրան՝ մյուս երեք կուսակցություններն ընտրություններից երկու օր անց հայտարարություն տարածեցին, որում նշեցին, որ պատրաստվում են կոալիցիա կազմել (ընդհանուր՝ 53.4%) և միասին ստանձնել համայնքի կառավարումը, իսկ որպես Թալինի ղեկավարի թեկնածուի՝ առաջադրելու և պաշտպանելու էին «Հայքի» ներկայացուցչին։ Սա նշանակում էր, որ ավագանու անդամների ձայները բաշխվում էին հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 10 ձայն, մյուս կուսակցությունների դաշինքի թեկնածու՝ 11 ձայն։ Սակայն դեկտեմբերի 17-ին ավագանու անդրանիկ նիստի ընթացքում կուսակցությունների միասնական թեկնածու Կարեն Գրիգորյանը հրաժարվեց իր թեկնածությունից և, չնայած կոալիցիա կազմած կուսակցություններն առաջարկեցին նոր թեկնածու, Կարեն Գրիգորյանն իր ձայնը տվեց ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանին, և վերջինս Թալին խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց մեկ ձայնի տարբերությամբ։

Ի դեպ, ավագանու նիստի ողջ ընթացքում Թալինի համայնքապետարանի շենքը շրջափակված էր մեծաթիվ ոստիկանական ուժերով, և նույնիսկ խոչընդոտվում էր լրագրողների մուտքը ավագանու նիստերի դահլիճ։

Դեպքերի նմանատիպ զարգացման մասին էին ահազանգում նաև Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու ընդդիմադիր թեկնածուները։ ՔՊ-ն այստեղ ստացել էր ձայների 48․2%-ը, «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը՝ 30%-ը, իսկ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 21․8%-ը։ Ընտրությունների հաջորդ օրը վերջիններս հանդես եկան համագործակցության մասին հայտարարությամբ, ըստ որի՝ Ախուրյան համայնքում պետք է միասնաբար ձևավորեին տեղական իշխանություն։ Ըստ այդմ՝ ՔՊ-ն կստանար ավագանու 13 մանդատ, իսկ ընդդիմադիր դաշինքները միասին՝ 14 մանդատ։ Ընդդիմադիր կոալիցիայի միասնական թեկնածուն դաշնակցական Արծրունի Իգիթյանն էր։

Սակայն այս որոշումից հետո ՀՅԴ «Շիրակ» մարզային կոմիտեն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ իշխող ուժը ձայների այս բաշխվածությունը փորձում է փոխել հօգուտ իրեն՝ օգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր միջոցները՝ ուժի կիրառման, կեղծիքի, սպառնալիքի և ստի միջոցով ստիպել ավագանու անդամներին փոխել իրենց որոշումը և քվեարկել ՔՊ-ի թեկնածուի օգտին։ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Ալբերտ Այվազյանը հերքեց այդ մեղադրանքները և պնդեց, որ ճնշում գործադրողը հենց դաշնակցականներն են։ 

Ի վերջո՝ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավագանու նիստում ձայների 14/13 հարաբերակցությամբ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց ընդդիմադիրների միասնական թեկնածու Արծրունի Իգիթյանը։ Այստեղ ևս ավագանու նիստը հսկում էին մեծ թվով ոստիկանության ծառայողներ։

Բավականին բուռն էին հետընտրական գործընթացները նաև Վեդիում և Ամասիայում։

Վեդի խոշորացված համայնքում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել էր ընտրողների ձայների 44․1%-ը, ՔՊ-ն՝ 39․1%-ը, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 16․8%-ը։ Սակայն դեկտեմբերի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների  համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուները ինքնաբացարկի դիմում ներկայացրին, որով փաստացի վիժեցրին համայնքային իշխանություն ձևավորելու գործընթացը։ ՔՊ-ի առաջին համար Գարիկ Սարգսյանն այս որոշումը հիմնավորեց նրանով, որ իրենց և «Հանրապետություն» կուսակցությանը չի հաջողվել կոալիցիա ձևավորել, ինչի պատճառով էլ նպատակահարմար են գտել վայր դնել մանդատները։ Արդյունքում Վեդի խոշորացված համայնքում տեղի կունենան նոր ՏԻՄ ընտրություններ։

Ամասիայում պատկերը փոքր-ինչ այլ էր։ Այստեղ ընտրողների ձայները բաշխվել էին հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագրին»՝ 38,8%, «Ամասիա-Արփի» կուսակցությունների դաշինքին՝ 38․3%, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ 22․3%։ 

Սակայն ընտրություններից մի քանի օր անց «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները, դժգոհ լինելով ընտրությունների արդյունքներից, տարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրին ինքնաբացարկի դիմումները՝ հայտարարելով, որ իրենց հաղթանակը վաճառվել է, և պահանջելով նոր ընտրություններ։ 

Չնայած ՔՊ-ի ավագանու անդամների ինքնաբացարկի դիմումներին՝ Ամասիայում համայնքի ղեկավար ընտրվեց «Ամասիա-Արփի» կուսակցությունների դաշինքի թեկնածու Ջեմմա Հարությունյանը։

Վերը նշված օրինակները ցույց են տալիս, որ համոզիչ չեն իշխող քաղաքական ուժի հավաստիացումները, թե արժանապատվորեն կընդունեն ընտրությունների արդյունքները, եթե ժողովուրդը դրանով որոշի, որ նրանք պետք է հեռանան։ Վերջին համայնքային ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» 50%-ից քիչ ձայներ է ստացել 21 համայնքներում, որոնցից առնվազն 6-ում ոչ իշխանական կառավարում ձևավորելուն խոչընդոտել է կամ փորձել է խոչընդոտել կալանավորումների, սաբոտաժների, ստվերային պայմանավորվածությունների կամ սպառնալիքի միջոցով։

Փաստերի ստուգման հարթակ