Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին փոխանակվել ռազմագերիներով ու բոլոր ականապատ դաշտերի քարտեզներով

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորինս արագ վերացնել հումանիտար ոլորտում առկա «գրգռիչները»: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին փոխանակել ռազմագերիներին` բոլորը բոլորի դիմաց սկզբունքի համաձայն  ու բոլոր ականապատ դաշտերի քարտեզներով»,- ասել է Մարիա Զախարովան:

Նաև ռուսական կողմը պնդում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ բանակցությունները հնարավորինս շուտ սկսելու անհրաժեշտության վրա: Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ խորհրդատվական օգնություն ցուցաբերել:

Խոսելով վերջերս փոխվարչապետերի մասնակցությամբ Մոսկվայում եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման մասին՝ Զախարովան նշել է, որ կողմերին հաջողվել է վերադառնալ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մոտեցումների գործնական քննարկումներին:

Աղբյուր՝ Factor.am