ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում․ Տեսանյութ

Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ֆրանսուազ Դյումայի հանդիպումը, որին ներկա էին նաև Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդի պատգամավորները:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների բարեկամական առանձնաշնորհյալ բնույթը՝ խարսխված դարերի խորքից բխող ավանդույթների և ընդհանուր արժեհամակարգի վրա:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ կատարվեց Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:

Նախարար Այվազյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի ԱԺ կողմից օրեր առաջ ընդունված բանաձևը՝ որպես կարևոր հանգրվան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման գործընթացում: 

Անդրադառնալով Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավվածությամբ իրականացված ադրբեջանական ագրեսիային՝ նախարար Այվազյանը բարձր գնահատեց պատերազմի առաջին օրվանից Ֆրանսիայի և ֆրանսիական ժողովրդի համերաշխությունն Արցախին և հայ ժողովրդին: 

Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար աղետի հասցեագրման հրատապությանը՝ նախարար Այվազյանն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծումը, արցախահայության իրավունքների և շահերի վերականգնումը և պաշտպանությունը: Երկուստեք ընդգծվեց նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանման կարևորությունը: